ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՏԵՂ Է ԶԲԱՂԵՑՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ողջունում եմ Սեւրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի բոլոր մասնակիցներին: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում այս կարեւորագույն միջոցառումը նախաձեռնելու համար:

 

Սեւրի հաշտության պայմանագիրը նշանակալից տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի ժամանակակից պատմության մեջ: Պատահական չէ, որ այն շարունակում է մնալ գիտական ուսումնասիրությունների եւ վերլուծությունների առարկա: Ուստի հույժ կարեւոր է, որ մեկ դար առաջ կնքված այդ փաստաթղթի, դրան նախորդած իրադարձությունների եւ հաջորդած զարգացումների մասին մեր գիտնականների անկողմնակալ վերլուծությունները հասանելի լինեն թե՛ մեր ժողովրդին եւ թե՛ միջազգային լայն հանրությանը: Այսօրվա գիտաժողովը ծառայում է հենց այդ նպատակին, եւ ես հաջողություն եմ մաղթում դրա աշխատանքներին՝ ցանկանալով բոլորին արգասաբեր քննարկումներ եւ նոր կարեւոր բացահայտումներ:

Սեւրի պայմանագիրը պատմական փաստ է: Այն մնում է այդպիսին մինչ այսօր: Ինչո՞վ է այդ փաստաթուղթը հայ ժողովրդի համար կարեւոր: Ինչո՞ւ է այն առ այսօր մեր ուշադրության կենտրոնում:

Նախ՝ Սեւրի պայմանագիրը կնքվեց մարդկության պատմության ամենադրամատիկ էջերից մեկի՝ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքների հիման վրա դրա ավարտից շուրջ երկու տարի անց: Ինչպես Վերսալի պայմանագիրը խաղաղություն էր հաստատում Եվրոպայում, այնպես էլ Սեւրի պայմանագիրը՝ Օսմանյան կայսրության նախկինում պատկանող Առաջավոր Ասիայի տարածքներում: Այն վերջ էր դնում պատերազմի պատճառով այդ տարածաշրջանի ժողովուրդների կրած տառապանքներին եւ զրկանքներին: Այն «անիծյալ տարիների» ավարտն էր ազդարարում:

Ինչպես Վերսալի պայմանագիրը Եվրոպայում, այնպես էլ Սեւրի պայմանագիրը միջպետական հարաբերությունների նոր համակարգ էր ձեւավորում տարածաշրջանում: Այն նոր սկզբունքներ ու արժեքներ էր ներմուծում, ոչ միայն խաղաղություն, այլ նաեւ արդարություն էր հաստատում Առաջավոր Ասիայում:

Պայմանագիրը կազմվել էր ժամանակի ամենաառաջադեմ գաղափարների հիման վրա: Առանցքայինն այնտեղ ազգերի ինքնորոշման եւ իրավահավասարության սկզբունքն էր: Այն վերջ էր դնում կայսրությունների պարտադրած դարավոր ստրկությանը եւ ազատություն ու անկախություն պարգեւում տարածաշրջանի ժողովուրդներին:

Ավելին, պատմական տարածքներում ազգային պետություններ հիմնելու իրավունք տրամադրելով՝ այն բարենպաստ պայմաններ էր ստեղծում տարածաշրջանում մուսուլման եւ քրիստոնյա ժողովուրդների համակեցության, խաղաղ գոյակցության եւ տարածաշրջանի քաղաքակրթական բազմազանության պահպանման եւ հետագա զարգացման համար:

Երկրորդ՝ Սեւրի պայմանագիրը միջազգային այն փաստաթուղթն է, որը ճանաչեց եւ ամրագրեց Հայաստանի անկախությունը: Հայաստանի Հանրապետությունը հանդես էր գալիս որպես այդ փաստաթղթի իրավահավասար կողմ: Անկախության կորստից դարեր անց Հայաստանի իշխանություններն առաջին անգամ աշխարհի մեծ տերությունների հետ մեկտեղ կնքում էին միջազգային պայմանագիր: Հայաստանի Հանրապետությունը պայմանագրում նախանշված սահմաններում ճանաչվում էր որպես միջազգային հարաբերությունների լիիրավ անդամ եւ միջազգային իրավունքի իրավահավասար սուբյեկտ:

Պայմանագրի կողմ հանդիսանալու միջոցով ճանաչում էր ստանում նաեւ Հայաստանի եւ հայ ժողովրդի ներդրումը Առաջին համաշխարհային պատերազմում դաշնակից պետությունների կրած հաղթանակի եւ խաղաղության հաստատման գործում: Ընդգծվում եւ հավուր պատշաճի գնահատվում էր հայ ժողովրդի դերակատարումը միջազգային հարաբերություններում եւ աշխարհի ետպատերազմյան կառավարման գործում:

Երրորդ՝ Սեւրի պայմանագիրն իր 89-րդ հոդվածով փաստում եւ ամրագրում էր հայ ժողովրդի պատմական անվիճելի առնչությունը Հայկական լեռնաշխարհի հետ, որտեղ հազարամյակներ ի վեր ծնվել, ապրել եւ պետականություն ու մշակույթ էր կերտել հայ ժողովուրդը:

Եվ վերջապես, Սեւրի պայմանագիրը կնքվեց Հայոց Մեծ եղեռնի տարիներին հաջորդած ժամանակաշրջանում, երբ Օսմանյան կայսրությունը փորձում էր հայ ժողովրդի բնաջնջմամբ լուծել Հայկական հարցը: Հայ ժողովուրդը ենթարկվել էր ամենադաժան եւ անմարդկային տառապանքների: Հսկայական էին նրա կրած կորուստները, մինչդեռ Սեւրի պայմանագիրը ճանապարհ էր հարթում ցեղասպանության հետեւանքների հաղթահարման համար: Հայ ժողովրդի պատմական բնօրրանում անկախ պետականության ստեղծման միջոցով արդարացի լուծում էր ստանում Հայկական հարցը: Վերականգնվում էր պատմական արդարությունը: Բարենպաստ պայմաններ էին ստեղծվում մեր ժողովրդի տնտեսական եւ ժողովրդագրական ներուժի վերականգնման, նրա բնականոն զարգացման եւ առաջընթացի համար:

Չնայած Սեւրի պայմանագիրն այդպես էլ կյանքի չկոչվեց, այն շարունակում է գոյություն ունենալ որպես պատմական փաստ, որն արտացոլում է անկախ պետականության վերականգնման համար անցած մեր ուղին: Մեր պարտքն է հիշել այն, գիտակցել եւ պահպանել նրա խորհուրդը:

 

 

ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՊԱՐԵՏԻ ԿՈՂՄԻՑ

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ձեր բազմաթիվ դիմում-բողոքների, համացանցի եւ լրատվամիջոցների հրապարակումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ քաղաքացիների անդորրը հիմնականում խանգարում են.

 

գիշերային ժամերին իրականացվող հրավառությունները եւ հրագործական արտադրատեսակների կիրառումը,

անօրինական վերասարքավորված ու առանց համապատասխան թույլտվության հատուկ ձայնային ազդանշաններով կահավորված տրանսպորտային միջոցները, ճանապարհային երթեւեկության կանոններով չնախատեսված նպատակներով ձայնային ազդանշաններ արձակելը, ստանդարտին չհամապատասխանող երաժշտական համակարգերի օգտագործումը:

ՀՀ քաղաքացին, ՀՀ-ում բնակվող յուրաքանչյուր ոք ունի կյանքի համար բարենպաստ եւ առողջության համար անվտանգ աշխատանքային ու բնակության պայմանների, հանգստի իրավունք, իսկ վերը թվարկվածը խախտում է մարդկանց իրավունքները, վտանգում մեր ու մեր երեխաների առողջությունը։

Հաշվի առնելով, որ վերոնշյալ ոլորտներում հիմնականում ունենք օրենսդրական կարգավորումներ՝ այսօր համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է.

l ուժեղացնել հսկողությունը գիշերային ժամերին լռության խախտման դեպքերի, հրավառությունների իրականացման, հրագործական արտադրանքի իրացման նկատմամբ,

l քայլեր ձեռնարկել գիշերային ժամերին ճանապարհային երթեւեկության կանոնները չարամտորեն խախտող եւ քաղաքացիների հանգիստը խանգարող անձանց պատասխանատվության ենթարկելու, անօրինական վերասարքավորված տրանսպորտային միջոցները հայտնաբերելու եւ դրանց շահագործումը դադարեցնելու ուղղությամբ,

l բնակչության շրջանում իրականացնել մեծածավալ իրազեկման աշխատանքներ՝ հրավառությունների կազմակերպման եւ հրագործական արտադրանքի իրացման ոլորտում գործող արգելքների, տրանսպորտային միջոցների ազդանշանային համակարգը օգտագործելու կանոնների վերաբերյալ:

