Առանց դիմադրության հերթական զիջումն է տեղի ունենում. Տարոն Սիմոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանն անթույլատրելի է համարում, որ հայկական կողմը միազգային իրավունքին այսչափ անլուրջ կամ հարեւանցի է վերաբերվում: Ըստ նրա՝ միջազգային հարթակներում ու դատարաններում մի շարք գործիքներ կան, որոնցով կարելի է պայքարել թե՛ պատերազմի հետեւանքով տուժած մարդու իրավունքների, թե՛ առհասարակ պետության համար: Իրավաբաբանի համոզմամբ՝ միջազգային իրավունքից բխող դրույթները մենք հավուր պատշաճի չենք կիրառում:

-Հայաստանն ու Արցախը լուռ, առանց որեւէ դիմադրության պատրաստվում են հերթական զիջմանը։ Այս անգամ խոսքը Բերձորի, Սուս ու Աղավնո գյուղերի մասին է։ Ի դեպ, դիմադրությունը միայն զենքով պաշտպանությանը չի վերաբերում, այլ դիվանագիտությանն ու նորմերին, որոնց կարող էինք հղում անել։ Միջազգային հարթակներում հնարավո՞ր է կռիվ տալ օրենքի ու դիվանագիտության լեզվով։

-Այո, ճիշտ եք ասում, որ առանց դիմադրության հերթական զիջումն է տեղի ունենում, եւ սա այն խայտառակ զիջումն է, որ պատմության առաջ պետք է պատասխան տան ոչ միայն առանձին անհատներ, այլ ամբողջ ժողովրդով: Մեր հանրությունն այս ամենն ընդունում է նույնկերպ, ինչպես հարյուրավոր տարիներ առաջ մեր հողերի մեծ մասը զիջվեց թուրքական պետություններին:Դրա պատճառն այն է, որ շատերը պատրաստ չէին իրենց կյանքի գնով պաշտպանել հայրենի հողը:Բացի զենքի ուժով խնդիր լուծելուց, ճիշտ նշեցիք, դիվանագիտական եւ իրավական հարթակներում եւս աշխատանք չի տարվել:Ոչ միայն հնարավոր է այդ աշխատանքը տանել, այլ պարտադիր է այդ ամենը անել, որովհետեւ ցանկացած ազգային հողի հետ կապված շահ առաջ տանելու համար բոլոր գործիքները, զենքերը պետք է օգտագործենք՝ դա կլինի մարտի դաշտում, թե դիվանգիտական ու իրավական դաշտերում:Տարիներ շարունակ այս դիվանագիտությունը չի օգտագործվել եւ հիմա էլ չի օգտագործվում:Շատ անգամ նշել եմ, թե ինչպես դրանք օգտագործել. մենք ունենք դատական, իրավական գործընթացներ սկսելու լայն հնարավորություններ, 5-7 կոնվենցիա այս պահին, որոնք վավերացված են Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից, որոնց շրջանակներում կարող են դատական գործընթաց սկսել:Դիվանագիտական հարթակներում երբ որ բարձրաձայնվի էթնիկ զտումների առկա վտանգը, միջազգային հանրության գործընկերները եւ միջազգային կազմակերպություններ ինչ-որ կերպ դրան կարձագանքեն:Պետք չէ 1-2 փորձից հրաժարվել դիվանագիտական հարթակները արդյունավետ օգտագործելուց:

-2018-ից հետո Հայաստանը պատերազմի ոճրագործությունների մասով դիմել է եվրոպական ատյաններ, բայց մեր ունեցած զրույցներում մեկ անգամ չէ, որ փաստել են՝ մի շարք դրվագներով ու նորմերով հայկական կողմը հապաղել է։ Մեր բարձրաձայնումները որեւէ ազդեցություն թողե՞լ են, թե՞ ամեն բան շարունակում է մնալ այնպես, ինչպես կար։

-Մենք դիմել ենք տարբեր հարթակներ, այդ թվում՝ նաեւ դատական ատյաններ, խնդրել ենք, որ գործիքակազմ օգտագործվի Ադրբեջանին զսպելու համար:Հայկական կողմը արդյունավետորեն չի օգտագործում միջազգային հարթակները, եւ դա նոր բան չէ:2018թ.-ից այս կողմ էլ եւ դրանից առաջ էլ չի եղել, եւ պատճառները եղել են տարբեր:Այսօր հապաղումն ակնհայտ է, իսկ թե ազդեցություն թողել են մեր բարձրաձայնումները հատկապես ԶԼՄ-ներով,ապա շատ չնչին:

– Ի տարբերություն մեզ՝ օրինակ՝ միջազգային ահաբեկչությունների կազմակերպման կամ հրահրման մասով ի՞նչ է արել Ադրբեջանը, նրանք ինչպե՞ս են աշխատում այս ֆրոնտում։

-Ադրբեջանը միջազգային ահաբեկչության կազմակերպման եւ հրահրման մասով իր աշխատանքները կատարել է դեռեւսարցախյան պատերազմից սկսած:Երբ որ նա վարձկաններ էր բերում եւ մարտի էր հանում ընդդեմ հայկական ուժերի, նրանց գումար էր տալիս, դրանով իսկ խթանում է ահաբեկչության տարածումը, որովհետեւ դա շահագրգռում է այլ ահաբեկիչների՝ որպես վարձկան գրանցվելու եւ վարձկանական ծառայություններ մատուցելու:Կապ չունի՝ դու որտեղ ես վճարում վարձկանին, այդ արարքով ամբողջությամբ նպաստում ես միջազգային ահաբեկչության տարածմանը:Վաղ թե ուշ նրանք այդ գումարի դիմաց մատուցած ծառայությունները կկիրառեն մեկ այլ պետություններում:Ադրբեջանի ջանքերով ահաբեկչությունը ոչ թե նվազում է, այլ ավելանում է:

-Շատերն այն տեսակետին են, որ միջազգային հարթակներում եթե անգամ գործընթաց սկսեինք, ապա դա որեւէ արդյունք չէր տա, ու Ադրբեջանն ուժով կհասներ իր նպատակներին։

-Շատ եմ լսել, որ քաղաքական գործիչները,որոնք որ դիվանագիտական եւ իրավագիտական գիտելիքներից կաղում են, փորձում են դիվանագիտական հարթակներում գործ չսկսել՝ պատճառաբանելով, որ արդյունք չեն տալիս:Չեն զբաղվում միջազգային իրավունքներով, այլ գնում եւ զբաղվում են այլ մասնավոր իրավունքներով, եւ այդ ռեսուրսը կորչում է:Հույսը դնում են մեր գործընկերների վրա, ինչը, բնականաբար, արդյունք չտվեց, դրա համար մեզանից կախված ամենինչ պետք է անենք, եթե անգամ կասկածում ենք, որ ապագայում արդյունք չի տալու: Չօգտագործել մեր ռեսուրսները ոչ մի կերպով չի կարող արդարացվել, հատկապես որ մեր գալիք սերունդը այդ հարցը պետք է տա.«Եթե դուք ունեցել եք այդ լծակները, ինչո՞ւ չեք օգտագործել»:

Սեւակ Վարդումյան




Լրահոս