ԱՌԱՋԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարարությունը հիշեցնում է, որ Երեւանի  կենտրոնում գործարկվել է  Հանրային ծառայությունների միասնական առաջին գրասենյակը: Քաղաքացիների համար ստեղծվել են բոլոր պայմանները միասնական կենտրոնից ստանալու Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային արխիվի, Սոցիալական ապահովության ծառայության, Միգրացիոն ծառայության, Կադաստրի կոմիտեի, Թաղման բյուրոյի, նոտարական ծառայություններ: Տարածքն ունի սպասասրահ, ավտոկայանատեղի եւ հագեցված է բանկային տերմինալներով, հերթագրման սարքերով: Գրասենյակ դիմող քաղաքացիների ակտիվությունից կախված՝ անհրաժեշտության դեպքում սպասարկումը կիրականացվի նաեւ հանգստյան օրերին:

 

 

ՄԱՀՎԱՆ ԵՐԿՈՒ ԴԵՊՔ

Արցախում սեպտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքից է: Վարակի օջախը հայտնաբերելու եւ հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Առողջացել է 3 քաղաքացի: Նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 288 մարդու մոտ, որոնցից 265-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում են ստանում 21, ընդհանուր մեկուսացված են 49 քաղաքացի: Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 221 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 10 535 փորձանմուշի հետազոտություն: Արձանագրվել է նաեւ մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Արցախի Հանրապետությունում 2020թ. ապրիլի 12-ին հայտարարված եւ մինչեւ օգոստոսի 12-ը տեւած արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 2020թ. օգոստոսի 12-ի ժամը 22:00-ից մինչեւ 2020թ. սեպտեմբերի 12-ի ժամը 22:00-ը ներառյալ։

 

 

ԱՌԱՔՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ

Կենսաթոշակների վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում: Հաշվի առնելով կենսաթոշակային տարիքի անձանց՝ կորոնավիրուսի տարածման ռիսկային խմբում գտնվելու հանգամանքը՝ սեպտեմբեր 2-ից կենսաթոշակի կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով: Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի կենսաթոշակառուի հաշվառման հասցեն սպասարկող փոստային բաժանմունքում՝ սեպտեմբեր 10-ից սկսած, պահպանելով համաճարակի պայմաններում անվտանգության բոլոր կանոնները:

 

 




Լրահոս