ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան գումարով են հայտնիները նկարահանվում գովազդներում և արդյոք վճարում են հարկերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, հայտնի մարդիկ դառնում են այս կամ այն բրենդի դեմքը՝ գովազդելով խանութ-սրահները կամ որեւէ ապրանքանիշ: Եվ հաճախ հանրությանը հետաքրքրում է, թե վերջիններս գովազդային ֆոտոշարքերում կամ տեսահոլովակներում նկարահանվելու համար որքան գումար են աշխատում, ինչ սկզբունքով են ընտրություն կատարում, արդյոք կատարում են իրենց հարկային բոլոր պարտավորությունները՝ որեւէ ապրանք գովազդելու համար:
Եվ ահա ArmLur.am-ը փոքրիկ հետաքննություն է անցկացրել՝ պարզելու համար, թե ինչ սկզբունքով է իրականացվում հայտնի մարդկանց եւ խանութ-սրահների համագործակցությունը: Պարզվում է՝ շատ դեպքերում ոչ թե գումար են վճարում, այլ սիմվոլիկ որեւէ նվեր կամ համագործակցություն է լինում:
Elegant shop բրենդային խանութ-սրահի ապրանքանիշները գովազդում են` Մարինկա Խաչատրյանը, Բեն Ավետիսյանը, Մերի Եփրեմյանը եւ այլ հայտնիներ։ ArmLur.am-ը կապ է հաստատել ընկերության հետ, փորձել է պարզել, թե որքան գումարի դիմաց են նկարահանվում գովազդային ֆոտոշարքերում, եւ առհասարակ ինչպես է տեղի ունենում այդ գործընթացը: Խանութ-սրահից մեզ հայտնեցին, որ նման տեղեկությունները խիստ գաղտնի են եւ մեր հարցերին պատասխանել չեն կարող:
All Cell խանութ սրահի գովազդային վերջին ֆոտոշարքը ներկայացնում է դերասանուհի Լիա Զախարյանը: ArmLur.am-ի հետ զրույցում խանութ-սրահի տնօրեն Սարգիս Կիրակոսյանը նշեց, որ խանութ-սրահի գովազդներում հիմնականում նկարահանվում են իրենց ընկերները, այդ թվում՝ նաեւ դերասանուհի Լիա Զախարյանը. «Մեր ընկերներն են նկարվում, հիմա գալիս են մեր խանութ սրահից օգտվում են, դուրները գալիս է, ցանկանում են օգնած լինել, օգնում են: Լիան իմ հարյուր տարվա ընկերն է, եւ ոչ միայն նա»: Իսկ ահա դերասանուհին մեզ հետ զրույցում շատ կտրուկ արձագանքեց՝ չցանկանալով մեր հարցերին պատասխանել:
Svetlana Begoyan դիզայներական ընկերության պաշտոնական էջն ուսումնասիրելիս նկատում ենք, որ նրա գովազդային ֆոտոշարքերում են նկարահանվել դերասանուհի Շողեր Թովմասյանը, երգչուհի Սյուզի Մելիքյանը: Մեզ հետ զրույցում ընկերության տնօրեն Սվետլանա Բեգոյանը հայտնեց, որ աշխատում է շատ հայտնի մարդկանց հետ, եւ նրա կողմից երբեւիցե ֆինանսավորում չի եղել հայտնիներին: «Ես երբեւիցե ոչ մեկին գումար չեմ վճարել, իրենք ինձ խնդրել են, որպեսզի ես իրենց համար ինչ-որ աշխատանք անեմ: Իրենք զանգել են ինձ, խնդրել են, որ ուզում են ինձ հետ համագործակցել եւ ես էլ համաձայնել եմ: Ես երբեք գովազդի համար ֆինանսավորում չեմ արել», – նշեց նա:
Իսկ Gabajyan ընկերության հիմնադիր եւ դիզայներ Արայիկ Գաբաջյանը հայտնեց, որ նրա հագուստները կրում ու նկարահանվում են բացառապես նրա ընկերները՝ անվճար. «Ես բոլորի հետ ընկերներ եմ, ինչ գումարի մասին է խոսքը: Women’s club –n ամբողջությամբ ես եմ անում, Գայայի պրոդյուսերն եմ, մնացածը բոլորն իմ ընկերներ են, սկսած Հռիփսիմե Հակոբյանից վերջացրած ….չգիտեմ, ոնց կարող եմ իմ ընկերներին վճարել»:
Shatverian fashion studio-ի հիմնադիր, դիզայներ Դիանա Շատվերյանն էլ մեզ հետ զրույցում նշեց որ գումարային հարցերին չի կարող պատասխանել, քանի որ յուրաքանչյուրի հետ աշխատում են տարբեր պայմաններով: «Շատ հաճախ տեղի է ունենում փոխհամաձայնություն, ինչը նորմալ երեւույթ է, եւ առհասարակ շոու-բիզնեսում նման դեպքերը շատ հաճախ են լինում», – նշում է նա:
Nikolyan fashion studio-ի հիմնադիր, դիզայներ Արամ Նիկոլյանը, ով համագործակցում է շոուբիզյան հայտնի դեմքերի հետ, մեզ հետ զրույցում ևս նշեց, թե նմանատիպ համագործակցությունները բրենդի հետ կապված հիմնականում ընկերական են, եւ իրենից ֆինանս չի ենթադրում: «Ինչ-որ աշխատանք, որ արվում է տվյալ արտիստի համար, նա փոխադարձ անում է անվճար ֆոտոշարք, քանի որ մեծ մասն իմ ընկերներն են»:
Ankasa բրենդային հագուստի խանութ-սրահի վերջին գովազդային ֆոտոշարքերում նկարահանվել են շոուբիզյան հայտնի արտիստներն իրենց ընտանիքիների հետ միասին: Մասնավորապես նկարահանվել են՝ Մանո եւ Սարգիս Գրիգորյանների ընտանիքը, Սարո Թովմասյանը, Արամեն եւ Աննա Թովմասյանը, Նազենի Հովհաննիսյանն ու Սոֆի Մխեյանը, Ավետ Բարսեղյանը, Հրուշ Եղոյանը եւ այլք: Ankasa-ից մեզ այդպես էլ հստակ պատասխան չտվեցին՝ նշելով, որ տեղյակ չեն, իսկ ահա Մանո Գրիգորյանն էլ մեր հարցմանն ի պատասխանն ասաց, որ դրանք շատ փակ խոսակցություններ են: «Պայմանավորվածությունները ձեռք են բերվում ներքին կարգով, որն աշխատանքային գաղտնիություն է, չեմ կարող ասել: Դա երկկողմանի պայմանավորվածություն է»: Հարցին ՝ ստացված գումարից արդյոք կատարում են հարկային պարտավորությունները, եւ վերջին անգամ երբ են կատարել, դերասանուհին պատասխանում է. «Ես անկեղծ ասած դրա մասին տեղյակ չեմ, նմանատիպ խոսակցություններ չեն եղել, որ պետք է որոշակի գումար վճարվի, բայց եթե  դա օրենքով է, մենք էլ բոլորս օրենքի առաջ հավասար ենք»:
Aghababyan Fashion House-ից մեզ հայտնեցին, որ չեն կարող պատասխալ մեր հարցերին, քանի որ դա աշխատանքային գաղտնիք է եւ էթիկապես ճիշտ չէ: Նշենք, որ վերջինիս գովազդային շարքերում են նկարահանվել դերասանուհի Եվա Զոհրաբյանը, Անահիտ Կիրակոսյանը, Անելյա Գուբրյանը եւ այլն: Սակայն Անահիտ Կիրակոսյանը հրաժարվեց մենկաբանել: Իսկ դիզայներ, մոդել Մադոննա Հարություննյանը, ով նկարահանվում է մի շարք բրենդային խանութ-սրահների համար, մեզ հետ զրույցում հայտնեց, որ դա շատ փակ եւ անձնական իմֆորմացիա է, որի մասին խոսել չի ցանկանում:  Իսկ գեղեցկուհի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը, ով նույնպես համագործակցում է տարբեր բրենդային ընկերությունների եւ հագուստի սրահների հետ, մեզ հետ զրույցում անդրադառնալով մեր հարցմանն՝ ասաց, որ կոնկրոտ VahanKhachatryancouture -բրենդի հետ կապված միայն ընկերական համագարծակցություններ են եւ ոչ մի գումարային թեմա չկա այդտեղ:
Դերասանուհի Լիանա Հակոբյանը, ով համագարծակցում է promesafashion-ի հետ, մեզ հետ զրույցում հայտնեց, որ գումարի չափը կախված է ժամային քանակից, թե քանի ժամ է անցկացվելու նկարահանումները: Օրինակ՝ հագուստի գովազդում նկարահանվելու համար միայն ֆոտոսեսիան արժե 200 հազար դրամ:
Այսպիսով, եթե հետեւենք մեր զրուցակիցների խոսքերին, ապա նրանց կողմից որեւէ հագուստ գովազդելը, բարի կամքի դրսեւորում է իրենց ընկերների նկատմամբ: Թե որքանով են այս տեղեկությունները ճշմարիտ կամ իրականում ինչ է կատարվում գովազդի շուկայում, միանշանակ դժվար է ասել: Ամեն դեպքում անկախ հանգամանքներից, բոլորն են պարտավոր ավելի թափանցիկ աշխատել՝ կատարելով նաեւ բոլոր հարկային պարտավորությունները եւ լինելով պահանջատեր:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Լիդա Եղիազարյան




Լրահոս