«ԿԱՐՈՏՆ ԱՆՍԱՀՄԱՆ Է». ՀԱՅԿՈՒՀԻ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԸ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն այս անգամ ժողովրդական երգչուհի Հայկուհի Բաբախանյանն է, ով արդեն երկու տարի է, ինչ բնակություն է հաստատել օվկիանոսից այն կողմ՝ Միացյալ Նահանգներում։ Մեզ հետ զրույցում երգչուհին խոսել է զբաղվածության եւ հայրենիքի կարոտի մասին։

 

-Հայկուհի՛,  արդեն մի քանի տարի է, ինչ բնակություն եք հաստատել ԱՄՆ-ում: Ինչպե՞ս որոշեցիք մշտական բնակություն հաստատել հայրենիքից հեռու:

-Գրեթե երկու տարի է, ինչ բնակություն  ենք հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բայց մշտապես եղել եմ Նահանգներում տարբեր համերգային ծրագրերով, սակայն այս անգամ որոշեցինք գալ ընտանիքով  շրջելու, եւ այնպես ստացվեց, որ այստեղ հայկական հեռուստաընկերություններից մեկում, որի հետ բազում համագործակցություններ եմ ունեցել, ինձ առաջարկեցին մնալ այստեղ եւ ունենալ իմ հաղոդրումը, եւ ես սիրով ընդունեցի առաջարկը, եւ դա էլ եղավ պատճառը ԱՄՆ-ում բնակություն հաստատելու։ Ի դեպ, սեպտեմբերի 13-ին կլրանա հաղորդման մեկ տարին։ Արդեն վեց ամիս է, ինչ հաղորդումը եթեր է հեռարձակվում նաեւ Հայաստանում «Նոր Հայաստան» հեռուստաալիքով։ Այն բավականին մեծ լսարան ունի եւ շատ սիրված է ժողովրդի կողմից։ Նշեմ, որ այստեղ կատարած հայրենասիրական եւ հայրենանվեր աշխատանքի առիթով վերջերս պատվոգիր ստացա սենատոր Ադամ Շիֆի կողմից՝ հայրենիքին մատուցած բացառիկ եւ անգնահատելի աշխատանքի համար։ Պատվոգիր եմ ստացել նաեւ Գլենդելի քաղաքապետ Վրեժ Աղաջանյանի եւ Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետիի կողմից, եւ սա վկայում է իմ կատարած աշխատանքի արդյունքի մասին։

-Իսկ այս փուլում ի՞նչ նորություններ ունեք։

-Առաջիկայում պատրաստվում ենք նոր եթերաշրջանի նկարահանումներին,  որը  լինելու է շատ գեղեցիկ ու անակնկալներով լի, իսկ տեսահոլովակի ժամանակ չունեմ, ամբողջ ժամանակս տրամադրում եմ հաղորդմանը, քանի որ ամեն ինչով՝ թե՛ սցենարով, թե՛ կազմակերպչական հարցերով զբաղվում ենք ես եւ ամուսինս, միայն կարող եմ խոստանալ, որ հետաքրքիր եթերաշրջան է սպասվում։

-Չե՞ք կարոտում հայրենիքը, արդյոք մտադրություն չկա՞ վերադառնալ Հայաստան:

-Կարծում եմ՝ հայրենիքի կարոտի մասին խոսելն ավելորդ է, քանի որ անսահման շատ ենք կարոտում՝ օդը, ջուրը, բնությունը, մեր տունը, հարազատներին, բայց, ինչ արած, դեռ մի քանի տարի կշարունակենք ապրել այստեղ, քանի որ այստեղ աշխատանք կա, եւ որը պետք է ավարտին հասցնել։ Կարծում եմ՝ դեռ մի քանի տարի այստեղ կապրենք, իսկ հետագան, Աստված առաջ, կտեսնենք, թե ինչ կլինի։

-Որտե՞ղ եք պատկերացնում Ձեր երեխայի ապագան:

-Իհարկե շատ լավ կլիներ, որ հայրենիքում լիներ, այդտեղ իր առաջին քայլերն աներ, բայց, ցավոք սրտի, այս տարի այստեղ է արդեն սկսել դպրոց հաճախել, իսկ վաղը, չգիտեմ, թե ինչ կլինի։ Աստծո կամքով, որտեղ նա իրեն հանգիստ եւ լավ կզգա, թող այնտեղ էլ իր ապագան կառուցի։ Դեռ շատ երկար տարիներ ունենք առջեւում դրա մասին մտածելու, եւ կարծում եմ, որ ժամանակը ցույց կտա։

-Հայրենիքից հեռու արդյոք հետեւո՞ւմ եք հայկական երգարվեստին: Ի՞նչ տպավորություն ունեք:

-Իհարկե, մշտապես հետեւում եմ, եւ իմ ուշադրության կենտրոնում է, թե ինչ է կատարվում Հայաստանում, հատկապես՝ երգարվեստի բնագավառում: Պետք  է նշեմ, որ ունենք շատ լավ, տաղանդավոր երիտասարդներ բոլոր ժանրերում հանդես եկող երգիչ երգչուհիներից, իհարկե, կան նաեւ այնպիսինները, ովքեր ավելի լավ կլիներ՝ մեկ այլ մասնագիտություն  ընտրեին, բայցեւ ունենք շատ լավ եւ խոստումնալից  եւ աշխատասեր երիտասարդներ, ովքեր վստահ եմ, որ իրենց  աշխատասիրության շնորհիվ կհասնեն մեծ բարձունքների։

-Հայկուհի՛, այսօր շատ արդիական է, որ երիտասարդ երգիչ, երգչուհիները, վերցնելով հին հայկական ժողովրդական, ազգագրական երգերը, ոճային փոփոխության են ենթարկում: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այդ փաստին:

-Հաճախ եմ անդրադառնում այդ հարցին, իհարկե հաճելի է նորը, բայց պետք է այն լինի չափավոր, չափի մեջ, գեղեցիկ։ Չեմ ընդունում, երբ ժողովրդական երգը վերցնում են, ռիթմային փոփոխությունների են ենթարկում, ինչ-որ ռոքային մեկնաբանություններ են անում, անկեղծ ասած, դա ես չեմ ընդունում, միգուցե դա շատերին դուր է գալիս, բայց ինձ համար անընդունելի է։ Լավ կլինի՝ նոր գործիքավորումներ, նոր մոտեցումներ լինեն, բայց երգը երգվի այնպես, ինչպես որ կա։ Անորակ եւ անճաշակ ոճափոխություններին անգամ չեմ ուզում անդրադառնալ, քանի որ այսօր շատ-շատ են նմանատիպ երգերն ու տեսահոլովակները, եւ ցավում եմ, որ նման երգերը տեղ են գտում մեր եթերում։ Մենք ունենք շատ բարձորակ տեսահոլովակներ, հիանալի երգեր, կատարողներ, ովքեր եթերից դուրս են մնում, անգամ մեկ-երկու անգամ օրվա մեջ չեն ցուցադրվում, իսկ շատ անորակ տեսահոլովակներ հաճախ են ցուցադրվում։

-Հայկուհի՛, կորոնավիրուս համաճարակն ինչպե՞ս ազդեց Ձեզ եւ Ձեր գործունեության վրա:  Ինչպե՞ս եք հաղթահարում։

-Ինչպես բոլորի մոտ, մեզ մոտ նույնպես լարված օր էր, քանի որ երբ լարված, աշխույժ աշխատանքի մեջ ես ու հանկարծ փակվում ես տանը, սակայն այստեղ շահում է ընտանիքը, ավելի շատ ժամանակ միասին անցկացրինք։ Այդ առումով լավ էր։  Թերեւս համաճարակը դեռ շարունակվում է, բայց,  կարծում եմ, որոշ չափով հաղթահարել ենք, քանի որ զերծ ենք մնացել հիվանդությունից եւ, Աստված տա, մինչեւ վերջ էլ այսպես շարունակենք։ Ուզում եմ համայն հայությանը մաղթել առողջություն, եւ հայ երգարվեստի նվիրյալներին՝ հարատեւություն եւ մշակութային վերելքներ։

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

«ԷՐԻԿԸ ՏԵՂՅԱԿ Է ԵՂԵԼ». ԱՐԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Մոսկվայում բնակվող Ալիկ եւ Արա Ավետիսյանների կատարմամբ երգիչ Էրիկի «Ոչ ավել, ոչ պակաս» երգի քավր տարբերակը շատ արագ տարածվեց, սիրվեց հանրության կողմից, դարձավ մեմ եւ շատ կարճ ժամանակում  ունեցավ միլիոնավոր դիտումներ՝ գերազանցելով օրիգինալի դիտումները։

 

Ո՞րն էր իրական հաջողության գաղտնիքը, ինչո՞ւ հենց այս երգը, արդյոք Էրիկը տեղյա՞կ էր երգի քավր կատարման եւ ոճայի փոխոխության եւ այլ հարցերի մասին. ArmLur.am-ը փորձել է զրուցել Ավետիսյան եղբայրներից  Արա Ավետիսյանի հետ, ով շատ հակիրճ ձեւով է անդրադարձել մեր հարցադրումենրին:

«Դրական եւ բացասական կարծիքներ միշտ են լինում ցանկացած երգի դեպքում, եւ դա շատ նորմալ երեւույթ է:  Էրիկը նույնպես տեղյակ է եղել երգի քավր տարբերակի կատարման մասին:  Քավր տարբերակով կատարումներ կրկին կլինեն մեր կողմից, բայց չեմ կարող ասել, թե նման արձագանքի կարժանան, թե ոչ»,- շատ հակիրճ մեկնաբանեց Արա Ավետիսյանը:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԴԱՐՊԱՍԱՊԱՀԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ

Հյուսիսային Մակեդոնիայի ֆուտբոլի ընտրանու հիմնական դարպասապահը չի մասնակցի Հայաստանի դեմ խաղին: Դարպասապահ Ստոլե Դիմիտրիեւսկու  կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն է միացել հավաքականի կազմում 18 հանդիպում անցկացրած Մարտին Բոգատինովին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը, որտեղ բացակայում են իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, ինչպես նաեւ գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի եւ Կիպրոսի ԱԵԼ-ի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի անունները: Հենրիխ Մխիթարյանը Խոակին Կապառոսին հայտնել է, որ այժմ արձակուրդում է, վերջին շրջանում չի մարզվել եւ չի կարող ցուցադրել իր ամբողջ կարողությունները, քանի որ լավ մարզավիճակում չէ:

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում կմեկնարկի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով, որը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին: 3 օր անց Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կընդունի էստոնացիներին:

 

 

ՆՈՐ ՀԱՄԱԼՐՈՒՄ

Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի: «Լոռի» է տեղափոխվել կենտրոնական պաշտպան Հայկ Սարգսյանը։ 22-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտուի» սան է։ Սարգսյանը խաղացել է նաեւ «Գանձասար-Կապանում», «Արարատում», Երեւանի «Լոկոմոտիվում»։ Նա հանդես է եկել Հայաստանի Մ17, Մ19 եւ Մ21 հավաքականներում՝ մասնակցելով 29 հանդիպման։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է 1+1 ձեւաչափով պայմանագիր։

 

 

ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆԵԼ

Մեծ սաղավարտի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսն ԱՄՆ բաց առաջնության ռեկորդ է սահմանել: Նյու Յորքում մեկնարկած US Open-ի կանանց մենախաղի առաջին շրջանում Ուիլյամսը հաղթեց Կրիստի Աննին երկու սեթում` 7:5, 6:3 հաշվով: Այս հաղթանակից հետո նա ռեկորդ սահմանեց ԱՄՆ բաց առաջնության կանանց մենախաղում հաղթանակ տոնածների շարքում. սա նրա 102-րդ հաղթանակն էր այս մրցաշարում: Սերենա Ուիլյամսն ԱՄՆ բաց առաջնության 6-ակի հաղթող է:

ԱՄՆ թենիսի բաց առաջնությունը կեզրափակվի սեպտեմբերի 13-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 53,4 միլիոն ԱՄՆ դոլար: Պանդեմիայի պատճառով կազմակերպիչները հատուկ ձեւաչափ են մտածել մրցաշարի մասնակիցների համար, այդ իսկ պատճառով այս տարի մրցաշարին չեն մասնակցում համաշխարհային թենիսի մի շարք աստղեր:




Լրահոս