ԱՆՍՊԱՍԵԼԻ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ՝ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն անակնկալ կերպով մտել էին M Group ընկերություն: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է փաստաբան Սեդա Սողոմոնյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու են ոստիկանության աշխատակիցները նման գործողություններ իրականացրել:

 

«Իրականում մեզ չեն ասում, թե ինչու են իրենք եկել, եւ ասում են, թե քրեական գործ հարուցված չէ: Եվ իրենք քրեական գործի նյութեր են նախապատրաստում, սակայն որեւէ փաստաթուղթ, որեւէ թույլտվություն՝ մեր գրասենյակ մուտք գործելու, աշխատակիցների մուտքն աշխատավայր արգելելու, որեւէ օրինական թույլտվություն չեն ունեցել եւ անօրինական են մուտք գործել: Միայն վերջում են թողել, որ փաստաբանն ու տնօրենը մտնեն ներս», – նշեց նա:

M Group ընկերության փաստաբան Ամրամ Մակինյանը նաեւ հայտնեց, որ  հակառակ բազմաթիվ խնդրանքների, հորդորների՝ խուզարկությունը շարունակվեց: «Ինչո՞ւ եմ բնորոշում խուզարկություն, որովհետեւ, ըստ էության, սա խուզարկության հատկանիշներ պարունակող գործողություն է: Այո, անունը դրել են զննություն, բայց խուզարկություն է կատարվում: Զննությանը բնորոշ որեւէ գործողություն չի կատարվում, այսինքն՝ փնտրում են առարկաներ, իրեր, հիմնականում փաստաթղթեր, անգամ առանց նայելու, զննության ընթացքում դրանք ուսումնասիրել, հասկանալ, թե ինչ մասին է խոսքը»,- նշեց Մակինյանը եւ հիշեցրեց, որ ընկերության շատ աշխատակիցներ լսել են ոստիկանների հրահանգը եւ փաստաթղթեր են դրել սեղանին՝ չիմանալով, որ ունեն իրավունք հրահանգը չկատարելու, եւ ոստիկաններն առգրավել են դրանք՝ առանց ուսումնասիրելու:

«Ես տեսանյութ ունեմ, որտեղ ոստիկանները վերցնում են փաստաթղթերը եւ դնում փաթեթի մեջ, այսինքն՝ նրանց դա հետաքրքիր չէ: Սա առեւտրային կազմակերպություն է, եւ կան առեւտրային գաղտնիք պարունակող փաստաթղթեր, բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ, աշխատակիցների անձնական նոթատետրեր: Սրանց հասնելու համար Քրեական դատավարական օրենսգիրքը կոնկրետ եղանակներ է նախատեսում»,- մանրամասնեց փաստաբանը:

Մակինյանի խոսքով՝ քանի որ քրեական գործ հարուցելու հիմքեր չեն եղել, օրենքը ոտնատակ են արել: «Այստեղ օրենքի հետ բացարձակ կապ չունեցող գործողություններ են տեղի ունենում, սա աբսուրդ է: Աշխատասենյակներից փաստացի վերցվում է ամեն ինչ, այսինքն՝ այս պահից M Group ՍՊԸ-ի գործունեությունը դադարեցված է»:

Փաստաբանը նշեց, որ չի հասկանում այս գործողությունների նպատակը, սակայն տեղի ունեցողը նորմալ երեւույթ չէ, եւ ներսում եղած ոստիկանության ծառայողները հաստատ գիտեն՝ չեն կանգնելու եւ պատասխան չեն տալու իրենց գործողություննեի համար, քանի որ, ըստ փաստաբանի, ինչ ուզում են, անում են:

Լրագրողների հետ զրույցում M Group ընկերության փաստաբաններից Գեորգի Մելիքյանը ներկայացրեց իրավիճակը՝ նշելով, որ արձանագրությունից հետեւում է, որ դեպքի վայրի զննություն է կատարվել, այն սկսվել է ժամը 11:40-ից, եւ ընկերության ներկայացուցիչները պահանջել են, որպեսզի այդ գործողությանը նրանց էլ մասնակից դարձնեն:

«Պահանջել ենք ներկայացնել դատարանի որոշում, հակառակ պարագայում դադարեցնել անօրինական գործողությունը, վերջիններս հրաժարվել են մեզ մասնակից դարձնել, եւ արձանագրություն մեջ կատարվել է կեղծիք: Այնտեղ արձանագրվել է, թե իբրեւ մեր վստահորդին առաջարկվել է մասնակցել գործողությանը, սակայն նա որեւէ կերպ չի արձագանքել»,- ասաց նա:

Փաստաբանի խոսքով՝ արձանագրության մեջ նշվում է, թե  ընկերություն են եկել երկու ոստիկան, որը, նրա պնդմամբ, սխալ փաստ է, քանի որ 6-ից ավելի ոստիկան կար շենքում, որը օրենքի խախտում է:

Հարցին, թե ի վերջո իրականացվող գործողությունների նպատակը որն է, փաստաբանը պատասխանեց, որ արձանագրության մեջ նշված չէ, թե կոնկրետ ինչ հանցագործության դեպք է տեղի ունեցել գրասենյակի տարածքում, ինչ հանցագործության դեպքի շուրջ է իրականացվում քննությունը:

Հավելենք, որ տարբեր տեղեկությունների համաձայն՝ այս ընկերությունը պատկանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, սակայն ընկերության ներկայացուցիչները հերքում են այդ տեղեկությունները:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ

Արթուր Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020թ. հուլիսի 15-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել Հովհաննես Մամյանին պատկանող, Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 15 տան ցանկապատված բակ եւ բացելով այնտեղ գտնվող, պահեստարան հանդիսացող, մետաղյա կեռով եւ գամով փակված ճագարի բների դռնակները՝ գաղտնի հափշտակել է Հովհաննես Մամյանին պատկանող զգալի չափերով՝ շուրջ 15.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ճագարները:

 

 

ՏԵՂ ՉԻ ՀԱՍԵԼ

Շիրակի մարզի դատախազության կողմից մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ իրականացված պատշաճ եւ ամենօրյա դատախազական հսկողության շրջանակներում ՀՀ ոստիկանության Անիի բաժնում նախապատրաստվող նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Շիրակի մարզի Լանջիկ համայնքի  նախկին ղեկավարը, օժտված լինելով տնօրինելու համայնքի բյուջեի միջոցները, ապահովելու դրանց նպատակային օգտագործումը, ստորագրելու ֆինանսական փաստաթղթերը, համայնքի բյուջեից 2013-2017թթ. ընթացքում ելքագրել է ընդհանուր շուրջ 4.200.000 ՀՀ դրամ գումար՝ գյուղի սոցիալապես անապահով կամ բազմազավակ ընտանիքներին, միայնակ ծերերին՝ ընդհանուր 44 անձի հատկացնելու համար, սակայն չի տրամադրել նրանց: Շահառուների մի մասը արդեն իսկ համապատասխան հաղորդումներ են ներկայացրել ոստիկանություն եւ տվել նույնաբովանդակ բացատրություններ այն մասին, որ ընդհանրապես տեղյակ չեն եղել իրենց անվամբ համայնքի բյուջեից գումարների դուրսգրման մասին:

 

 

ԴԻՄԵԼ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ վիճաբանություն է տեղի ունեցել Երեւանում: Տեղեկացանք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը դիմել է ոստիկանության Մալաթիայի բաժին եւ հայտնել, որ սպառնացել են վնասել իրեն եւ վնասել են իր ավտոմեքենան: Արդյունքում, մենք տեղեկացանք, որ ոստիկանության աշխատակիցները եկել են եւ նրան ու իր ընտանիքի անդամներին տարել են ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել:

 

 

ՎԻՃԵԼ ԵՆ

Armlur.am-ի տեղեկություններով՝ երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Աբովյան փողոցի վրա գտնվող «ՆԱՏՈՒՐԱ ԳՈԼԴ» թեյարան-ռեստորանում: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ թեյարանի տնօրեն Արտակ Ասատրյանը վիճաբանել է թեյարանի հաճախորդներից մեկի` Արշակ Մուսախանյանի հետ: Վիճաբանության  ժամանակ վերջիններս քաշքշել են միմյանց: Մեզ հայտնի դարձավ, որ ռեստորանի տնօրենի հետ վիճաբանած Արշակ Մուսախանյանը ներկայացել է որպես անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական: Տեղեկությունը փորձեցինք պարզել ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից որտեղից ի պատասխան՝ հաստատեցին մեր ունեցած տեղեկությունը՝ հայտնելով, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատարաստվում:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի եւ Անիի քննչական բաժնում շարունակվում է դատապարտյալի կողմից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա` դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին եւ 13-րդ կետերով: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020 թվականի հուլիսի 21-ին՝ ժամը 20:30-ին, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի հերթապահ մասի պատասխանատու հերթապահի օգնականը քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցների հետ, սահմանված կարգով, բացել էին խցի դուռը՝  ներքին կանոնակարգի խախտման պատճառով պատժախցային եւ կարանտինային բաժանմունքի խցում գտնվող դատապարտյալին հասանելիք անկողնային պարագաները հանձնելու նպատակով:

Վերջինս, մոտենալով խցի դռանը, նշված պարագաները վերցնելու պահին ձեռքին եղած ածելիով քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցներին պատճառել էր կտրած վերքի ձեւով, առողջության կարճատեւ քայքայումով առողջության թեթեւ վնասվածքներ: Շարունակելով քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրել՝ դատապարտյալը նույն ածելիով վնասել էր նաեւ ինքն իրեն: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

 

 

ԴԱՍԸՆԹԱՑ՝ ՊԵԿ-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում անցկացվել է «Մաքսային մարմինները՝ COVID-19 համավարակի դեմ պայքարում» թեմայով հեռավար դասընթաց: Քննարկվել է Հայաստանում եւ աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարում տարվող միջոցառումների արդյունավետությունը, մասնավորապես՝ մաքսային ոլորտում իրականացվող քաղաքականությունը: Միջազգային փորձի հիման վրա մասնակիցներն ուսումնասիրել են, թե ինչպես են գործում մաքսային ծառայողները նոր իրավիճակում: Մասնավորապես, քննարկվել են մի շարք երկրների մաքսային մարմինների՝ կորոնավիրուսի դեմ պայքարի օրինակներ, ինչպես նաեւ այն հիմնական ռիսկերը, որոնց կարող են բախվել մաքսային մարմինները համավարակի պայմաններում՝ արտաքին առեւտրային հոսքերի անվտանգությունն ապահովելու առումով:

 




Լրահոս