ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԱԶՈՐ ԿՍՏԵՂԾՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Պաշտպանության մասին» օրենքում: Հայաստանում ստեղծվում է աշխարհազոր։ Կամավորներին փոխարինելու է գալիս աշխարհազորը, որը գործելու է այն ժամանակ, երբ հակառակորդը ոտնձգություն իրականացնի։ Օրենքի նախագիծը դրվել է հանրային քննարկման:

 

Օրենքի նախագծի համաձայն՝ սահմանվում են աշխարհազորի հասկացությունը, նպատակները, կառուցվածքը, ձեւավորման կարգը, խաղաղ եւ պատերազմի ժամանակ աշխարհազորի պատրաստության եւ կիրառման, ենթակայության եւ ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:

Որպես ընթացիկ խնդիր եւ իրավիճակ՝ նշվում է. «Ներկայումս Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն օգտագործվում է ոչ լրիվ ծավալով, այն չունի համակարգված, կազմակերպված ու նպատակաուղղված բնույթ, առավել եւս՝ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում: Հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրումը ցույց է տալիս, որ ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի եւ այլ գործողությունների, ինչպես նաեւ հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայնորեն կիրառմամբ: Դրանց դիմակայելու, չեզոքացնելու եւ ոչնչացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի եւ միջոցների համախումբ՝ աշխարհազոր, որոնք պատերազմի ժամանակ ի զորու կլինեն հակառակորդի հավանական գործողություններից հուսալիորեն պաշտպանելու երկրի տարածքը, բնակչությունը, կարեւորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները»:

Հոդված 29-ում նշվում է. «Հոդված 29.1. Աշխարհազորը

  1. Աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է:
  2. Աշխարհազորի նպատակներն են՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր եւ համազգային բնույթ հաղորդելը,

2) հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի եւ այլ գործողություններից Հայաստանի Հանրապետության տարածքի, բնակչության եւ ենթակառուցվածքների պաշտպանության պլանավորված միջոցառումների իրականացմանն աջակցությունը,

3) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի կիրառման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու տնտեսության օբյեկտների կենսագործունեության ապահովմանն աջակցությունը:

  1. Աշխարհազորի կիրառումը ներառում է՝

1) մասնակցությունը Հայաստանի Հանրապետության սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի վտանգված հատվածների զինված պաշտպանությանը,

2) պայքարը հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի եւ այլ գործողությունների դեմ,

3) մասնակցությունը հատուկ եւ կարեւորագույն նշանակության օբյեկտների զինված պաշտպանությանը,

4) մասնակցությունը զորքերի եւ բնակչության զանգվածային տեղաշարժի կենտրոնական երթուղիների զինված պահպանությանը եւ պաշտպանությանը,

5) մասնակցությունը քաղաքացիական պաշտպանության գործընթացին:

  1. Աշխարհազորի համակարգը գործում է տարածքային սկզբունքով, եւ ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ պայմանականորեն բաղկացած է զորամիավորումներից եւ դրանց ենթակա բրիգադներից ու գումարտակներից: Աշխարհազորի կառուցվածքը, պատրաստության եւ կիրառման պլանները հաստատվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամանով:
  2. Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը զինված ուժերի գլխավոր շտաբի պատրաստության գլխավոր վարչությունում ձեւավորված աշխարհազորային շտաբի միջոցով:
  3. Աշխարհազորային զորամիավորման ղեկավարը (հրամանատարը) խաղաղ եւ պատերազմի ժամանակ համապատասխան տարածքային կառավարման մարմնի ղեկավարի տեղակալն է, իսկ Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետի տեղակալը:
  4. Աշխարհազորային բրիգադի ղեկավարը (հրամանատարը) խաղաղ եւ պատերազմի ժամանակ համապատասխան քաղաքային համայնքի ղեկավարի տեղակալն է, իսկ Երեւան քաղաքի վարչական շրջաններում՝ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը:
  5. Աշխարհազորային գումարտակի ղեկավարը (հրամանատարը) խաղաղ եւ պատերազմի ժամանակ գյուղական համայնքի ղեկավարի տեղակալն է:

ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

ԵՐԿՐԱՇԱՐԺ՝ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Օգոստոսի 25-ին` տեղական ժամանակով ժամը 22:25-ին, Հայաստանի Հանրապետության ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.40. եւ արեւելյան երկայնության 47.90. աշխարհագրական կոորդինատներով, Իրան, Փարսաբադ քաղաքից 27 կմ հարավ, օջախի 12 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է ԱՀ Ստեփանակերտ քաղաքում 2 բալ ուժգնությամբ։

 

 

ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋ

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում 14-օրյա ինքնամեկուսացման պահանջ է սահմանված արտերկրից ՀՀ ժամանող անձանց համար։ Ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետի ընթացքում անձը կարող է վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտություն, որի բացասական պատասխանի դեպքում կարող է դուրս գալ մեկուսացումից։

 




Լրահոս