ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 2020 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման ամփոփ նկարագիր: Այսպիսով, հաշվետվության մեջ նշվում է, որ ամբողջ աշխարհը շարունակում է կրել կորոնավիորուսի համավարակի արագ տարածման բացասական հետեւանքները: Այս պայմաններում հատկանշական է, որ զգալի անկում է կանխատեսվում ՀՀ գործընկեր երկրների տնտեսությունների համար, որի էական բացասական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա անխուսափելի է։

 

Այսպիսով, 2020թ. առաջին կիսամյակում գրանցվեց տնտեսական ակտիվության անկում: Առավելապես տուժել են ծառայությունների, շինարարության եւ մշակող արդյունաբերության ճյուղերը։ 2020թ.  առաջին կիսամյակի ընթացքում պետական բյուջեի հարկային եկամուտների աճի տեմպն աստիճանաբար դանդաղել է՝ կիսամյակի վերջում արձանագրելով անկում: Պետական բյուջեի ընթացիկ եւ կապիտալ ծախսերն աճել են բարձր տեմպերով։ Արդյունքում, 2020 թվականի առաջին կիսամյակում տնտեսական անկման պայմաններում հարկաբյուջետային քաղաքականությունն ունեցել է խթանող ազդեցություն: Համավարակի բացասական հետեւանքների չեզոքացման նպատակով ՀՀ կառավարությունը մշակել է հակաճգնաժամային միջոցառումների փաթեթ` մոտ 150 մլրդ դրամ ընդհանուր գումարի չափով, որը պարունակում է սոցիալական եւ տնտեսական աջակցության, ինչպես նա մասնավոր ներդրումների խթանմանը եւ երկարաժամկետ զարգացմանն ուղղված միջոցառումներ: 2020թ. հունվար-հունիսին գրանցվել է տնտեսական ակտիվության իրական արտահայտությամբ 4.7% անկում, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ցածր է 11.1 տոկոսային կետով: Անկումը պայմանավորված է եղել ծառայությունների (3.5 տոկոսային կետ), շինարարության (1.6 տոկոսային կետ) եւ առեւտրի (1.4 տոկոսային կետ) ճյուղերի անկմամբ։ Տնտեսական ակտիվությանը դրական են նպաստել արդյունաբերության (0.3 տոկոսային կետ) եւ գյուղատնտեսության (0.2 տոկոսային կետ) աճերը: 2020 թվականի հունվար-հունիսին արդյունաբերությունն աճել է 1.5%-ով՝ պայմանավորված մետաղական հանքաքարի ադյունահանման ծավալների աճով: Արդյունաբերության աճին 4.3 տոկոսային կետով նպաստել է հանքագործական արդյունաբերությունը (աճը՝ 24.3%), իսկ մշակող արդյունաբերությունը 2.4 տոկոսային կետով (նվազումը՝ 3.6%) բացասաբար է ազդել արդյունաբերության աճի վրա: Հանքագործական արդյունաբերության աճը հիմնականում պայմանավորված է եղել մետաղական հանքաքարի արդյունահանման 24.9% աճով:Մշակող արդյունաբերության նվազումը հիմնականում պայմանավորված է եղել ծխախոտի արտադրատեսակների արտադրության 22.6% (նպաստումը -3.4 տոկոսային կետ) եւ խմիչքների արտադրության 6.8% (նպաստումը -0.8 տոկոսային կետ) նվազմամբ: Մշակող արդյունաբերության նվազմանը հակազդել են ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը՝ 1.0 տոկոսային կետով (աճը՝ 33.4%), հիմնային մետաղների արտադրությունը` 0.7 տոկոսային կետով (աճը՝ 5.2%), եւ պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրությունը՝ 0.6 տոկոսային կետով (աճը՝ 53.9%):

Ծառայությունները նվազել են 6.4%-ով, ինչին հիմնականում նպաստել են կացության եւ հանրային սննդի կազմակերպման` 3.4 տոկոսային կետով (նվազումը՝ 42.6%), տրանսպորտի՝ 2.9 տոկոսային կետով (նվազումը՝ 25.8%), ինչպես նաեւ վարչարարական եւ օժանդակ գործունեության՝ 1.5 տոկոսային կետով (նվազումը՝ 36.4%), ենթաճյուղերի նվազումները։ Ճյուղի նվազմանը հիմնականում հակազդել է ֆինանսական եւ ապահովագրական գործունեությունը՝ 2.5 տոկոսային կետով (աճը՝ 11.7%), ինչպես նաեւ տեղեկատվություն եւ կապը՝ 1.0 տոկոսային կետով (աճը՝ 7.1%)։ Առեւտրի շրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ նվազել է 11.1%-ով, ինչին հիմնականում նպաստել են մանրածախ եւ մեծածախ առեւտուրը՝ համապատասխանաբար 6.8 եւ 3.9 տոկոսային կետով (նվազումները՝ 14.2% եւ 8.0%)։ Չնայած առեւտրի եւ ծառայությունների նվազմանը՝ ճյուղերի վարկավորման ծավալները զգալիորեն աճել են: 2020թ. առաջին կիսամյակում COVID-19 համավարակի տարածման հետեւանքով տնտեսական ակտիվության դանդաղման եւ թույլ ներքին պահանջարկի անկման պայմաններում հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունն ամբողջական պահանջարկի վրա եղել է խթանող: Համավարակի հետեւանքով առաջացած տնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն է ունեցել ՀՀ պետական բյուջեի եկամուտների, հատկապես՝ հարկային եկամուտների վրա: 2020 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 716.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 5.5%-ով, իսկ հարկեր եւ տուրքերը կազմել են 680.3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 4.6%-ով:

2020թ. առաջին կիսամյակի արդյունքներով՝ պետական բյուջեի ծախսերը կազմել են 765.6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 20.3%-ով: Ընդ որում, ընթացիկ ծախսերը կազմել են 719.8 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 17.4%-ով, որն իր մեջ ներառում է նաեւ հակաճգնաժամային ծրագրերի իրականացումը եւ առողջապահական ծախսերի աճը: Ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են 45.8 մլրդ դրամ, որում ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը կազմել են 46.6 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 96%-ով կամ 22.8 մլրդ դրամով: Արդյունքում 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում ձեւավորվել է պետական բյուջեի 48.9 մլրդ դրամ դեֆիցիտ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ձեւավորված 121.9 մլրդ դրամ պետական բյուջեի հավելուրդի դիմաց:

2020թ. առաջին կիսամյակում ՀՀ կորոնավիրուսի համավարակի (COVID-19) կանխարգելման միջոցառումների շրջանակներում պետական բյուջեից փաստացի ծախսվել է 40.7 մլրդ դրամ, որից սոցիալական աջակցության ծրագրերի գծով հատկացվել է 23.5 մլրդ դրամ, իսկ տնտեսական հետեւանքների չեզոքացման նպատակով տրամադրվել է 8.6 մլրդ դրամ: Բացի տնտեսական եւ սոցիալական հակազդման միջոցառումներից, COVID-19 համավարակի տարածման կանխարգելման նպատակով կառավարությունն իրականացրել է նաեւ առողջապահական ծախսեր, որոնց ծավալը հունիսի վերջի դրությամբ կազմել է մոտ 8.6 մլրդ դրամ: Կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումների դեֆիցիտի ֆինանսավորման վարկավորում հոդվածով տնտեսությանն ուղղված ֆինանսական միջոցները կազմել են 14.3 մլրդ դրամ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՄՈՒՏՔԸ ԴՅՈՒՐԱՑՎԵԼ Է

Արցախի Հանապետության պարետ, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը երեկ ստորագրել է հրամանագրից բխող որոշումներ. ԱՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար մուտքը դյուրացվել է, մուտք գործելու համար Պարետի թույլտվությունն այլեւս անհրաժեշտ չէ, սակայն պարտադիր է բացասական պատասխանով մինչեւ 72 ժամվա վաղեմության ժամկետով ՊՇՌ թեստի առկայությունը: Թեստավորման պարտադիր պահանջից բացառություն է արվում մինչեւ 6 տարեկան երեխաների համար: ՀՀ մեր համերկրացիները պետք է թեստավորվեն ՀՀ համապատասխան բուժհաստատություններում, քանի որ Արցախի միակ նման լաբորատորիայի կարողությունները խիստ սահմանափակ են: Ինչ վերաբերում է ԱՀ քաղաքացիների մուտքի եւ ելքի պայմաններին, ապա դրանք փոփոխությունների չեն ենթարկվել եւ շարունակում են ուժի մեջ մնալ: Այսինքն, հանրապետությունից ելք կատարելու համար ԱՀ քաղաքացիներից պահանջվում է Պարետի թույլտվությունը, իսկ մուտքի դեպքում՝ ՊՇՌ թեստի ոչ ավելի քան 72 ժամվա վաղեմության բացասական պատասխանը կամ անցակետում պարտադիր թեստավորման համար նմուշառումը:

 

 

144.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 22 ծրագրերի արդյունքում շահառուներին ընդհանուր առմամբ հասանելի է դարձել 144.5 մլրդ դրամ: Սոցիալական միջոցառումներով ծախսվել է 26,2 մլրդ դրամ, տնտեսական միջոցառումներով՝ 17.5 մլրդ դրամ, եւս 19.9 մլրդ դրամ փոխառու միջոցներ են տրամադրվել։ Տնտեսական միջոցառումների շրջանակում կառավարության ձեռնարկած խրախուսական միջոցների արդյունքում բանկերի կողմից մոտ 92,8 մլրդ դրամ փոխառու միջոցներ են տրամադրվել բիզնեսին: Նկատենք, որ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման եւս երկու միջոցառում: Դրանք ուղղված են զբոսաշրջային ոլորտում աշխատատեղերի պահպանմանն ու գինեգործության ու կոնյակագործության բնագավառի ընկերություններին սուբսիդավորված վարկերի տրամադրմանը:

 

 

ԵՐԿԱՐՕՐՅԱ ԽՄԲԵՐ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը քննարկման է ներկայացրել հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախարարությունն առաջարկում է երկարօրյա խմբերը համալրել ըստ կրթական աստիճանի կամ զուգահեռ դասարանների: Երկարօրյա խմբում ընդգրկվելու համար սովորողի ծնողի կողմից հաստատության տնօրենի անունով ներկայացված դիմումի հիման վրա հաստատության տնօրենի եւ սովորողի ծնողի միջեւ ընթացիկ ուսումնական տարվա համար կկնքվի երկարօրյա ուսուցման կազմակերպման պայմանագիր: Երկարօրյա խմբերում ընդգրկված սովորողների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների առավելագույն թիվը 25 է, փոքրաթիվ սովորողներով դպրոցների դեպքում՝ 15:

Ավելին, սահմանված խտությունից պակաս խտությամբ խումբ կարող է բացվել հաստատության ֆինանսական միջոցների, իսկ մասնակի կամ լրիվ վճարովի խմբերում՝ ծնողների վճարումների հաշվին: Վճարի չափն ու վճարման եղանակը կհաստատվի հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի կողմից, իսկ ոչ պետական հաստատության դեպքում՝ հիմնադրի որոշմամբ:

ArmLur.am-ին հայտնի դարձավ նաեւ, որ երկարօրյա խմբերում ընդգրկված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ սովորողների՝ այս կարգով սահմանված ծառայությունների մատուցումը կազմակերպվում է պետական միջոցներով: Ի դեպ, հաստատության երկարօրյա խմբերը կձեւավորվեն մինչեւ ընթացիկ ուսումնական տարվա սեպտեմբերի 10-ը եւ կհամալրվեն տարվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության: Երկարօրյա խմբի ռեժիմը՝ պարապմունքներ, միջոցառումներ, հանգիստ, սննդի կազմակերպում, չպետք է գերազանցել շաբաթական 30 ժամը: Երկարօրյա խմբում դասապատրաստմանը օրական կհատկացվի 1-4-րդ դասարաններում մինչեւ 2, 5-9-րդ դասարաններում՝ մինչեւ 3 ակադեմիական դասաժամ:

 

 

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստի ընթացում առաջարկներ հնչեցին խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրել «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանի թեկնածությունը: Միքայել Ադամյանի ելույթից հետո ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովն ազդարարեց բաց քվեարկություն՝ քիչ անց արձանագրելով, որ Ադամյանն ընտրվեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:




Լրահոս