ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնդապետը կկալանավորվի՞. նոր զարգացումներ անպետք զինատեսակի քրեական գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Անվտանգության Ծառայությունը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ, գնդապետ Վահան Ավետիսյանի խափանման միջոցի կալանավորման հարցով դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան: Ասել է, թե ՀՀ գլխավոր դատախազությունն ու Ազգային Անվտանգության ծառայությունն ամեն ինչ անում են, որ գնդապետին տանեն կալանավորման: Իսկ ինչ որոշում կկայացնի ՀՀ վճռաբեկ դատարանը, վարույթ կընդունի՞, թե՞ ոչ, սպասենք զարգացումներին:

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարի ձեռք բերված ենթադրյալ անպետք զինատեսակի քրեական գործի շրջանակներում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայության կողմից սույն քրեական գործով կալանավորվել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ Վահան Ավետիսյանը, որին հուլիսի 9-ին դատարանը հանցակազմի բացակայության հիմքով դատարանի դահլիճից ազատ էր արձակել: Մեկ կարեւոր հանգամանք. Վահան Ավետիսյանը ապրիլի 3-ին կալանավայրից բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետին եւ ասել, որ ԳՇ պետ Արտակ Դավթյանի եւ նրա տեղակալ Ստեփան Գալստյանի կողմից հետապնդումների է ենթարկվում:

Ինչպես հայտնի է, մարտի 11-ին Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Արցախն Ադրբեջանի մաս չի կարող լինել: Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ մեղադրանքների, ասել էր, որ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլարի զենք է ձեռք բերել, որը հնարավոր չէ կիրառել ռազմական գործողությունների ժամանակ: Վարչապետի այս հայտարարությունից հետո ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ էլ Գլխավոր դատախազությունն այս գործի մասին մինչ օրս պաշտոնապես որեւէ տեղեկատվություն չէին հրապարակել։ Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վահան Ավետիսյանը, որը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում, կալանավորվել է դեռ փետրվարի 29-ից՝ վարչապետի հայտարարությունից 10 օր առաջ:

Իսկ ի՞նչ անպիտան զենքի մասին է խոսքը: «Ժողովուրդ» օրաթերթը 2020 թվականի մարտի 14-ին սույն քրեական գործից մանրամասներ էր հրապարակել: Մասնավորապես, խոսքը 2016-2017 թվականներին ձեռք բերված ռադիոէլեկտրոնային միջոցների մասին է, որոնք հիմնականում պայքարում են հակառակորդի անօդաչու թռչող սարքերի դեմ: Հայաստանը ձեռք է բերել անօդաչու թռչող սարքերը ոչնչացնելու զենք, որն էլ, հետագայում պարզել են, անպիտան է, այսինքն՝ չի կարողանում ոչնչացնել հակառակորդի անօդաչու թռչող սարքերը:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս