Կան երգչուհիներ, որոնք ավելի լավ է ուրիշ մասնագիտություն ընտրեին․ Հայկուհի Բաբախանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն այս անգամ ժողովրդական երգչուհի Հայկուհի Բաբախանյանն է, որն արդեն երկու տարի է, ինչ բնակություն է հաստատել օվկիանոսից այն կողմ՝ Միացյալ Նահանգներում։ Մեզ հետ զրույցում երգչուհին խոսել է զբաղվածության եւ հայրենիքի կարոտի մասին։

-Հայկուհի’,  արդեն մի քանի տարի է, ինչ բնակություն եք հաստատել ԱՄՆ-ում: Ինչպե՞ս որոշեցիք մշտական բնակություն հաստատել հայրենիքից հեռու:

Գրեթե երկու տարի է, ինչ բնակություն  ենք հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բայց մշտապես եղել եմ Նահանգներում տարբեր համերգային ծրագրերով, սակայն այս անգամ որոշեցինք գալ ընտանիքով շրջելու։ Այնպես ստացվեց, որ այստեղ հայկական հեռուստաընկերություններից մեկում, որի հետ բազում համագործակցություններ եմ ունեցել, ինձ առաջարկեցին ունենալ իմ հաղոդրումը, եւ ես սիրով ընդունեցի առաջարկը․ դա էլ եղավ պատճառը ԱՄՆ-ում բնակություն հաստատելու։

Ի դեպ, սեպտեմբերի 13-ին կլրանա հաղորդման մեկ տարին։ Արդեն վեց ամիս է՝ հաղորդումը եթեր է հեռարձակվում նաեւ Հայաստանում «Նոր Հայաստան» հեռուստաալիքով։ Այն բավականին մեծ լսարան ունի, եւ շատ սիրված է ժողովրդի կողմից։ Նշեմ, որ այստեղ կատարած հայրենասիրական եւ հայրենանվեր աշխատանքի առիթով վերջերս պատվոգիր ստացա սենատոր Ադամ Շիֆի կողմից ՝ հայրենիքին մատուցած բացառիկ եւ անգնահատելի աշխատանքի համար։ Պատվոգիր եմ ստացել նաեւ Գլենդելի քաղաքապետ՝ Վրեժ Աղաջանյանի եւ Լոս Անջելեսի քաղաքապետ՝ Էրիկ Գարսետիի կողմից։ Սա վկայում է իմ կատարած աշխատանքի արդյունքի մասին։

-Իսկ այս փուլում ի՞նչ նորություններ ունեք։

-Առաջիկայում պատրաստվում ենք նոր եթերաշրջանի նկարահանումներին, որը լինելու է շատ գեղեցիկ ու անակնկալներով լի, իսկ տեսահոլովակի ժամանակ չունեմ, ամբողջ ժամանակս տրամադրոում եմ հաղորդմանը, քանի որ ամեն ինչով՝ թե սցենարով, թե կազմակերպչական հարցերով զբաղվում ենք ես եւ ամուսինս, միայն կարող եմ խոստանալ, որ հետաքրքիր եթերաշրջան է սպասվում։

 -Չե՞ք կարոտում հայրենիքը, արդոք մտադրություն չկա՞ վերադառնալ Հայաստան:

Կարծում եմ հայրենիքի կարոտի մասին խոսելն ավելորդ է, քանի որ անսահման շատ ենք կարոտում՝ օդը, ջուրը, բնությունը, մեր տունը, հարազատներին, բայց, ինչ արած, դեռ մի քանի տարի կշարունակենք ապրել այստեղ, քանի որ այստեղ աշխատանք կա, որը պետք է ավարտին հասցնել։ Կարծում եմ՝ դեռ մի քանի տարի այստեղ կապրենք, իսկ հետագան Աստված առաջ, կտեսնենք, թե ինչ կլինի։

 -Որտեղ ե՞ք պատկերացնում Ձեր երեխայի ապագան:

Իհարկե, շատ լավ կլիներ, որ հայրենիքում լիներ, այդտեղ իր առաջին քայլերն աներ, բայց, ցավոք սրտի, այստեղ է արդեն սկսել դպրոց հաճախել, իսկ վաղը չգիտեմ, թե ինչ կլինի։ Աստծո կամքով որտեղ նա իրեն հանգիստ եւ լավ կզգա, թող այնտեղ էլ իր ապագան կառուցի։ Դեռ շատ երկար տարիներ ունենք առջեւում, դրա մասին մտածելու, եւ կարծում եմ, որ ժամանակը ցույց կտա։

Հայրենիքից հեռու, արդյոք հետևում ե՞ք հայկական երգարվեստին: Ի՞նչ տպավորություն ունեք:

Իհարկե մշտապես հետեւում եմ, իմ ուշադրության կենտրոնում է, թե ինչ է կատարվում Հայաստանում եւ հատկապես երգարվեստի բնագավառում, պետք  է նշեմ, որ ունենք շատ լավ տաղանդավոր երիտասարդներ, իհարկե կան նաեւ այնպիսինները, ովքեր ավելի լավ կլիներ մեկ այլ մասնագիտություն ընտրեին։

-Հայկուհի, այսօր շատ արդիական է, որ երիտասարդ երգիչ, երգչուհիները վերցնելով հին հայկական ժողովրդական, ազգագրական երգերը ոճային փոփոխույան են ենթարկում: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այդ փաստին:

-Հաճախ եմ անդրադառնում այդ հարցին, իհարկե հաճելի է նորը, բայց պետք է այն լինի չափավոր, չափի մեջ, գեղեցիկ։ Չեմ ընդունում, երբ ժողովրդական երգը վերցնում են, ռիթմային փոփոխությունների են ենթարկում, ինչ-որ ռոքային մեկնաբանություններ են անում, անկեղծ ասած դա ես չեմ ընդունում։ Միգուցե դա շատերին դուր է գալիս, բայց ինձ համար անընդունելի է։ Լավ կլինի նոր գործիքավորումներ, նոր մոտեցումներ լինեն, բայց երգը երգվի այնպես, ինչպես որ կա։ Անորակ եւ անճաշակ ոճափոխություններին անգամ չեմ ուզում անդրադառնալ, քանի որ այսօր շատ-շատ են նմանատիպ երգերն ու տեսահոլովակները, ցավում եմ, որ նման երգերը տեղ են գտնում մեր եթերում։ Մենք ունենք շատ բարձորակ տեսահոլովակներ, հիանալի երգեր, կատարողներ, ովքեր եթերից դուրս են մնում, անգամ մեկ-երկու անգամ օրվա մեջ չեն ցուցադրվում, իսկ շատ անորակ տեսահոլովակներ հաճախ են ցուցադրվում։

Հայկուհի՛, կորոնավիրուս համաճարակն ինչպես ազդեց Ձեզ եւ Ձեր գործունեության վրա:  Ինչպե՞ս եք հաղթահարում։

Ինչպես բոլորի մոտ, մեզ մոտ նույնպես լարված օրեր էին, քանի որ երբ լարված․ աշխույժ աշխատանքի մեջ ես, ու հանկարծ փակվում ես տանը, սակայն այստեղ շահում է ընտանիքը, ավելի շատ ժամանակ միասին անցկացրինք։ Այդ առումով լավ էր։  Թերեւս համաճարակը դեռ շարունակվում է, բայց  կարծում եմ որոշ չափով հաղթահարել ենք, քանի որ զերծ ենք մնացել հիվանդությունից եւ Աստված տա ՝ մինչեւ վերջ էլ այսպես շարունակենք։ Ուզում եմ համայն հայությանը մաղթել առողջություն, հայ երգարվեստի նվիրյալներին հարատեւություն ու մշակութային վերելքներ։

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս