«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՇԱՏԵՐԻ ԻՐԱԿԱՆ ԴԵՄՔԸ». ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ զրուցել է երգչուհի Արմինե Գրիգորյանի հետ, ով մեզ հետ զրույցում անդրադարձել է  վերջին մի քանի ամիսների մասնագիտական ճգնաժամին, ոլորտի խնդիրներին ու կառավարության արձագանքին:

 

-Տիկի՛ն Գրիգորյան, արդեն մի քանի ամիս է, ինչ Դուք եւ Ձեր կոլեգաները կանգնած եք մասնագիտական լուրջ փակուղու առաջ, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել եք: Ինչպե՞ս եք հաղթահարում  այս իրավիճակը:

-Շատ ծանր վիճակ է եւ նոր երեւույթ է բոլորիս համար, նոր անծանոթ մի բան է մեզ համար, քանի որ բազմիցս ասել եմ՝ մենք պատերազմ էլ ենք տեսել, պատերազմի ժամանակ ելույթ ենք ունեցել նույնիսկ փափմուշտների ներքո, բայց երբեք մեր ոգին չենք կորցրել, հանուն մեր երկրի, հանուն մեր խաղաղության, մեր զինվորի ամեն ինչ արվել է մեր կողմից առանց մտածելու հետեւանքների մասին, բայց այսօր այս կորոնավիրուս հիվանդությունը ստեղծեց այնպիսի պայմաններ, որին ոչ մեկս պատրաստ չէինք, բոլորիս համար նորություն էր, որն իսկապես սկզբնական շրջանում սարսափելի էր, բայց, ինչ արած, մարդը ստեղծված է կյանքում ամեն ինչի դիմակայելու եւ դիմադրելու համար: Մենք փորձում ենք, ինչքան հնարավոր է, սպասել, մինչեւ այս ամենն ավարտվի: Եվ այս ամիսների անաշխատունակությունը ստեղծել է իր հերթին չափազանց մեծ խնդիրներ. չգիտեմ, տեսնենք, թե ինչ կլինի:

-Տիկի՛ն Գրիգորյան, ի՞նչ եք կարծում, սոցիալ-տնտեսական ծանր վիճակից դուրս գալու համար կառավարությունն ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկի: Ի՞նչ լուծումներ եք տեսնում:

-Ես արվեստի մարդ եմ, եւ կառավորությանը խորհուրդ տվողը ես չեմ, եւ կյանքը ցույց է տվել, որ երբեք խորհուրդ տվողին չեն լսում: Մեծ մասամբ նման իրավիճակներում տուժում են հենց թույլ օղակները, հատկապես արվեստի ոլորտի ներկայացուցիչները` թատրոն, շոու-բիզնես, օպերա, բալետ եւ այլն: Ես համարում եմ մեր ոլորտը շատ թույլ օղակ եւ այս օրերին ցավով եմ նշում, որ շատ լուրջ խնդիրները թողած՝ այսպես ասած, հարձակում գործեցին արվեստի ոլորտի ներկայացուցիչների վրա, որը, իմ կարծիքով, շատ ամոթալի երեւույթ էր: Ժամանակը կանցնի, ամեն ինչ կփոխվի, եւ կմնան այն մարդիկ, որոնց այսօր համացանցում պարզապես «թաղում են» իրենց գրվածքներով, իրենց քոմենթներով, երբ ցնծվում են ուրախությունից, երբ մեր ոլորտի ներկայացուցիչներին հայհոյում են: Բայց չէ՞ որ ժամանակին այդ մարդկանց երգերի ներքո հուզվել եք, ուրախացել եք, պարել եք, ո՞նց կարելի է մեկ վայրկյանում ուրանալ ու մոռանալ: Ինչ-որ մարդիկ այդ կայծը քցում եւ բոլորին հրահրում են հարձակվել, բայց չէ՞ որ սա քրիստոնյային  բնորոշ, սազական քայլեր չեն, ինչպե՞ս կարելի է մարդկանց վերցնել ու թաղել, ինչ է թե նա իմ կարծիքի հետ համակարծիք չէ: Ցավում եմ, որ չկա ոչ մեկը, ով կարող է ասել՝ վերջապես հանգիստ թողեք այս մարդկանց, ինչ եք ուզում նրանցից. վերջին հաշվով մենք այն մարդիկ ենք, որ մեծ ճանապարհ ենք անցել: Չգիտես` ինչու կամ որտեղից են վերցրել, թե արվեստի մարդիկ փող ունեն, հարուստ են: Նախ՝ շատ լավ կլիներ, որ հարուստ լինեինք, եւ հարուստ լինելն այնքան էլ վատ բան չէ: Նախկինում գոյություն ուներ կլան, եւ քսան հոգին էին աշխատում մեծ փողեր, իսկ մնացածներս օրվա հացի, ծախսի գումար աշխատող ենք եղել: Շատերս գնացել ենք ռեստորաններում, ակումբներում երգել ենք, օրվա գումարը վաստակել ենք, տեղում կերել ենք, բենզին ենք լցրել, վերադարձել ենք տուն, եւ այդպես մենք տարիներ շարունակ ապրում ենք: Հիմա վերցնել այդ մարդկանց գետնին հավասարեցնել, ուրախանալ, որ փորձության մեջ են: Ես երբեք կողմ չեմ եղել կառավարության դիմաց հավաքվելուն եւ ասել եմ, որ կարելի է դրա փոխարեն մամլո ասուլիս անել ձայնը տեղ հասցնելու համար, բայց դա չի նշանակում, որ ես ուրախանում եմ, թե նրանց հետ ոնց են վարվում: Նրանք էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն: Հեղափոխությունը մի շատ լավ բան տվեց՝ բացահայտեց շատ-շատերի իրական դեմքերը: Բազմիցս ասել եմ եւ հիմա էլ ասում եմ` մենք մնայուն ենք, կապ չունի՝ մեր ռեյտինգը կբարձրանա, թե կիջնի, մեզ կթաղեն, թե կկենդանացնեն: Մենք միշտ ենք լինելու, իսկ քաղաքական գործիչները փոփոխական են, նրանք այսօր կան, իսկ վաղը՝ ոչ: Ինչ ես այս ոլորտում եմ, արդեն վեցերորդ նախագահն է փոխվում, ու դեռ տասնվեցն էլ կփոխվի:

Զրուցեց  ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

«ԱՆԴՐԵՆ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆ Է». ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Անդրեն, ով, կարծես թե, վերջին տարիներին բնակություն է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այնտեղի «Tet A tet» հաղորդման ժամանակ շատ սուր արձագանքել է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանին, որը հարցազրույցներից մեկում երգիչներին անվանել էր ադրբեջանցիներ եւ խորհուրդ էր տվել վերջիններիս երկրից հեռանալ։

 

«Նրանք ադրբեջանցիներ են, ադրբեջանական մթնոլորտում են մեծացել, վաբշե պետք է մաքրվեք ստեղից…»,-նշել էր Հախվերդյանը։

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ՝ նրա դիրքորոշումը հասկանալու համար:

«Ես նման բան չեմ ասել, ես ընդամենն ասել եմ, որ նրանք մուղամաթի մշակույթի մեջ են մեծացել, իսկ մյուս սերունդը, բնականաբար, Կոմիտասի, եւ այդպես, դա եմ ես ասել։ Ես կոնկրետ իրեն չեմ ասել, ես նկատի եմ ունեցել ղարաբաղյան կլանին։ Անդրեն սովորական ոչնչություն է, ներողություն, եթե շուն չէ, շնիկը հաչում է քեզ վրա, Դուք ուշադրություն դարձնո՞ւմ եք այդ շնիկին»-եզրափակել է Ռուբեն Հախվերդյանը։

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՎԱՐԱԿՄԱՆ 3 ԴԵՊՔ

Ֆրանսիական «Մարսելում» գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 դեպք. hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբն այդ մասին արդեն հայտնել է Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգային: Վարակվածների անունները չեն նշվում: Օգոստոսի 21-ին «Մարսելը» Ֆրանսիայի առաջնության առաջին տուրում պետք է ընդունի «Սենտ Էթյենին»: Հանդիպման անցկացումը վտանգված է:

 

 

ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ

Հայաստանի 3 ներկայացուցիչներ կմասնակցեն Ուզբեկստանի անկախության օրվան նվիրված ծանրամարտի միջազգային հեռավար մրցաշարին, որը տեղի կունենա օգոստոսի 29-ին. հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Հանդես կգան Անդրանիկ Կարապետյանը (87 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) եւ գերծանր քաշային Վարազդատ Լալայանը։ Մրցավարական հանձնաժողովում ընդգրկված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր մասնագետ, միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը։ Օլիմպիական փոխչեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանը եւ Գոռ Մինասյանը մրցաշարին չեն մասնակցի վնասվածքների բուժումը շարունակելու պատճառով։ Լավագույն եռյակում տեղ գտած ծանրորդները կստանան համապատասխանաբար 2500, 1500 եւ 750 դոլար պարգեւավճար։

 

 

ԽՈՍԵԼ ԵՆ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան ու ֆրանսիացի կիսապաշտպան Յոան Գուֆրանը նախախաղային ասուլիսում խոսել են Կիպրոսի «Օմոնիայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպման մասին. փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը: Օգոստոսի 19-ին Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում կայանալիք խաղը կմեկնարկի ժամը 19:00-ին: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել ռումինացի Սեբաստիան Կոլցեսկուն, որին եզրերում կօգնեն իր հայրենակից Ռադու Գինգուլեցը եւ բելառուս Անտոն Գուսեւը: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի դիմակայություններն անցկացվում են մեկ խաղով: «Օմոնիային» հաղթելու դեպքում հայկական ակումբը կմրցի «Լեգիա» (Լեհաստան) – «Դրիտա» (Կոսովո)/«Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա) զույգի հաղթողի հետ:

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

«Արեւ եւ Ջուր» ՍՊԸ-ն մտադիր է դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` ընկերության ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքում կառուցված «Կապուտջուղ» ՓՀԷԿ-ից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման հայտով: Առաջարկվող սակագինը` 24,402  դրամ/կՎտժ (առանց ԱԱՀ): Հեռ.՝ (077) 92-50-00,  հասցե՝ ՀՀ, ք. Կապան, Ազատամարտիկների փող. շենք 5, բնակարան 35:

 




Լրահոս