ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանից «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե այսօր խորհրդարանում քննարկվող արտակարգ դրության մասին օրենքի նախագծի վերաբեյալ ինչ դիրքորոշում ունեն: Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ իրենք կսպասեն այնքան, մինչեւ իշխանությունները նախագծում կփոփոխեն այն կետերը, որոնք կբխեն մարդու իրավունքների պաշտպանությունից:
-Հիմա նման դիրքորոշում կա, որ փաստորեն արտակարգ դրության սահմանափակումների հետ կապված որեւէ փոփոխություն չի կատարվում, այսինքն ընդհամենն ինչ-որ բառային փոփոխություններ են կատարվում: Դուք կիսո՞ւմ եք այդ դիրքորոշումը:
-Նման մտավախությունը իրավունք ունի գոյություն ունենալ:
-Այսինքն, առաջիկայում ռեալ որեւէ փոփոխություն չի՞ կատարվելու:
-Ռեալ փոփոխությունը չգիտեմ, բայց փոփոխությունները, որոնք կարող են լինել միայն արտակարգ դրության ժամանակ, տեղափոխվել են կարանտինային ռեժիմ, ինչը ընդունելի է: Կարանտինային ռեժիմը, հասկանալի է, որ պետք է սահմանափակումներ ունենա, բայց ոչ մարդու իրավունքների բնագավառներում, որոնք հնարավոր են սահմանափակել բացառապես արտակարգ դրության պայմաններում: Հետեւաբար սահմանափակումների մի մասը ընդունելի է, մյուս մասը՝ անընդունելի:
-Կնշե՞ք կոնկրետ Ձեր դիրքորոշումը:
-Ես հույս ունեմ, որ այսօր նախարարությունը որոշակի շտկումներ կներկայացնի մեր հանձնաժողովի նիստերին, որից հետո կարող ենք անդրադառնալ ավելի մանրամասն:
-Այսինքն, Դուք առաջարկությամբ ե՞ք հանդես եկել:
-Բանավոր խնդիրները կներկայացնենք: Հույս ունեմ, որ դրանք կլուծվեն: Հույս ունեմ, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները խնդիրները տեսել են, մենք այս իրավիճակից դուրս գալու համար փաթեթ կներկայացնենք:
-Պարո՛ն Սիմոնյան, այսինքն պարետատուն ասվածը գոյություն չի՞ ունենալու: Դա էլ է՞ դուրս գալու արտակարգ դրության իրավական ռեժիմից:
-Շատ բան է դուրս գալիս: Արտակարգ դրությունն իր առանձնահատկությունն ունի: Ես խոսում եմ սահմանափակումների մասին: Սահմանափակումների մի մաս կա, որոնք բացառապես թե միջազգային պայմանագրերով հնարավոր է մարդու իրավունքների սահմանափակումներ կատարել, այդ թվում՝ ազատության սահմանափակումը, մարդկանց տեղորոշելու, նրանց անձնական տվայլները հավաքագրելու եւ այլ գործիքներ օգտագործելը: Բայց դա միայն արտակարգ դրության պայամններում է: Իսկ եթե մենք անունը դնում ենք կարանտին, բայց բովանդակային առոմով այդ սահմանափակումները շարունակում ենք պահել, դա չի նշանակում, որ դա կարանտին է: Դա նշանակում է, որ արտակարգ դրություն է:
-Այսինքն, ընդամենը բառերի փոփոխությո՞ւն է տեղի ունենում, սակայն սահմանափակումները մնում են նույնը:
-Դա էլ է սխալ ասել, որ բառերի փոփոխություն է լինում. Շատ բան փոխվում է, բայց այն հիմնական մասը, որոնք վերաբերում են մարդու իրավունքների բանագավառին, այստեղ խնդիրենրը շարունակում են մնալ:
-Իսկ Դուք դիմակների կրման հետ կապված սահմանափակումը համարում եք, որ սխա՞լ է: Իրավաբանորեն սխա՞լ է դիմակների կրումն ուժի մեջ պահելու պահանջը:
-Դիմակներ կրելու պարտադրանքը պահելը, որպես այդպիսին, մարդու իրավունքների բնագավառում այն սահմանափակումը չէ, որը ոչ միայն արտակարգ դրության պայմաններում է հնարավոր: Սա ինչ-որ առումով հնարավոր համարում եմ օգտագործել կարանտինի ժամանակ, բայց անձի կամքին հակառակ մեկուսացնելու կամ տեղորոշման սարքավորումներն օգտագործելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու հարցերն արդեն անթույլատրելի են, որ մնա կարանտինի ժամանակ:
Սոնա Գրիգորյան