ՆՍՏԱՑՈՒՅՑԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ԿԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` ՀԱԿ հանրահավաքի օրը, «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը կառավարության դահլիճում համաժողով էր հրավիրել, որտեղ հայտարարեց, որ իրենք արդեն ակտիվ գործունեություն են ծավալելու, լինելու են հանրահավաքներ, չի բացառվում` նաեւ նստացույց: Համաժողովն այնքան էլ մարդաշատ չէր, ասվեց, որ մարդիկ քիչ-քիչ կմիանան իրենց: Ներկաները հիմնականում կուսակցության ներկայացուցիչներն էին, որոնք ողջունում էին Կարապետիչին եւ ամեն խոսքից հետո հաստատում, որ Կարապետիչը «ճիշտ ա ասում, մեր երկիրն էս ընդդիմությունն ու իշխանությունը քանդեցին»:Հիշեցնենք, որ Տիգրան Կարապետյանը որոշել էր որոշ ժամանակ հանրահավաքներով հանդես չգալ, այլ համաժողովի միջոցով ժողովրդին տեղեկացնել իր անելիքների մասին, ինչի համար ստեղծվել էր «Ազգային ճակատ»-ը: ԺԿ նախագահն ասաց, որ «Ազգային ճակատ»-ում տարբեր հասարակական կազմակերպություններ կան ընդգրկված, բայց քանակի մասին պետք չէ իմանալ. «Մենք հատով չենք հաշվում, ոչ էլ դաստով»: Տիգրան Կարապետյանը, չգիտես ինչու, անտրամադիր էր, իսկ ելույթն էլ շատ կարճ ու լակոնիկ. «Ա՛յ, տոնում են անկախությունը, ո՞վ ա տոնում անկախությունը, էն մարդիկ, որոնք մենաշնորհ են հաստատել, որոնք օլիգարխիկ-չինովնիկական համակարգ են հաստատել, անկախությունը պետք է մարդու հոգու հետ կապված լինի, ազգային ինքնության հետ: Եթե մեկը մյուսին խաբում ա, քցում, եթե ձգտում են մեկը մյուսի բերանից փախցնել, դա ձեւականություն է»:  Կարապետիչը հայտարարում է, որ իրենք ո՛չ ընդդիմադիր են, ո՛չ էլ իշխանամետ. «Մենք այլընտրանք ենք, մենք պետք է լինենք սկզբունքային, հասանելի ժողովրդին եւ, ամենակարեւորը, վստահելի, որն այսօր չկա»:Համաժողովի ավարտին հայտարարվեց նաեւ, որ «Ազգային ճակատ»-ը մեծանում է անդամագրումներով, եւ իրենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին անպայման մասնակցելու են:«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կարապետիչն ասաց, որ իրենք հոկտեմբեր ամսից արդեն հանրահավաքներ են անելու. «Մենք «Ազգային ճակատ»-ում համակարգող խորհուրդ ենք ստեղծել, եւ հոկտեմբերի կեսերին արդեն հանրահավաքներ ենք անելու»: Մեր այն հարցին, թե ինչու է  որոշել Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի օրը համաժողով հրավիրել, Կարապետիչն ասաց. «Պատահական է եղել, մենք սեպտեմբերի 14-ին էինք ուզում անել, բայց մեզ մերժեցին, դահլիճը չտրամադրեցին, ռեմոնտ էր, ինչ էր, չգիտեմ: Ու տենց 23-ին ասեցին` կարող եք անցկացնել, ու մենք համաժողովը հրավիրեցինք հենց 23-ին, պատահաբար է համընկել»: Երբ հետաքրքրվեցինք, թե ինչպես է արտահայտվելու այդքան ասված վճռականությունը, ԺԿ նախագահը պատասխանեց. «Շատ հնարավոր ա` նստացույց անենք, բացումը մենք անենք»:Ս. Գ.




Լրահոս