 

 

ՉԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ՝ ԱՉԱՋՐՈՒՄ

Աչաջուրը Իջեւանի տարածաշրջանի ամենամեծ գյուղն  է, շուրջ 4500 բնակիչ ունի։ 2017թ. նոյեմբերի 5-ից  համայնքը ղեկավարում է Կարեն Ղալթախչյանը, ում պաշտոնավարման օրոք համայնքում դրական փոփոխություններ են եղել։ Համայնքի ղեկավարը  հայտնեց, որ  բազմաթիվ աշխատանքներ են իրականացվում, կան նաեւ բազում չլուծված հարցեր։   Աչաջրեցիները խմելու ջուր են ստանում օրումեջ 2 ժամ  տեւողությամբ։ Գյուղը սնվում է  16 ջրաղբյուրներից 250 տոննանոց 2 ջրամբարների միջոցով։ Համայնքի միջոցներից 18 միլիոն դրամ է ծախսվել սարերում նոր ջրագիծ եւ ջրահավաք ավազաններ կառուցելու համար։  Գյուղում տեղադրվել է թվով 4-րդ  խմելու ջրի բաժանարարը, որը թույլ է տալիս ջրի հավասար բաշխում կատարել։

Համայնքի միջոցներով շաբաթը երկու անգամ աղբահանություն է կատարվում, որի համար բնակիչներից  գումար չի հավաքագրվում։  Երկու չգործող աղբավայր կոնսերվացվել է, փակվել, սակայն դրանք հողով ծածկելու խնդիր կա։  Աչաջրի զարգացման  համար  կարեւոր նշանակություն ունի Մակարավանք տանող ճանապարհի կառուցապատումը, այդ ճանապարհն արդեն ասֆալատապատ  է, ճանապարհի կառուցապատումը շարունակվում է։  Աչաջրի ներհամայնքային ճանապարհների բարեկարգման համար համայնքը վարձակալությամբ տրակտորներ է օգտագործում։ Գյուղի գերեզմանատան  ավտոճանապարհի կամուրջը  նեղ էր, համայնքապետարանը  մեծ խողովակ է տեղադրել, կամրջի քարե հիմքեր կառուցել, կամուրջը դարձել է  6 մետր լայնության։ Աչաջրի զարգացման, այնտեղ հյուրատնային բիզնեսի զարգացման  համար կարեւոր է  800-1000 մ երկարությամբ Աչաջրում  օղակաձեւ ավտոճանապարհի ասֆալտապատումը, որի համար կպահանջվի  80 միլիոն դրամ:

Այդ ծրագիրն իրականացնելու խնդրանքով 2019թ. հոկտեմբերին  համայնքապետարանը դիմել է ՀՀ տարածքային  կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, նախարար Ս. Պապիկյանը հայտնել է, որ  ծրագիրը հնարավոր է իրականացնել  համաֆինանսավոման սկզբունքով  իրականացվող սուբվենցիոն ծրագրով։  Աճաջուրը բարեկարգվում է, գյուղի մուտքը գեղեցիկ ձեւավորվել է, երկուսուկես տարվա ընթացքում Աչաջրում  գիշերային լուսավորության 14 կմ ցանց է կառուցվել, 580 լամպ տեղադրվել, անցյալ տարի ձեւավորվել է մեկ  կանգառ, այս տարի՝  եւս մեկը, տեղադրվել է «Աչաջուր»  գրառմամբ 60 նստարան։ «Շենացող համայնքներ» ՀԿ նախագահ Սուսաննա Մարտիրոսյանի միջնորդությամբ՝ «Փարոս» հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվել է գյուղի մանկապարտեզի շենքի երկրորդ հարկը,  ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան միջոցներով՝ Աչաջրի գրադարանը։ Մշակույթի տան տանիքի ծածկը որոշ տեղերում մաշված է, ինչի պատճառով  գրադարանի որոշ գրքեր տուժել են անձրեւներից։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս