Ատելության խոսքի դեմ պայքարի աշխատանքային խումբը նոր նախագիծ չի բերի. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով վաղը ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային խումբը հանդիպելու է փորձագետ Արա Ղազարյանին: Հիշեցնենք, որ այս հանձնաժողովը ստեղծվել էր՝ մշակելու համար ատելության խոսքի դեմ ուղղված պայքարի օրենսդրական կարգավորումներ, իսկ նախագահն էլ հանդիսանում էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

Եվ ահա վաղը քննարկման ժամանակ փորձագետ Արա Ղազարյանը կներկայացնի իր տեսակետը, թե ինչպես պետք է անել նման երեւույթների դեմ պայքարելու համար: Սակայն ընդհանուր առմամբ մեզ աշխատանքային խմբի աշխատանքների ընթացքից մանրամասներ են հայտնի դարձել: Բանն այն է, որ ատելության խոսքի դեմ պայքարելու համար ոչ թե առանձին օրենքի նախագիծ է ներկայացվելու, այլ ժամանակի ընթացքում փոփոխություններ են կատարվելու առանձին օրենքներում՝ տարբեր կարգավորումների միջոցով:

Հիշեցնենք նաեւ, որ ապրիլի 15-ին, ՀՀ ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ կողմ` 97, դեմ` 14, ձեռնպահ` 0 ձայներով ընդունվել էր  ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու կամ այսպես ասած ատելության կոչերի համար։

Եվ մեր տեղեկություններով, առանձին նախագիծ չներկայացնելու պատճառը նաեւ կառավարության հետ ոչ համակարգված աշխատելն է, քանի որ այնտեղ էլ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է առանձին օրենքներ ներկայացնում եւ այս խմբին մնում է միայն բավարարվել տարբեր նախագծերում փոփոխություններ անելով:

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 16-ին ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Սարգիս Խանդանյանն ընտրվեց ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխումների հարցերով զբաղվող ԱԺ աշխատանքային խմբի ղեկավար։

Աշխատանքային խումբը պետք է գործեր  6 ամիս, դրանում ընդգրկվեր 11 պատգամավոր. 7-ը՝ «Իմ քայլը» խմբակցությունից, 2-ական պատգամավոր՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից: Սակայն ընդդիմադիր ուժերը բոյկոտել էին այն եւ այժմ ընդգրկված են միայն իմքայլական պատգամավորներն ու ՀԿ-ների ներկայացուցիչները:

Սոնա Գրիգորյան




Լրահոս