Կարանտին կարող է սահմանվել 6 ամիս ժամկետով. ինչ է սահմանում նոր փաթեթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության օրակարգում է նախագծերի փաթեթը, որի միջոցով հնարավոր կլինի արագ որոշումներ կայացնել եւ իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ:
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության, Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության և ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Միաժամանակ հարակից օրենքներով կնախատեսվեն պատասխանատվոթյան համապատասխան միջոցներ՝ կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված միջոցառումների կատարման ապահովման պահանջները խախտելու համար:

Օրինակ հոդված 20-ն ասում է. Կարանտին սահմանվելու դեպքում կիրառվող սահմանափակող միջոցառումները

1. Կարանտին սահմանվելու դեպքում, ի թիվս 20.1-ին հոդվածի 2-րդ մասում նշված միջոցառումների, կարող են կիրառվել հետևյալ սահմանափակող միջոցառումները․

1) համաճարակի (կարանտինային) գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում.

2) «Պետական սահմանի մասին» օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում.

3) անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ.

4) օբսերվացիա.

5) ինքնամեկուսացում.

6) մեկուսացում:

Ընդ որում, Կարանտինը սահմանվում է մինչև վեց ամիս ժամկետով:

Կարանտինի պայմաններում մեկուսացման (ինքնամեկուսացման) կամ անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա։

2. Նույն արարքը, որը՝

1) անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառել է ծանր վնաս,

2) անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց վարակում՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա։

3. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:

 




Լրահոս