Լուսանկարն արվել է Երեւանում
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 20:30-ի սահմաններում Գարեգին Նժդեհ-Սեւանի փողոցի խաչմերուկում բախվել են BMW X5 մակնիշի 51 OA 100 համարանիշի եւ Audi ՏB մակնիշի 91 CH 100 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով կա 7 վիրավոր, որոնցից 3-ը երեխաներ են: Վիրավորներից 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ 5 հոգի էլ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Եթե բանկը հաճախորդի հաշվեհամարին գումարը երկու անգամ է փոխանցում, ապա խնդրում եմ ասել՝ պարտավոր է արդյոք հաճախորդը վերադարձնել այդ գումարը:
Նելլի Հարությունյան (43 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ, այո՛, հաճախորդը պարտավոր է այդ գումարը հետ վերադարձնել, քանի որ անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը)՝ բացառությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099 հոդվածով նախատեսված դեպքերի (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092 հոդվածի 1-ին կետ): Այս կանոնը կիրառվում է՝ անկախ այն բանից՝ անհիմն հարստացումը ձեռք բերողի, տուժողի, երրորդ անձանց գործելակերպի հետեւանք է եղել, թե կատարվել է նրանց կամքից անկախ:
Ֆինանսական համակարգի հաշտարար
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ բանկն իրավունք ունի նաեւ առանց հաճախորդի կարգադրության հաշվից գումար դուրս գրել դատարանի վճռով սահմանված դեպքերում:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչպես են բնութագրվում անավարտ (կիսակառույց) շենքերի, շինությունների ավարտվածության աստիճանները:
Լեւոն Արիստակեսյան (35 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Արիստակեսյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում անավարտ (կիսակառույց) շինությունները գույքահարկով հարկման նպատակով ըստ ավարտվածության աստիճանի բնութագրման կարգը սահմանվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի N 645-Ն որոշմամբ, համաձայն որի՝
ա) շինությունները համարվում են մինչեւ 50 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե կառուցված են շինության պատերը եւ միջհարկային ծածկը: Գնահատման բանաձեւում կիրառվող գործակիցը` 0.5,
բ) շինությունները համարվում են 50-80 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե կառուցված են շինության հիմնահարկը (հիմնահարկերը) եւ տանիքը: Գնահատման բանաձեւում կիրառվող գործակիցը` 0.7,
գ) շինությունները համարվում են 80 եւ ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե լիովին ավարտված չեն հարդարման եւ հարակից աշխատանքները: Գնահատման բանաձեւում կիրառվող գործակիցը` 1.0:
Կադաստրի կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ հողի հարկ վճարողներ են հողի սեփականատերերը եւ պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները, իսկ վարձակալության պայմաններով օգտագործման տրամադրված հողերի համար հարկը գանձվում է վարձատուից: Գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է համարվում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը: Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է համարվում հողի կադաստրային գնահատման արժեքը: