Առկա է շուրջ 130.000 աշխատող, ում աշխատանքային գրքույկները տեսաներածված չեն. ինչ է սպասվում նոր փոփոխությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է ‹‹ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշման մեև փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:  Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում Ծառայության կողմից գործատուներին ներկայացվող ծանուցումները կուղարկվեն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում: Հաշվի առնելով նաև ՀՀ-ում տիրող իրավիճակը՝ ծանուցումներն առաջարկվում է ուղարկել միայն էլեկտրոնային փոստի միջոցով, որն ավելի արագ է և ծախսատար չէ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև համապատասխան ծանուցումը կուղարկվի գործատուի ներկայացուցչի բջջային հեռախոսահամարին: Գործատուները, հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետները և կարգը, կներկայացնեն աշխատողների աշխատանքային գրքույկները, իսկ նշված պարտականությունը չկատարելու դեպքում՝ Ծառայություն համապատասխան հայցով կդիմի դատարան:

Մասնավորապես, նշված Նախագծով առաջարկվում է սահմանել հստակ ժամկետ՝ Ծառայության կողմից գործատուներին ծանուցումներ ուղարկելու վերաբերյալ (30 օրացուցային օր), փոփոխվել է նաև ծանուցման եղանակը (էլեկտրոնային փոստի միջոցով), առավել մանրամասն կարգավորվել են այն իրավահարաբերությունները, երբ աշխատաքնային գրքույկները ներկայացվում են ֆիզիկական անձանց կողմից, առաջարկվել է փոփոխել աշխատանքային գրքույկները Ծառայության կողմից վերադարձնելու ժամկետը (վեց ամիս), հանվել է աշխատանքային գրքույկների ակտերը հաշվառելու մատյանի հետ կապված իրավակարգավորումները (հաշվառումն իրականացվում է համապատասխան տեղեկատվական ենթահամակարգում) և այլն:

Արդյունքում, աշխատանքային գրքույկների հավաքագրման և տեսաներածման աշխատանքների ամբողջական իրականացման դեպքում՝ հնարավորինս դյուրին կլինի ֆիզիկական անձանց կենսաթոշակների և նպաստների նշանակման գործընթացը: Մասնավորապես, աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը էլեկտորանայնացվելու դեպքում՝ քաղաքացիները հնարավորինս զերծ կմնան այլ պետական մարմիններին կամ գործատուներին դիմելու գործընթացից: Բացի այդ, նշված գործընթացը հնարավորություն կտա Ծառայությանը տիրապետել անձանց աշխատանքային գործունեության՝ մինչև 2013թ. ընկած ժամանակահատվածի վերաբերյալ հավաստի տեղեկատվություն՝ բացառելով ոչ իրավաչափ փաստաթղթերի հիման վրա կենսաթոշակ նշանակելուն և նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը:

Բանն այն է, որ 2015 թվականի հունիսի 22-ին Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-96-Ն օրենքը։ Օրենքով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվել է 2017 թվականի հունվարի 1-ից դադարեցնել աշխատանքային գրքույկների կիրառությունը աշխատանքային հարաբերություններում, սահմանվել է գործատուների՝ իրենց մոտ վարվող աշխատանքային գրքույկները 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում լիազոր մարմին հանձնելու, այնուհետև՝ աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելուց հետո աշխատողներին վերադարձնելու օրենսդրական պարտավորությունը։ Արդյունքում, ընդունվել է նաև ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշումը, որը կարգավորում է աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ներառելու նպատակով աշխատանքային գրքույկները Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնելու և աշխատողներին հանձնելու հետ կապված հարաբերությունները: Ընդ որում, նշված որոշման 1-ին կետի համաձայն՝ աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ներառելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին է ճանաչվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը:

2017 և 2018 թվականների ընթացքում Ծառայության տարածքային բաժինների կողմից հավաքագրվել, կապալառու կազմերպությունների միջոցով տեսաներածվել և «Աշխատանքային գրքույկներ» ենթահամակարգ են մուտքագրվել շուրջ 270 000 աշխատանքային գրքույկ։

Սակայն, 2018 թվականին աշխատանքների կատարման ընթացքում պարզ դարձավ, որ հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերով հավաքագրման և տեսաներածման համար սահմանված ժամկետը՝ 2017 թվականի հունվարից մինչև 2019 թվականը, աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու համար բավարար չէ։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանի տեղեկատվության համաձայն՝ առկա էր շուրջ 320 000 աշխատող, ում գրքույկները դեռևս տեսաներածված չէին, բացի այդ գրքույկները տեսաներածելու համար տարածքային բաժիններ էին դիմում նաև չաշխատող անձինք։

Նշված հանգամանքով պայմանավորված՝ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-416-Ն օրենքը, որի համաձայն, փոխվեց աշխատանքային գրքույկները գործատուի կողմից հանձնելու՝ նախկինում սահմանված ժամկետը և նոր կարգավորումների շրջանակներում սահմանվեց, որ աշխատանքային գրքույկները հանձնվում են լիազոր մարմնի տարածքային ստորաբաժանում՝ Ծառայության տարածքային բաժիններ, 2017 թվականի հունվարի 1-ից հետո երեք տարվա ընթացքում։

2019 թվականի գործընթացի շրջանակներում նախատեսված է տեսաներածել շուրջ 350 000 աշխատանքային գրքույկ։ Գրքույկները ներկայացնելու անհրաժեշտության մասին Էլեկտրոնային եղանակով ծանուցվել է շուրջ 44 000 կազմակերպություն, ինչպես նաև պարբերաբար Ծառայության պաշտոնական կայքի, սոցիալական ցանցում Ծառայության էջի և էլեկտրոնային մամուլի միջոցով տարածվում են համապատասխան հաղորդագրություններ։

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ի սկզբանե գործատուների կողմից գրքույկները Ծառայություն ներկայացնելու օրենսդրական պարտավորությունը խախտելու (չկատարելու) համար վարչական պատասխանատվություն նախատեսված չի եղել և ըստ էության Ծառայությունն այս ժամանակահատվածում գրքույկները հավաքագրել է գործատուների հետ համագործակցության դաշտում՝ չունենալով պատժամիջոցներ կիրառելու լիազորություն։

Սակայն, 2019 թվականին ևս հնարավոր չեղավ աշխատանքներն ամբողջությամբ իրականացնել (պատճառներից է հանդիսանում այն հանգամանքը, որ գործատուների մի մասը չէին ներկայացնում աշխատանքային գրքույկները, իսկ Ծառայությունը որևէ օրենսդրական լծակ չուներ գործատուների նկատմամբ և այլ հանգամանքներ)։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանի տեղեկատվության համաձայն՝ այժմ առկա է շուրջ 130.000 աշխատող, ում գրքույկները դեռևս տեսաներածված չէին, բացի այդ գրքույկները տեսաներածելու համար տարածքային բաժիններ էին դիմում նաև չաշխատող անձինք։

Հիմք ընդունելով նշված օրենսդրական փոփոխությունները՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ և լրացումներ նաև ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշման մեջ՝ հաշվի առնելով նաև նախկինում աշխատանքային գրքույկների հավաքագրման ընթացքում ծագած խնդիրների կարգավորումը:

Ն.Հ.

 




Լրահոս