«Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը գտնվում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում՝ «ԿԳԲ-ի պադվալում» եւ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Մեզ հետ զրույցում վերջինիս պաշտպան Աշոտ Սարգսյանը հայտնեց, որ դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն քրեական գործի հարուցման անհիմն լինելու մասով: Մասնավորապես, ըստ պաշտպանի քրեական գործը հարուցվել է քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտումներով եւ դեռեւս դիմումի մասով որեւէ պատասխան ՀՀ գլխավոր դատախազությունից չի ստացել:
Պաշտպան Սարգսյանը, նախաքննության գաղտնիությունից ելնելով, այլ մանրամասներ չհայտնեց: Նշենք, որ օգոստոսի 10-ին Լևոն Սարգսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը բավարարվել է դատարանի կողմից, նա կալանավորվել էր:
Լևոն Սարգսյանը, որը հետախուզվում էր 2018-ի հոկտեմբերից, Ռուսաստանից արտահանձնվել է Հայաստան օգոստոսի 6-ին:
Նախկին իշխող Հանրապետականի պատգամավոր անցած տարվա նոյեմբերին հայտնաբերվել և ձերբակալվել է Ռուսաստանում՝ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում, ապա՝ կալանավորվել։
«Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Սարգսյանը մեղադրվում է դեռ 12 տարի առաջ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու մեջ: Խոսքը 2008-ին Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման մասին է: Հեղափոխությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ հարձակման իրական պատվիրատուն Լևոն Սարգսյանն է:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան