«Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենն ազատվել է աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ազատվել է աշխատանքից։

«Քանի որ լրատվամիջոցներից հարցումներ եմ ստանում պարոն Վիրաբյանի ազատման հիմքերի վերաբերյալ տեղեկացնեմ, որ Արդարադատության նախարարությունը ստացված մի շարք դիմում-բողոքների հիմքով ուսումնասիրություն էր սկսել՝ ՊՈԱԿ-ի գործունեության օրինականությունը ստուգելու նպատակով և դրա շրջանակում հարցում կատարել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ ՊՈԱԿ-ում իրականացված հարկային ստուգումների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։

Ստացված տեղեկության համաձայն, «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը հաշվապահական հաշվառումը վարել է այնպիսի խախտումներով, որոնք առաջացրել են հարկի նվազեցում, որի արդյունքում հարկային պարտավորությունները ժամանակին չեն կատարվել։

Վերոգրյալը հիմք ընդունելով և ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի «ժբ» ենթակետով, ՀՀ արդարադատության նախարարի հրամանով «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանի լիազորությունները դադարեցվել են և լուծվել է նրա հետ 2015 թվականի նոյեմբերի 27-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»,- հայտնել է Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի մասով ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, որն ավելի ուշ ուղարկվել է ոստիկանության Արաբկիրի բաժին հետաքննություն իրականացնելու համար: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ Ռուսաստանում բնակվող հայ քաղաքացի Արմեն Գրիգորյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը եւ հայտնել, որ իր թոշակի եւ իր աշխատանքային ստաժի հարցով դիմել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին եւ վերջինս իրենից իր աշխատանքային գործունեության մասին տեղեկություններ տրամադրելու համար գումար է պահանջել: Եվ, ահա, Գլխավոր դատախազությունը, ստանալով Արմեն Գրիգորյանի դիմումը, ուղարկել է այն ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու համար:

Դիմեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն տեղեկությունը պարզելու համար, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ Գլխավոր դատախազությունը նյութեր նախապատրաստելու համար ոստիկանության Արաբկիրի բաժին է ուղարկել քաղաքացու դիմումը: Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում»:




Լրահոս