ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԴԺԳՈՀԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին մատակարարվող զենք-զինամթերքի թեման շարունակում է բուռն քննարկման թեմա հանդիսանալ, իսկ պաշտոնական Բաքուն էլ շարունակում է կրկին պարզաբանումներ պահանջել Կրեմլից, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով: «Մենք դեռեւս սպառիչ պատասխան չենք ստացել ռուսական կողմից», – Բաքվում հայտարարել է Իլհամ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւը՝ հիշեցնելով, որ Իլհամ Ալիեւը վերջերս անձամբ էր այս հարցը բարձրացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Մենք բացատրություններ ենք ակնկալում՝ ինչու է Ռուսաստանը շարունակում ինտենսիվ զինել Հայաստանին»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդականը։

 

Շաբաթներ առաջ Իլհամ Ալիեւը Պուտինի հետ զրույցում դժգոհել էր, թե հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերից հետո Ռուսաստանը շուրջ 400 տոննա ռազմամթերք է ուղարկել Հայաստան։ Հեռախոսազրույցից հետո Մոսկվան Բաքու էր ուղարկել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, որը հավաստիացրել էր, թե Ռուսաստանն ընդամենը Գյումրիում տեղակայված բազայում «սոցիալական օբյեկտների շինարարություն է իրականացնում»։ «Այդ բացատրությունը մեզ չի գոհացրել», – Շոյգուին ճանապարհելուց հետո հայտարարել էր Ալիեւի օգնականը: «Մենք մեր բարձրացրած հարցերի սպառիչ պատասխանը չենք ստացել եւ պարզաբանումներ ենք ակնկալում, թե ինչու է Հայաստանը շարունակում ինտենսիվ զինվել: Փաստարկները, թե այդ ինքնաթիռներով, իբր, շինանյութ է տեղափոխվում, մեզ չեն համոզում. դրա համար կարող էր բեռնափոխադրման այլ տարբերակ ընտրվել», – հայտարարել էր Հիքմեթ Հաջիեւը:

Օրեր առաջ էլ Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ազայ Գուլիեւն է այս մասին ծավալուն հոդված հրապարակել ռուսական «Ինտերֆաքս»-ում: «Ադրբեջանը մշտապես ձգտել է Ռուսաստանի հետ իր հարաբերությունները զարգացնել այնպես, որպեսզի կողմերից որեւէ մեկի շահերը չտուժեն: Աշխարհքաղաքական կարեւորություն ունեցող բազմաթիվ որոշումներ կայացնելիս Ադրբեջանը գործել է առավելագույնս անկեղծ այդ գիծը պահելու համար, մինչդեռ, ցավոք, Ռուսաստանից մեր մի շարք սպասելիքները չարդարացան», – նշել էր նա:

Դրան զուգահեռ նկատենք, որ Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի  տվյալներով՝ 2013-2017 թվականներին ադրբեջանական բանակն իր նոր սպառազինությունների կեսից ավելին՝ 65 տոկոսը, ձեռք էր բերել հենց Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանից:

Իսկ, ահա, Հայաստանի պաշտպանության նախարարության եւ Ռուսաստանի միավորված ավիաշինարարական ընկերության միջեւ ստորագրվել է Սու-25-ի արդիականացման եւ վերանորոգման պայմանագիր։ Պայմանագիրը կնքվել է «Պատրիոտ» կոնգրես-ցուցահանդեսային կենտրոնում «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում:  Ըստ այդմ,  նախատեսվում է նոր խմբաքանակի ՍՈւ-30ՍՄ կործանիչների ձեռքբերում:

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որով Զինված ուժերին զուգահեռ նախատեսվում է ստեղծել աշխարհազոր. դրա ղեկավարումը կիրականացնի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը աշխարհազորային շտաբի միջոցով: Ըստ նախագծի՝ աշխարհազորը Հայաստանի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդուարդ Հարությունյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ: Նշենք, որ 2020թ. հուլիսի 9-ին Մանվել Ավետիսյանն ազատվել էր վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնից։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանին տրամադրվել է  արձակուրդ: Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել. Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում ՀՀ վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

 

 

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ եւ 308-րդ հոդվածի 1 ին մասերով, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ եւ 38-308-րդ հոդվածի 1 ին մասերով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներ Վ. Ա.-ն, Հ. Մ.-ն եւ Ա. Տ.-ն: 2020թ. հունվար, փետրվար ամիսներին ՀՀ ՊԵԿ արեւելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցրած Վ. Ա.-ն ու նույն բաժանմունքի մաքսային տեսուչի պաշտոնը զբաղեցրած Հ. Մ.-ն, բաժանմունքի կշեռքավար Ա. Տ.-ի օժանդակությամբ, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ եւ չեն կատարել ծառայողական պարտականությունները, այն է՝ 2020թ. հունվարի 17 ին 1150 տարա յուղով բեռնված բեռնատարների վարորդներին թույլատրել են հիշյալ բեռների վերաբերյալ մաքսային հայտարարագիր ներկայացված չլինելու պայմաններում Բագրատաշենի մաքսակետով մուտք գործել ՀՀ տարածք, որի հետեւանքով բեռի սեփականատերը ՀՀ պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 16.034.356 ՀՀ դրամի հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարներ:

 

 

ԲՆԱԿԱՆՈՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը եւ Սպիտակի բժշկական կենտրոնն այսուհետ վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին, փակվում է նաեւ կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիներին սպասարկող Մարտունու բժշկական կենտրոնի բաժանմունքը: Ընդհանուր առմամբ 67 պացիենտ երեք հաստատությունից տեղափոխվում է Երեւան, որտեղ էլ կշարունակեն իրենց անհրաժեշտ բժշկական օգնությունը: Բուժման ավարտից հետո վերջիններիս տեղափոխումը իրականացնելու է Առողջապահության նախարարությունը: Մարտունու բժշկական կենտրոնի եւ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի մի հատվածն անհրաժեշտության դեպքում կծառայի որպես տրիաժ կենտրոն (ընդունման, ախտորոշման եւ տեղափոխման): Մարզային բժշկական կենտրոններից բաժանմունք ունի միայն Կապանի բժշկական կենտրոնը:

 

 

ԱՌԱՆՑ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ

Սեպտեմբերի 1-2-ը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 3-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ հարավ-արեւմտյան, 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-2-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երեւանում օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

ՊԵՏԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ եւ 38-314-րդ հոդվածների մեջ կասկածվող ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Սամվել Մկրտչյանը ձերբակալվել է: Սամվել Մկրտչյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնում է, սակայն, որ  բացակայում են ձերբակալման հիմքերն ու նպատակը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա ձերբակալվել է Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի հետ կապված պատմության շրջանակներում: Հավելենք, որ այս տարվա փետրվարին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դանակահարել եւ ծեծի էին ենթարկել  Աբգարյանին։ Նա տեղափոխվել էր հիվանդանոց։

 

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել  «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման միջոցառումների 2021 թվականի տարեկան ծրագրին հավանություն տալու մասին» կառավարության որոշման նախագիծը: Շրջակա միջավայրի նախարարությունից մանրամասնում են, որ այդ որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը կապված է լճի եւ դրա ջրհավաք ավազանի ներկայիս վիճակի բարելավման խնդրի հետ, որի համար անհրաժեշտ է  ապահովել Սեւանա լճի եւ դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի պահպանությունը, լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը եւ Սեւանա լճի ջրհավաք ավազանի բնական պաշարների կայուն օգտագործմանն  ուղղված 2020 թվականի նախատեսված  ծրագրերի ու միջոցառումների պարտադիր կատարումը:

Բանն այն է, որ կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատվում է «Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման միջոցառումների  տարեկան ծրագիրը»: Տարեկան ծրագրի ընդունման անհրաժեշտությունը բխում է  «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12, 13, 14 հոդվածների պահանջներից եւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան  ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նպատակներից ու խնդիրներից:

 




Լրահոս