ՎԵԴԻԻ ՆԱԽԿԻՆ ՀՀԿ-ԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՎԱՃԱՌԵ՞Լ Է ՔԱՂԱՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը, որը համայնքապետ է շուրջ 21 տարի, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ հասցրել է իր ղեկավարման տարիներին մի շարք տարածքներ սեփականաշնորհել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքապետը Վեդիի ավտոդպրոցի տարածքը վաճառել է իր հարազատներին, որտեղ պատրասվում է շինարարություն իրականացնել: Նշվում է նաեւ, որ քաղաքապետը պատմամշակութային  տարածք «Դավիթ-Բեկ» քարանձավն է վաճառել, որին կից կա ավազահանք, որն էլ վաճառվել է:

 

Նշվում է նաեւ, որ Վեդի քաղաքի նախկին կոլտնտեսության վարչական շենքը եւ դրա զբաղեցրած ամբողջ տարածքը՝ շենք շինությունների հետ միասին, ձեւական աճուրդի միջոցով վաճառել է երեք անձի, որի մեծ հատվածը գտնել է նրա  հորաքրոջ տղան, իսկ մնացածն էլ իր հարազատներին է հատկացվել: Այս ամենը պարզելու համար մենք զրուցել ենք Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանի հետ (նախկին ՀՀԿ-ական է, իսկ այժմ դուրս է եկել կուսակցությունից)՝ պարզելու համար, թե արդյոք իրական են այս տեղեկությունները: Սկզբում Բարսեղյանը վրդովվեց մեր հարցերից, որից հետո հայտարարեց, թե կպատասխանի բոլոր այն մեղադրանքներին, որոնք կան:

-Պարո՛ն Բարսեղյան, մենք տեղեկություններ ենք ստացել, որ Դուք Վեդիիում առկա մի շարք պետական հողատարածքներ կա՛մ վաճառել եք, կա՛մ այն սեփականաշնորհել եք Ձեր հարազատների հետ: Որքանո՞վ են իրական այս տեղեկությունները:

-Այդ տեղեկությունները, որոնք Ձեզ փոխանցել են, այդ նույն տեղեկությունները տրվել են նաեւ ոստիկանությանը, իրենք զբաղվում են, թող իրենք ուսումնասիրեն, գտնեն, պարզեն: Մենակ մարդուն անկապ փնովեն, գրեն տեղեկություններ, տենց չի կարելի: Ուղղակի  անհասկանալի է, թե ինչի են նման տեղեկություններ տարածում: Արդեն երկու օր է՝ այդ նույն պատմություններն են:

-Ըստ մեր տեղեկությունների՝ Վեդի քաղաքի նախկին կոլտնտեսության վարչական շենքը եւ դրա զբաղեցրած ամբողջ տարածքը՝ շենք շինությունների հետ միասին, ձեւական աճուրդի միջոցով վաճառել եք:

-Ես դրա հետ որեւէ առնչություն չունեմ:

-Դուք այն վաճառե՞լ եք Ձեր հարազատ հորաքրոջ որդուն:

-Ես արդեն Ձեր հարցին պատասխանել եմ, ես դրա հետ որեւէ կապ չունեմ:

-Վեդիի ավտոդպրոցի տարածքը ե՞ւս վաճառել եք:

-Ավտոդպրոցի տարածքը ես ո՞նց կարող եմ վաճառել, անհասկանալի բան են ասում, ավտոդպրոցը հիմնարկություն է, որը ունի տարածք, ես ո՞նց կարող եմ դա վաճառել: Իհարկե վաճառք չի եղել, տականքություն է նման տեղեկություն տալը:

-Մեզ տեղեկություն են փոխանցել նաեւ, որ «Դավիթ-Բեկ» քարանձավի հարակից տարածքն եք վաճառել, կա՞ նման բան:

-Եթե պատմամշակութային հուշակոթող է, ո՞նց համայնքի ղեկավարը կարող է վաճառել կամ օտարել, երբ այն հատուկ պահպանվող տարածք է: Դա Վեդիի ամրոց է, որը 60 հա տարածք է, որը հատուկ պահպանվող տարածք է, նման բան չի կարող լինել: Ո՞վ է իր գլխից ձեռք շաքել նման հիմարություն անի, դա բացառվում է: Ես էդքան հասկացողություն ունեմ, ես ո՞նց կարող էի նման բան անել: Դուք պետք է հաջորդը հարցնեք Վեդիի գերեզմանոցի տարածքը, ես կարող եմ արդեն ասել, դրանք արդեն անգիր եմ արել, ո՞նց կարող եմ ես գերեզմանոցի տարածքը վաճառեմ, կամ ո՞նց կարող է նման տարածքը վաճառվի:

-Իսկ Ձեզ հայտնի՞ է, թե ովքեր են նման տեղեկություններ տարածում, եթե Դուք պնդում եք, որ իրականում նման բան չկա: Մենք տեղեկություններ ունենք, որ Վեդիիում շատ լուրջ դժգոհություններ կան Ձեր հետ կապված:

-Ես չգիտեմ, ես որ իմանայի, այդ մարդկանց դատի կտայի, կամ էլ ստից ինֆորմացիաներ են տալիս, ոստիկանություն են դիմում, չգիտեմ: Ես Վեդիիում ոչ մի բան չունեմ, որի համար իմ էրեխեքն էլ են ինձ ամոթանք տալիս, ասում են՝ այսքան տարվա քաղաքապետ ես, մի բան չունես, կենտրոնում մի կտոր հող էլ չունես: Ես մաքուր եմ, ազնիվ եմ ու ոչ մի ամաչելու բան չունեմ, ես ինչ ունեմ, ունեմ: Եթե ինչ-որ մի բան էլ ունեցել եմ, ես դա ունեցել եմ մինչեւ քաղաքապետ լինելս: Այսքանը:

Հ.Գ. Մենք փորձեցինք ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության կետ կապերի վարչությունից պարզել, թե Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանի հետ կապված ինչ գործ է քննվում ու ինչ փուլում է: Մեզ փոխանցեցին, որ քաղաքացի է դիմել Վեդիի ոստիկանության բաժին, որի հիման վրա այս պահին նյութեր են նախապատրաստվում:

 

 

 

ՉԵՆ ԿԱՐՈՂ ՄԵԿՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում արտակարգ դրության երկարաձգումը որեւէ կերպ չի ազդում Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության վերականգման վրա: Այս մասին գրել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնողների խնդրին:

 

«Երեկ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խոստացել էր, որ սահմանափակումների մեղմացումները կազդեն արտագնա աշխատանքի մեկնողների վրա, սակայն հրաժարվեց իր խոստումից։ Նախեւառաջ, արտագնա աշխատանքի մեկնողների վերաբերյալ սահմանափակումների մեղմացում չէր կարող լինել զուտ այն պատճառով, որ այս ոլորտում Հայաստանի կողմից սահմանափակում չէր սահմանվել: Այսինքն՝ անհնար է մեղմել գոյություն չունեցող սահմանափակումը»,- գրել է Հունանյանը:

Փոխվարչապետի մամուլի խոսնակը նշել է, որ արտագնա աշխատանքի մեկնողները չեն կարողանում մուտք գործել Ռուսաստան, քանի որ շարունակում է ուժի մեջ մնալ Ռուսաստանի Դաշնության կառավարության՝ երկրի տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտքն արգելող որոշումը:

«Ինչպես հենց պարոն Մարուքյանի տարածած տեսանյութում է երեւում, փոխվարչապետն ասում է, որ օգոստոսի 12-ին կհայտարարենք լուծումների մասին։ Լուծումների մասին երեկ Տիգրան Ավինյանը հենց ԱԺ ամբիոնից հստակ ու մի քանի անգամ հայտարարեց։ Փոխվարչապետն ասաց, որ քննարկումներ են սկսվել Ռուսաստանի Դաշնության հետ օդային հաղորդակցության վերականգման ժամկետների ու պայմանների վերաբերյալ, որի շրջանակներում էլ կհասցեագրվեն նաեւ արտագնա աշխատանքի մեկնողների հարցերը»,- նշել է փոխվարչապետի մամուլի խոսնակը:

Նա հավելել է, որ Հայաստանում արտակարգ դրության երկարաձգումը որեւէ կերպ չի ազդում Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության վերականգման վրա: Համաճարակաբանական վիճակի կառավարման քաղաքականության շրջանակներում օտարերկրյա քաղաքացիների մուտքն արգելող որոշումների կայացումը յուրաքանչյուր երկրի սուրվերեն դաշտում է, եւ պայմանավորված չէ այլ երկրում արտակարգ դրության հայտարարմամբ կամ այդ դրության երկարաձգմամբ: Կառավարությունն օգոստոսի 12-ի արտահերթ նիստում որոշում է ընդունել երկարաձգել ՀՀ-ում 2020թ. մարտի 16-ին հայտարարված եւ մինչեւ օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020թ. օգոստոսի 12-ից՝ ժամը 17:00-ից, 30 օրով՝ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 11-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

25 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՏՈՒԳԱՆՔ

Եթե ավտոմեքենայից աղբ նետեք, ապա կտուգանվեք 25 հազար դրամի չափով: Սա նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով: Բացի այս, չսահմանված ու չնախատեսված տեղերում եւ վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից մինչեւ 5 անվադող թափելը՝ բացառությամբ հեծանվի դողի, առաջացնում է տուգանքի նշանակում` 20-30 հազար դրամի չափով: Իսկ 5-ից ավելի անվադող թափելը առաջացնում է տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով:

Աղբահանության վարձ վճարելու պարտավորություն ունեցող անձի կողմից համայնքի ղեկավարին շինություններում եւ շինություններից դուրս ծառայությունների մատուցման վայրերում գործունեության տեսակի վերաբերյալ սխալ տեղեկատվություն ներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ 200-300 հազար դրամի չափով: Նշված խախտումը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ 500-800 հազար դրամի չափով: Տեղեկացնենք նաեւ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն՝ աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը եւս առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 100-200 հազար դրամի չափով: Նշված խախտումը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 200-300 հազար դրամի չափով:

 

 

ԱՌԱՋԱՐԿԵԼ Է

Համաձայն պարետի որոշման՝ դիմակների կրումը պարտադիր է դարձել նաեւ հեռուստատեսային տաղավարներում (վերգետնյա հեռարձակվող եւ էլեկտրոնային), ռադիոտաղավարներում եւ մամուլի ակումբներում: Այդ մասին ֆեյսբուքում նշել է  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: «Սա առաջացնում է լրատվամիջոցների դժգոհությունը այն առումով, որ անհարմարություն է ստեղծում թե՛ հարցազրուցավարների, թե՛ հյուրերի համար: Հաշվի առնելով, որ եթերային տաղավարներում հաղորդավարի եւ հյուրի միջեւ պահպանվում է բնականոն եւ անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը՝ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին գրավոր առաջարկել եմ վերանայել պարետատան համապատասխան որոշումը եւ թույլ տալ տաղավարներում աշխատել առանց դիմակների»,-ասել է պատգամավորը:

 




Լրահոս