Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ սեպտեմբերի 7-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ԱԺ 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանի օրակարգում շրջանառվող օրենքների նախագծերի պատրաստվածությունը՝ աշնանային նստաշրջանի առաջին նիստում քննարկելու նպատակով:
Մշտական հանձնաժողովների նախագահներն ԱԺ նախագահին են ներկայացրել հանձնաժողովներում օրինագծերի շուրջ տարվող աշխատանքների ընթացքը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, խորհրդակցությայն ընթացքում խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաև օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն կատարած իր այցին:
Վերջինս խոսել է տեղի ունեցած հանդիպումների և երկուստեք ձեռքբերված պայմանավորվածությունների մասին: Խորհրդակցության ընթացքում ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը ևս հանդես է եկել Արցախի Հանրապետության Անկախության հռչակման օրերին խորհրդարանական գործունեության մասին ամփոփ տեղեկատվությամբ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և ԱՀ խմբակցությունների միջև հանդիպումներին և ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած՝«Կրթության նոր չափորոշիչները» թեմայով քննարկմանը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ ԱԺ նախագահը խմբակցությունների ղեկավարներին հանձնարարական է տվել՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգի ձևավորման համար հանդես գալ առաջարկություններով: