Արտակարգ դրության պայմաններում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված խախտումների դեպքերով պայմանավորված` տեսչական մարմինը կասեցման առաջարկություններ է ներկայացրել ՀՀ պարետին՝ մայրաքաղաքի թվով երեք երթուղու ութ տրանսպոտային միջոցի գործունեության վերաբերյալ։
Արդյունքում՝ օգոստոսի 21-ին, ՀՀ պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել են կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող N 75 Ա , N 58, N 33 համարի երթուղիները սպասարկող թվով 8 տրանսպորտային միջոցի գործունեություն, որոնք պարբերաբար երթևեկել են գերբեռնված։
Կասեցման աշխատանքներին զուգահեռ, ՔՏՀԱՏՄ-ն շարունակել է ուժեղացված վերահսկողություն իրականացնել Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններ մուտք գործող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։ Մասնավորապես Արցախի և Մաշտոցի պողոտաների ողջ երկայնքով և հարակից կանգառներում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են առանց դիմակի վարորդներ։ Կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են գերբեռնված ավտոբուսներ և միկրոավտոբուսներ։
Արձանագրված խախտումների դեպքերով կազմվել են արձանագրություններ։
«Տեսչական մարմնի մասնագետները մշտադիտարկումների և վերահսկողության հետ համատեղ իրականացրել են բացատրական և իրազեկման աշխատանքներ։
Այսօր վաղ առավոտից սկսված մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն ակտիվ կերպով շարունակվում են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում»,- ասվում է հաղորդագրության մեջ: