ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Մեքենայի վարորդը մասամբ փակել է պետհամարանիշը՝ խուսափելով վարչական պատասխանատվությունից։ Հուսանք՝ իրավապահները կզբաղվեն հարցի կարգավորմամբ. հետաքրքիր է՝ ինչ պատժի է ենթակա վարորդի արարքը։

 

ՎԱՐԿԱՅԻՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ կարող է արդյոք բանկը կամ վարկային կազմակերպությունը սահմանել տուգանք վարկային պարտավորությունների վաղաժամկետ մարման համար:

Միլեն Գրիգորյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ վարկային պարտավորությունների վաղաժամկետ մարման համար տուգանքի կիրառում չի թույլատրվում միայն այն դեպքերում, երբ վարկը տրամադրվել է սպառողական նպատակով, եթե վարկային պայմանագիրը կնքվել է 2009 թվականի հունվարի 24-ից հետո, երբ ուժի մեջ է մտել «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

Մյուս բոլոր դեպքերում (վերոնշյալ ժամկետից ավելի վաղ կնքված պայմանագրեր, հիփոթեքային/անշարժ գույքի ձեռքբերման պայմանագրեր, բիզնես վարկեր եւ այլն) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տուգանքի կիրառում չի արգելվում:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ եթե գրավի պայմանագրով կամ գրավառուի եւ գրավատուի միջեւ կնքված գրավոր համաձայնությամբ առկա է դրույթ առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին, ապա գրավառուն գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պարտավոր է գրավոր` պատշաճ ձեւով ծանուցել պարտապանին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում)` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249 հոդվածի 2-րդ մասի:

 

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ ինչ պատասխանատվություն է սահմանված հրդեհային անվտանգության կանոնները խախտելու կամ չկատարելու համար:

Արտակ Միքայելյան (49 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ հրդեհային անվտանգության կանոնները խախտելու կամ չկատարելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված է պատասխանատվություն, այն է՝

հիմնարկներում, կազմակերպություններում, կոլտնտեսություններում, հասարակական վայրերում, պահեստային շենքերում, հանրակացարաններում եւ բնակելի տներում, ինչպես նաեւ համապատասխան օբյեկտներ նախագծելիս եւ կառուցելիս հրդեհային անվտանգության կանոնները խախտելը կամ չկատարելը կամ հակահրդեհային գույքի, սարքավորումների, հրդեհները հայտնաբերելու եւ հանգցնելու ավտոմատ միջոցների օգտագործման ու պահպանության կանոնները խախտելը`

-առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկից հիսնապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասի դիսպոզիցիայում նշված խախտումները վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին անգամ կատարելը`

-առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պաշտոնատար անձանց կողմից տրված կարգադրագրերում նշված ժամկետում թույլ տրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումները չվերացնելը`

-առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերը (տեխնիկական կանոնակարգերը), ինչպես նաեւ հրդեհային անվտանգության պահանջները սահմանող ստանդարտները պարտադիր են բնակավայրերի, շենքերի եւ շինությունների նախագծման, կառուցման եւ շահագործման, հիմնանորոգման եւ վերակառուցման, ինչպես նաեւ սարքավորումների արտադրության եւ շահագործման ժամանակ:

 

 




Լրահոս