Լուսանկարն արվել է Էրեբունի վարչական շրջանում
Շներն այնպես են տեղավորվել, որ տպավորություն է, թե այս տարածքը նրանք զավթել են:
ԻՐԱՎՈՒՆՔ
ՀԱՐՑ. Կարո՞ղ են արդյոք պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը տրամադրվել կառուցապատման իրավունքով: Եվ խնդրում եմ ասել՝ ինչպես կարող է տնօրինվել հողամասի կառուցապատման իրավունքը:
Արման Երանոսյան (33 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կառուցապատման իրավունքով տրամադրվում են միայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերից:
Միաժամանակ հայտնում ենք նաեւ՝ կառուցապատման իրավունք ունեցող անձը կարող է այդ իրավունքը տնօրինել՝ փոխանցել այլ անձի, ազատորեն oտարել, գրավ դնել այն, ինչպես նաեւ կատարել այլ գործարքներ կառուցապատման իրավունքի նկատմամբ: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 2041-րդ հոդված):
Կադաստրի կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կառուցապատման իրավունքը անձի իրավունքն է այլ անձի պատկանող հողամասում` քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպեu նաեւ հողամաuի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ՝ սահմանված կարգով կառուցել շենքեր եւ շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել եւ կառուցապատման իրավունքի գործողության ժամկետի ընթացքում տիրապետել եւ օգտագործել այդ գույքը:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Արդյոք բանկը կամ այլ վարկային կազմակերպություն պարտավո՞ր է ծանուցել ինձ ժամկետանց պարտավորությունների, դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար սահմանված տույժերի եւ տուգանքների մասին:
Լիա Մնոյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ եթե կողմերի միջեւ կնքվել է սպառողական վարկի պայմանագիր (երբ վարկի գումարը չի գերազանցում 15 մլն դրամը), ապա կրեդիտավորողը (բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը) պարտավոր է իր կողմից կամ կրեդիտավորման պայմանագրով սահմանված պարբերականությամբ, բայց ոչ պակաս, քան երեսնօրյա պարբերականությամբ, սպառողին ներկայացնել կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների եւ դրանց առաջացման հիմքերի եւ մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն, այդ թվում՝ սպառողի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կրեդիտավորողի կողմից կիրառվող կամ կիրառված պատասխանատվության միջոցների (տուժանքի կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների) սպառիչ ցանկը, դրանց կիրառման դեպքերն ու կարգը էլեկտրոնային կապի միջոցով՝ բացառությամբ, եթե սպառողը գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա հրաժարվում է սահմանված տեղեկատվությունն էլեկտրոնային կապի միջոցով ստանալու իրավունքից։
Այս դեպքում պարտադիր ներկայացման տեղեկատվությունը հնարավոր է ստանալ փոստային կամ կապի այլ միջոցներով:
Ֆինանսական համակարգի հաշտարար
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե կողմերի միջեւ կնքված վարկային պայմանագիրը սպառողական վարկի պայմանագիր չէ, ապա կողմերի միջեւ հաղորդակցման կարգը կարգավորվում է վարկային պայմանագրով, իսկ եթե դրան անդրադարձ չկա, ապա կազմակերպությունը ծանուցման պարտականություն չի կրում: