«ՀԻՄԱ ԱՎԵԼԻ ՀԱՆԳԻՍՏ ԵՄ ԻՆՁ ԶԳՈՒՄ». ԻՌԵՆ ՈՒԼԻԽԱՆՈՎԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատերի համար ամառային հանգիստը տարվա ընթացքում ամենասպասվածն է, երբ կարող ես վայելել ծովափնյա հանգիստը կիզիչ արեւի տակ, լիաթոք կտրվել առօրյա եւ աշխատանքային հոգսերից, սակայն այս տարի աշխարհն ուրիշ պլաններ էր նախատեսել մարդկության համար` համաշխարհային համաճարակ, որը ճեղքեց յուրաքանչյուր պատնեշի եւ փոխեց նախապես գծված բոլոր ծրագրերի ընթացքը:

 

Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը, շարունակելով ամառային հանգստին վերաբերող շարքը, այս անգամ զրուցել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած  սիրված պարուհի Իռեն Ուլիխանովայի հետ: Պարուհին մեզ հետ զրույցում պատմել է նախընտրելի հանգստի ձեւի, վայրի մասին, ինչպես նաեւ անդրադարձել է համաճարակի բռնկման պատճառով խափանված ծրագրերին:

-Իռե՛ն,  այս տարի, կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված, շատերի ամառային հանգստի հետ կապված ծրագրերը խափանվել են։ Մինչ կորոնավիրուսը ի՞նչ պլաններ ունեիք՝ հանգստի հետ կապված:

-Իրականում այս կորոնավիրուս համավարակը պարալիզացրել եւ խառնել է ամեն ինչ, եթե ոչ բոլորի, ապա շատերիս կյանքը: Ես ապրիլի 4-ին պետք է ունենայի մենահամերգ` Irendance studio-ի տարեկան հաշվետու համերգը, սակայն համավարակի հետեւանքով այն չկայացավ, եւ առաջին ամենամեծ պլանների խափանումը հենց դա եղավ: Այնուհետեւ՝ հուլիսի 21-ին,  ընտանիքով պետք է գայինք Հայաստան, դա էլ երկրորդ ամենացավալի խափանումն էր:

-Իսկ արդեն հասցրե՞լ եք հանգստանալ։

-Եթե հաշվի առնենք, որ անդադար աշխատել եմ օրվա 12-15 ժամը, եւ համեմատենք այժմյան  ստիպված տանը մնալը, վստահ կարող եմ ասել, որ այս հինգ ամիսների ընթացքում ուժերս շատ ավելի վերականգնվել են, եւ շատ ավելի հանգիստ եմ հիմա ինձ զգում, բայց ես իմ աշխատանքային վազքն եմ սիրում:

-Ինչպիսի՞ հանգիստ եք նախընտրում՝ պասի՞վ, թե՞ ակտիվ։

-Ես ակտիվ հանգստի սիրահար եմ, երբեք չեմ կարող մեկ օրից ավել պասիվ հանգիստ ունենալ:

-Կա՞ երկիր կամ վայր, որտեղ, անկախ ամեն ինչից, միշտ նախընտրում եք լինել։

-Եղել եմ տարբեր երկրներում, շատ եմ սիրում շրջագայել, բայց երբ հարցը կանգնում է մի տեղ գնալու, ես իմ տնից, իմ հայրենի հող ու ջրից, իմ Հայաստանից առավել ոչինչ չեմ տեսնում:  Բոլոր ճանապարհները տանում են դեպի Հայաստան:

-Ամառային հանգստի մեկնելիս կա՞ մի իր, որ պարտադիր լինում է Ձեր ճամպրուկում։

-Հեռախոսի «Зарядочник» եւ շարժական «акумулятор»,  քանի որ հեռախոսս աշխատում է օրը 24 ժամ, միշտ ձեռքիս է, միշտ կապի մեջ եմ, բայց  երկար խոսել չեմ սիրում, միշտ լիցքավորվելու կարիք ունի այն:

-Իռե՛ն, իսկ սթրեսից դուրս գալու համար ի՞նչն եք հատկապես կարեւորում հանգստի մեջ։

-Ես սթրեսի մեջ չեմ ընկնում՝ ի շնորհիվ իմ հրաշքներ գործող մասնագիտության, իմ ճամպրուկում միշտ կա էլեկտրական «кофеварка» եւ հայկական ավանդական սեւ սուրճ:

-Բացի ֆիզիկական հանգստից, էլ ի՞նչն է Ձեզ հանգստացնում, թեթեւացնում։

-Կորոնավիրուսյան ժամանակահատվածի ընթացքում բացահայտեցի նաեւ, որ հեռուստացույցով հետաքրքիր հաղորդումներ դիտելն ինձ համար հաճելի է դարձել:

-Իսկ ինչպե՞ս եք որոշում, թե ամառային հանգիստը որտեղ եւ ում հետ եք անցկացնելու։

-Տեղը հավերժ որոշված է` Հայաստան, իսկ թե ում հետ, կախված է եկողներից…

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

ՄԱՐԶԻՉԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է

Գերմանական «Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նիգելսմանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում ֆրանսիական ՊՍԺ-ից կրած պարտությունը: «ՊՍԺ-ն արժանի հաղթանակ տարավ: Հանդիպման առաջին 10-12 րոպեներին մենք կարողանում էինք դիմադրել, սակայն ՊՍԺ-ն ակնհայտորեն ավելի ուժեղ էր: Երկրորդ գոլից հետո «Լայպցիգի» ֆուտբոլիստները պարզապես հանձնվեցին: Այնուամենայնիվ, մենք լավ մրցաշրջան ենք անցկացրել, եւ ես գոհ եմ իմ թիմի խաղից»,-ասել է Նիգելսմանը: Հիշեցնենք, որ «Լայպցիգը» պարտություն կրեց ՊՍԺ-ից 0:3 հաշվով: Եզրափակչում փարիզյան թիմի մրցակիցը կլինի «Բավարիա» – «Լիոն» դիմակայության հաղթողը:

 

2 ԱՄԻՍ՝ ԱՊԱՔԻՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Կատալոնական «Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը օգոստոսի 18-ին վիրահատության է ենթարկվել: Այս մասին 28-ամյա դարպասապահը գրել է Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում: Ծնկի վիրահատությունից ապաքինվելու համար Տեր Շտեգենից կպահանջվի շուրջ 2 ամիս: Մարկ-Անդրե տեր Շտեգենը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղում, որում «Բարսելոնան» պարտություն էր կրել 2:8 հաշվով: Ֆրանանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում գերմանական «Լայպցիգի» նկատմամբ 3:0 հաշվով տարած հաղթանակը: «Ոչ մի վայրկյան չեմ կարողացել հանգիստ հետեւել հանդիպմանը, սակայն ՊՍԺ-ն, իրոք, հրաշալի աշխատանք կատարեց: Առավել գոհ եմ պաշտպանությունում թիմի կատարած աշխատանքից: Մենք հավատարիմ մնացինք մեր մարտավարությանը եւ կարողացանք հաղթանակ տանել հզոր մրցակցի հետ խաղում: Պետք է ամեն ինչ անենք եզրափակիչում հաղթելու եւ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու համար»,-գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

 

ԿԱՐԻԵՐԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ

Թուրինի «Յուվենտուսի» եւ Բրազիլիայի ազգային հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Դուգլաս Կոստան կարող է մարզական կարիերան շարունակել Անգլիայի պրեմիեր լիգայում: Sky Sports-ի տեղեկություններով՝ Դուգլաս Կոստայի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որը բրազիլացի ֆուտբոլիստին դիտարկում է որպես Ջեյդոն Սանչոյի այլընտրանք: Դուգլաս Կոստայի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ. հունիս: Ավարտված մրցաշրջանում Կոստան «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 23 հանդիպման, խփել 5 գոլ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողանում համաձայնության գալ Դորտմունդի «Բորուսիայի» հետ անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի տեղափոխության շուրջ:

 

 

 




Լրահոս