ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը երեկ «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում անդրադարձել է իր երբեմնի ընկերոջ` Մարգար Օհանյանի ձերբակալությանը եւ գնահատականներ տվել ՃՈ նախկին պետի գործունեությանը: «Աններելի», «անթույլատրելի» եւ նմանատիպ այլ մակդիրներ օգտագործելուց զատ, Ալիկ Սարգսյանը նաեւ այսպիսի մի ուշագրավ միտք է արտահայտել. «Ես դա ներել չէի կարող, անկեղծորեն եմ խոսում: Էլ չեմ ասում մնացած պաշտոնյաների մասին, երկրի ղեկավարի մասին, որն իր հստակ պայմաններն արդեն թելադրել է, մենք էլ պարտավոր ենք այս խաղի կանոններին ենթարկվել, այլապես ինքներս հանցագործություն ենք կատարում»: Առաջին հայացքից թվում է, թե ՀՀ ոստիկանապետը խոսում է օրինականության դիրքերից: Սակայն  իրականում Ալիկ Սարգսյանն իր այս հայտարարությամբ բացահայտում  է մեր երկրում տիրող գողական բարքերը, երբ ամեն ինչ արվում է մեկ հոգու, տվյալ դեպքում` երկրի նախագահի թելադրած խաղի կանոններով: Սա շատ լուրջ եւ շատ կարեւոր խոստովանություն է, որը լույս է սփռում շատ հարցերի վրա, այդ թվում եւ մարտի 1-ի արյունահեղության գործի: Խնդիրն այն է, որ Ալիկ Սարգսյանը հին կադրային սպա է, ով պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել նաեւ նախորդ իշխանության օրոք: Ուստի տվյալ դեպքում նրա խոսքերը կարելի է ընկալել իբրեւ մեր իրավապահ համակարգում գերիշխող հավաքական մտածողության դրսեւորում: Հետեւաբար, այն խոսակցությունները, թե  մարտի 1-ի սպանությունների հարցում պետք չէ փնտրել ամենավերեւների անմիջական մասնակցությունը,  իրականությանը չեն համապատասխանում, քանի որ, ինչպես խոստովանում է ոստիկանության գեներալ Ալիկ Սարգսյանը, այս երկրում ամեն ինչ արվում է բացառապես նախագահի թելադրած խաղի կանոններով: Եւ ուրեմն ստացվում է, որ մարտի 1-ին 10 հոգու գնդակահարությունն էլ է իրականացվել նախագահի թելադրանքով: Ալիկ Սարգսյանի ակամա խոստովանությունը հետաքրքիր է նաեւ այլ տեսանկյունից: Փաստորեն, ըստ ոստիկանապետի, ստացվում է, որ երկրում առկա կոռուպցիան, ամենաթողությունն ու թալանը եւս նախագահի թելադրած խաղի կանոններով են: Ու թերեւս հենց այդ պատճառով էլ իրավապահները` ի դեմս նույն Ալիկ Սարգսյանի, չեն փորձում այդ ամենի դեմն առնել, քանի որ «հանցագործություն արած կլինեն»: Իսկ եթե Ալիկ Սարգսյանը համաձայն չէ մեր դատողություններին, ուրեմն նախքան նման հայտարարություններ անելը պետք է հիշի, որ մենք կարծես թե ժողովրդավարության ուղին բռնած պետություն ենք, ունենք Սահմանադրություն եւ օրենքներ: Ուստի երկրիս ոստիկանապետը, ով կոչված է  հսկելու օրինականությունը, առաջին հերթին պետք է հետեւի  ոչ թե Սերժ Սարգսյանի թելադրած խաղի կանոններին, այլեւ երկրի օրենսդրությանը: Հայաստանը երկիր է, ոչ թե ավազակապետություն, ինչպես սիրում են կրկնել պաշտոնյաները:




Լրահոս