ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խորհրդարանում թեժ օրեր են սպասվում. ինչ հարցեր են օրակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 14-ին խորհրդարանը կսկսի իր բնականոն աշխատանքը, իսկ այս ժամանակահատվածում ԱԺ հանձնաժողովները պատրաստվում են քննարկել հարցեր, որոնք պետք է առաջիկայում ներառվեն նստաշրջանի օրակարգ: Ըստ մեր տեղեկությունների՝ վերջին օրերին ԱԺ հանձնաժողովականները հանդիպում-քննարկումներ են ունենում հասկանալու համար, թե ինչ հարցեր պետք է ներառվի խորհրդարանի օրակարգ:

Եւ այսպես, մեզ հաջողվեց պարզել, որ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն արդեն սեպտեմբերի 9-ին նիստ է հրավիրել, որի օրակարգում կա երկու հարց: Մենք տեղեկացանք, որ հարցերից մեկը վերաբերում է «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքին, որը հանձնաժողովին կներկայացնի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արա Նազարյանը, իսկ հարակից զեկուցողն էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկերտչյանը:

Ինչպես նաեւ երկրորդ ընթերցմամբ կներկայացվի «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որն էլ կներկայացնի ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, իսկ հարակից զեկուցողը կրկին իմքայլական Արեն Մկրտչյանն է լինելու:

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը եւս նիստ է հրավիրել ու շատ մեծ օրակարգով: Այն տեղի կունենա կրկին սեպտեմբերի 9-ին: Օրակարգը վերաբերվում է հարկային օրենսգրքի փոփոխության, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերին ու մի շարք այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուն:

Խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն էլ նիստ է հրավիրել սեպտեմբերի 7-ին, որտեղ օրակարգային երկու հարց կա: Օրակարգում «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթն է, որը հանձնաժողովին կներկայացնի ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, իսկ հարակից զեկուցողները կլինեն պատգամավոր Մարիա Կարապետյանն ու ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:

Հանձնաժողովի հարցերից մեկն էլ վերաբերելու է «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որը կառավարությունից կներկայացնի ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, իսկ հարակից զեկուցողը կլինի ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Հանձնաժողովի օրակարգերից պարզ է, որ առաջիկայում խորհրդարանում թեժ քննարկումներ ու նիստեր են սպասվում:

Մանրամասները՝ տեսանյութում

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս