ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՁԳՎՈՒՄ Է ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մարտից հայտարարված արտակարգ դրության ժամկետն օգոստոսի 12-ից կերկարաձգվի եւս մեկ ամսով, բայց մի շարք սահմանափակումներ կվերանայվեն, օրինակ՝ հանրահավաքների ու հանրային միջոցառումների արգելքները: Այս մասին երեկ՝ պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ, հայտնեց պարետ Տիգրան Ավինյանը։

 

«Վերանայվելու է օտարերկրյա քաղաքացիների մուտքի հնարավորությունների հարցը, վերանայվելու են ապրանքների արտահանման որոշակի սահմանափակումներ, վերանայվելու են հանրահավաքներ անցկացնելու հարցերը, վերանայվելու են հանրային միջոցառման հարցերը», – նշեց նա:

Ճեպազրույցի ժամանակ բանախոսներին հարց ուղղվեց ուսումնական պրոցեսի վերականգնման մասին: Ի վերջո, ուսումնական տարվան հաշված օրեր են մնացել, պարետատունը մշակել է նաեւ ուսումնական հաստատությունները վերաբացելու մոդելներ, որոնք կհրապարակվեն օգոստոսի 12-ին: «Ամսի 12-ին արդեն վերջնական ամբողջական լուծումները՝ ե՛ւ ոլորտային վերաբացումների հետ կապված, ե՛ւ հանրային միջոցառումների հետ կապված, ե՛ւ հանրահավաքների հետ կապված, ե՛ւ օտարերկյա քաղաքացիների մուտքի հետ կապված, ե՛ւ մեր քաղաքացիների, ովքեր պետք է մեկնեն արտագնա աշխատանքի, նրանց խնդիրների հետ կապված, կարծում եմ, մենք բոլոր լուծումներն արդեն կհայտարարենք»:

Հունիսյան ծանր դրությունից հետո առաջին անգամ ակտիվ բուժվող կորոնավարակակիրների թիվը պակաս է 8 հազարից. հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մտահոգվելով, որ քաղաքացիները նահանջող թվերից ոգեւորված չեն պահպանում անվտանգության կանոնները: Եվ  չնայած վարակվածության նահանջող ցուցանիշին՝ համաճարակային առումով իրավիճակը բարդ է, եւ դրա մեղմացումն ու հաղթահարումը հնարավոր է միայն հանրության ու կառավարության համագործակցության դեպքում։ «Անվտանգության կանոնների պահպանման պահանջը ուժի մեջ է, ինչպես նաեւ տուգանքները»,- ասաց վարչապետը: «Համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետությունում բարդ, եւ եթե մեր արձագանքն այս իրավիճակին չլինի պատշաճ այն առումով, որ մենք առավել մեծ ջանքեր գործադրենք հակահամաճարակային կանոնները պահպանելու ուղղությամբ, մենք կարող ենք նորից իրավիճակը ետ գլորել դեպի հուլիսի առաջին շաբաթվա իրավիճակը, որը, ինչպես հայտնի է, մեր համաճարակային իրավիճակի պիկն էր եւ գագաթնակետը»:

Անվտանգության կանոնները խստիվ պահպանելու կոչ արեց նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ շեշտելով` նույնիսկ ցածր ցուցանիշի դեպքում չպետք է թուլացնել զգոնությունը։ Երեկ թեստավորված 1848 քաղաքացուց 288-ն են վարակված եղել։ Մահացել է երկու մարդ։ Թորոսյանի փոխանցմամբ` ծայրահեղ ծանր է 68 հիվանդ. «Մեր ամենավատ օրերին մենք ունեինք մոտավորապես 650 քաղաքացի, որոնք ծանր էին եւ ծայրահեղ ծանր: Այդ թիվն այս օրերին տատանվում է արդեն 350-ի շրջանակներում: Մենք ունենք 300 քաղաքացի՝ ծանր վիճակում, եւ 68 քաղաքացի՝ ծայրահեղ ծանր վիճակում, եւ թոքերի օդափոխության սարքերին միացված 24 քաղաքացի»:

Ցուցանիշների նվազման արդյունքում կրճատվել է նաեւ կորոնավարակակիրներին բուժող հիվանդանոցների թիվը.: «Արդեն ունենք այս պահի դրությամբ 15 գործող բժշկական կենտրոն, որոնք զբաղվում են կորոնավիրուսային հիվանդությամբ՝ նախկին 20-ի փոխարեն: Մենք ունենք կայունացող եւ դեպի լավ գնացող իրավիճակ, եւ երբ որ մենք հետահայց ենք նետում այն պահից, երբ որ մենք սկսեցինք ունենալ իջեցող թվեր, տպավորություն է, եւ հաշվարկները ցույց են տալիս, որ մենք շաբաթական կտրվածքով ունենում ենք մոտավորապես 50-100 նվազ դեպք մեկ օրվա հաշվարկով, քան նախորդ շաբաթ, եւ այդ իրավիճակը եթե մենք կարողանանք պահպանել` պահպանելով կանոնները, մենք, այո, իրական շանս ունենք եթե ոչ զրոյացնելու կորոնավիրուսային հիվանդության արձանագրվող նոր դեպքերը, ապա այնքան իջեցնելու, որ համարենք, որ այն այդ պահին առնվազն մեզ համար այլեւս հանրային առողջապահական խնդիր չէ»:

Հավելենք, որ Հայաստանում մինչ այս պահը կորոնավիրուսից մահացել է 770 հոգի։ Վարակվածների թիվը մոտենում է 40 հազարին։ Այս պահին բուժվում է 7 հազար 738 վարակակիր։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԱՎԱՐՏՎԵՑ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի եւ «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է: Այս  մասին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:  Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա.Դանիելյանին հարված հասցնելու պահին Ա. Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, որպիսի հանգամանքը հաստատվել է քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով: Նման պայմաններում 2020թ. հուլիսի 30-ին որոշում է կայացվել Ա. Սիմոնյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Վարույթն իրականացնող մարմինը, ձեռք բերված ապացույցները բավարար համարելով քրեական գործով մեղադրական եզրակացություն կազմելու եւ գործը դատարան ուղարկելու համար, այդ մասին հայտնել է տուժողին եւ նրա ներկայացուցչին,  մեղադրյալին ու նրա պաշտպանին՝ նրանց տրամադրելով քրեական գործի նյութերը ծանոթանալու համար»,- ասված է Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

 

 

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուրկինա Ֆասոյի նախագահ Ռոք Մարկ Քրիստիան Կաբորեին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։  Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

 

ԱՊԱՄՈՆՏԱԺՎՈՒՄ ԵՆ

«Ձկան խանութի» գետնանցումը վերադարձվում է համայնքին եւ բարեկարգվում։ Այս մասին հայտնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ «Ապամոնտաժվում են Սուրբ Գր. Լուսավորչի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցման ճաղավանդակները, տարածքը մաքրվում ու բերվում է պատշաճ տեսքի։ Գետնանցման տարածքի զգալի մասը ժամանակին տրվել էր մասնավորի, այժմ այն վերադարձվել է համայնքին: Արդյունքում՝ հնարավոր է դարձել վերացնել գետնանցման հակասանիտարական վիճակը, ինչից տարիներ շարունակ բողոքել են անցորդներն ու շրջակայքի բնակիչները։ Անցման մաքրման, լվացման եւ լուսավորության աշխատանքներն ավարտելուց հետո կմշակվի տարածքի հիմնանորոգման նախագիծ»։

 

 

ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՆՎԱԶՈՒՄ

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատանքային խմբերն oգոստոսի 5-ին կրկնայց են կատարել Երեւան քաղաքի Դավթաշեն վարչական շրջան։ Վարչական շրջանի զբոսայգիներում եւ կանաչ գոտիներում պարետատան կողմից սահմանված նորմերի նկատմամբ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում գրանցվել է խախտումների նվազում։ Պահպանվել են դիմակ կրելու, հերթեր եւ կուտակումներ չառաջացնելու կանոնները, այնուամենայնիվ տարեց քաղաքացիները երբեմն չեն պահպանել 1.5 մ սոցիալական հեռավորություն։ Տեսչական մարմնի մասնագետների նախազգուշացումներից հետո թերություններն շտկվել են։

 

 

 

ԿՐԿԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը 4 օր առաջ կրկին ԱԱԾ է հրավիրել ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին: Վերջինիս ԱԱԾ հրավիրելը պայմանավորված է եղել քրեական գործով որոշակի քննչական գործողություններ իրականացնելու հետ, իսկ թե կոնկրետ ինչ քննչական գործողություններ են իրականացվել, եւ ինչ հարցեր են ուղղվել այս անգամ Աբրահամ Մանուկյանին, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Ինչպես հայտնի է, ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կալանավորվեց, իսկ ավելի ուշ ՀՀ վերաքննիչ դատարանը նրան ազատ արձակեց: Ազատ արձակելուց հետո նրան ԱԱԾ-ն կրկին կանչել է հարցաքննության: Ի դեպ, Աբրահամ Մանուկյանի դեմ միակ ցուցմունք տված անձը «Երեւանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանն է, ավելին ՝ Վազգեն Պողոսյանն ու Աբրահամ Մանուկյանը առերեսվել են, որտեղ Վազգեն Պողոսյանը նշել է, որ ընտրակաշառքի մասին որեւէ խոսակցություն չի ունեցել Աբրահամ Մանուկյանի հետ: Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից եւ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը ներկայացնելիս գլխավոր դատախազը հիշատակել էր նաեւ Աբրահամ Մանուկյանի անունը. «Հայտնաբերված փաստաթղթերի կապակցությամբ «Երեւանշին» ընկերության տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ 2017 թվականին Գագիկ Ծառուկյանը հրավիրել է իրեն եւ առաջարկել, որ մասնակցի ընտրություններին՝ պայմանով, որ պետք է ապահովի 9000 ձայն Գեղարքունիքի մարզում։ Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար դիմել է Սեդրակ Առուստամյանին եւ Աբրահամ Մանուկյանին։ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆինանսական հարցերով զբաղվել են վերջիններս»։

 

 

ՈՒՂԱՐԿԵԼ ԵՆ ՀՔԾ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ մամուլի համապատասխան հրապարակումներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, այնտեղ վերջինիս վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում այդ հանգամանքները քննարկման առարկա դարձնելու, դրանցում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքների հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Դատախազությունը հետամուտ կլինի քննությամբ ձեռք բերված արդյունքերից ելնելով համապատասխան իրավական գնահատական տալու հարցում:

 

 




Լրահոս