ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այսօրվա հրամանով՝ ՀՀ Կոտայքի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սեւակ Հովհաննիսյանը փոխադրվել եւ նշանակվել է Երեւան քաղաքի դատախազի պաշտոնում: ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով՝ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի պետական խորհրդական Պետրոս Պետրոսյանը փոխադրվել եւ նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազի պաշտոնում:
ArmLur.am-ը ոչ մեկ անգամ էր գրել, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շարունակում է իրեն շրջապատել մտերիմներով եւ մարզային դատախազներին բերում եւ նշանակում է տարբեր պաշտոնների արդեն Երեւանում՝ իր կողքին: Եվ Սեւակ Հովհաննիսյանի նշանակումը եւս տեղավորվում է այդ տիրույթում, քանի որ վերջինս Արթուր Դավթյանի մտերիմներից է:
Նշենք, որ ArmLur.am-ը դեռեւս 2018 թվականի հունիսին զրուցել էր Սեւակ Հովհաննիսյանի հետ, որն այն ժամանակ զբաղեցնում էր Արարատի մարզի դատախազի պաշտոնը եւ իր աշխատասենյակում՝ պատին, փակցված էր Սերժ Սարգսյանի լուսանկարը: Նկատենք, որ «ՀՀ դատախազության մասին» օրենքի 7-րդ հոդվածը, որը վերաբերում է դատախազի ապաքաղաքականացվածության մասին, հստակ սահմանում է. «Դատախազը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն»: Եվ, ահա, տարբեր տեղեր տեղափոխվելուց հետո Արթուր Դավթյանը Սեւակ Հովհաննիսյանին բերեց իր մոտ՝ նրան նշանակելով Երեւան քաղաքի դատախազ:
Իսկ, ահա, Պետրոս Պետրոսյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազներից մեկն է, իսկ մյուսը՝ Գեւորգ Բաղդասարյանը, օրեր առաջ նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն ազատվել էր զբաղեցված պաշտոնից օգոստոսի 24-ին: Գլխավոր դատախազությունն այս առնչությամբ պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«ՀՀ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում նոր աշխատանքի անցնելու եւ գիտամանկավարժական առավել ներգրավված գործունեությամբ զբաղվելու կապակցությամբ, իր անձնական դիմումի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով, այսօր զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Դավիթ Մելքոնյանը:
Օգոստոսի 24-ին հրավիրված ՀՀ դատախազության կոլեգիայի նիստի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել պարոն Մելքոնյանին նախորդ ավելի քան 6 տարիների ընթացքում դատախազության համակարգում ներդրած մեծ ավանդի, կատարած բարեխիղճ, նվիրված, ծավալուն, արդյունավետ աշխատանքի համար, հաջողություն մաղթել նրան պետության համար ոչ պակաս կարեւոր գիտակրթական ոլորտում իր հետագա աշխատանքի ընթացքում:
ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ Դավիթ Մելքոնյանի բարձր պրոֆեսիոնալ հատկանիշները, գիտական միտքը ՀՀ դատախազության համակարգի զարգացմանը ծառայեցնելու նպատակով իր հրամանով նա կնշանակվի ՀՀ դատախազությունում նոր ձեւավորվող գիտամեթոդական խորհրդի նախագահ:
Հրավիրված կոլեգիայի նիստին, առաջնորդվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու համար առաջարկել է Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանի թեկնածությունը, որը միաձայն հավանության է արժանացել կոլեգիայի անդամների կողմից:
ՀՀ գլխավոր դատախազի օգոստոսի 24-ի հրամանով՝ Գեւորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
Եվ նկատենք, որ թերեւս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է. «Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով առաջնորդվելը պրոբլեմ է առաջացնում», սակայն Գլխավոր դատախազության ներսում առկա ծանոթ-բարեկամական կապերի ամրապնդումը շարունակվում է: Այստեղ տարածված բարեկամության տեսակը քավոր-սանիկությունն է, որի մասին այս տարվա մայիսի 10-ին հայտարարել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` ասելով, որ դատախազական համակարգում կան մարդիկ, որոնց հետ սանիկ-քավոր հարաբերություններ ունի։
Ու պարզվում է` դատախազը կարեւորագույն գործերով հույսը դնում է հենց իր սանիկների վրա եւ, դեռ ավելին, նրանց նոր պաշտոնների է նշանակում: Եվ, ահա, օրերս ՀՀ գլխավոր դատախազի սանիկ Կարեն Գաբրիելյանը ազատվեց Շիրակի մարզի դատախազի պաշտոնից եւ նոր պաշտոն ստացավ ՀՀ գլխավոր դատախազությունում: Ստացվում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շարունակում է իրեն շրջապատել մտերիմ ու հավատարիմ դատախազներով:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՕՇԱԿԱՆՑԻ ԳԵՎՈՐԻԿԸ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով իրականացված գործողությունների, ինչպես նաեւ դրանց զուգահեռ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու, վերջինիս մասնակցելու կամ ներգրավվելու, հիշյալ խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հանցավոր սխեմաներ:
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հիմնավոր կասկածանքով 2020թ. օգոստոսի 25-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել «օրենքով գողի» կարգավիճակ ստացած Օշականցի Գեւորիկ մականվամբ Գ. Մ.-ն, ով նույն օրը քրեադատավարական օրենքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում ձերբակալվել է. հայտնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից: «Օրենքով գողի» կարգավիճակ ստացած Օշականցի Գեւորիկ մականվամբ Գ. Մ.-ն, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, ստանալով եւ պահպանելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը եւ հանդիսանալով այդ կարգավիճակով ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ, 2020թ. փետրվարի 22-ից հետո շարունակել է պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը եւ ստանձնել է մասնավոր, այն է՝ պարտք մնացած գումարի վերադարձման խնդրին վերաբերող վեճի՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելու եւ սպառնալիքի միջոցով իրեն դիմած անձի օգտին լուծելը: Նույն քրեական գործի շրջանակներում բերման են ենթարկվել եւս 4 անձինք: Նախաքննական մարմնի կողմից բերման ենթարկված անձանցից 3-ը ՀՀ քրեադատավարական օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում ձերբակալվել են, իսկ 1-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ հայտնաբերելու նպատակով վերը նշված անձանց բնակարաններում հիշատակված քրեական գործերով կատարվել են ընդհանուր թվով 6 խուզարկություններ, որի արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, վեճի առարկա հանդիսացող հողամասերի սեփականության իրավունքի գրանցման վկայագրեր, ինչպես նաեւ քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր սխեմայում ներգրավված մասնակիցների կողմից այլ հանցավոր դրսեւորումների առկայությունը պարզելու, հնարավոր հանցավոր դրսեւորումները կանխելու, խափանելու ուղղությամբ:
ՎԿԱՅԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի` Մացոյի որդին՝ Անտուան Մնացականյանը, դանակահարության գործով վկայի կարգավիճակ ունի: Նախաքննական մարմինը բացահայտել է, որ նա միջադեպի եւ առհասարակ դանակահարության հետ կապ չի ունեցել, այլ պարզապես իրավիճակին ականատես է եղել:
Armlur.am-ը գրել էր, որ Այգեստան 11-րդ փողոցի 255 հասցեի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն եւ դանակահարություն, որին ականատես, մասնակից է եղել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մեկի որդին:
Մասնավորապես, մեզ հայտնի է դարձել, թե որ դատավորի որդին է մասնակից եղել միջադեպին. վերջինս Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ Մացոյի որդին է՝ Անտուան Մնացականյանը, որը ներկայացել է ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունք:
Նշենք, որ օգոստոսի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 23։20-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Վարդան Մ.-ն է, որը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Մինչ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, ոստիկանությունը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, Այգեստան 11-րդ փողոցի 255 հասցեի մոտ Վարդան Մ.-ն, նրա եղբայրը՝ Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Անտուան Մ.-ն, Երեւանի բնակիչներ 19-ամյա Անդրանիկ Ո.-ն, 19-ամյա Ռուդիկ Ա.-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանության մեջ են մտել Երեւանի բնակիչներ 23-ամյա Էդվարդ Մ.-ի, 23-ամյա Ստեփան Ս.-ի եւ Արմին Ադամ-Մեգերդիճյանի հետ, որի ընթացքում նրանցից մեկը դանակով հարվածել է Վարդան Մ.-ի կրծքավանդակին։ Պարզվել է նաեւ, որ վիճաբանությանը ականատես են եղել Երեւանի բնակիչներ 17-ամյա Վլադիմիր Մ.-ն, 18-ամյա Քրիստինե Պ.-ն, 18-ամյա Մարիա Պ.-ն, 18-ամյա Նելի Ի.-նեւ 18-ամյա Մարգարիտա Բ.-ն։
Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են Ա. Ո.-ին եւ Մ. Պ.-ին, որոնք բերման են ենթարկվել ոստիկանության Մարաշի բաժանմունք, իսկ տարված բացատրական աշխատանքնրի արդյունքում Վ. Մ.-ն, Ք. Պ.-ն, Ն. Ի.-ն, Ա. Մ.-ն ներկայացել են ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությանը ներկաներից մեկը Հայաստանում հայտնի դատավորներից մեկի տղան է, վիրավորը բասկետբոլիստ է։ Դեպքի վայրում հայտնաբերվել են նաեւ արնանման հետքեր. վիճաբանություն-դանակահարությունից առաջ տեղի է ունեցել «փարթի»։