ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՊԱՏՐԱՍՏ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն արդեն շրջանառության մեջ է դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը մշակվել է  «Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակություն» եւ «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խմբի կողմից:

 

Նախագծի հիմնավորման մեջ երեք ուժերի ներկայացուցիչներն ամրագրել են, որ արտակարգ դրության պայմաններում սահմանված բազմաթիվ սահմանափակումներ խնդրահարույց են իրենց իրավաչափության տեսանկյունից: Եվ հաճախակի են եղել դեպքերը, երբ առանձին պաշտոնատար անձինք ակնհայտ դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից:

Նախագծով առաջարկվում է շտկում կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, առաջարկվում է վարչական զանցանք առաջանող արարքների համար սահմանել նախ նախազգուշացում, հետո նոր կիրառել տուգանք: Բացի այդ,  առաջարկվում է հստակեցնել, որ խախտում են համարվում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժվելու այն պայմաններն ու պահանջները, որոնք սահմանված են լիազոր մարմնի կողմից:

Օրենքի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է մինչեւ օրենքի ընդունումը կայացված վարչական ակտերը իրավասու մարմինների միջոցով ճանաչել անվավեր: Այս լուծումը հիմնված է հետեւյալ իրավական հիմքերի վրա.

  1. նախ՝ ՀՀ սահմանադրության 73-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:
  2. Երկրորդ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը հետադարձ ուժ ունեն, այսինքն` տարածվում են նաեւ այդ ակտերի հրատարակումից առաջ կատարված իրավախախտումների վրա:

Երեք ուժերը ամրագրում են, որ նախագծի ընդունման դեպքում պետությունն իր հոգածությունը ցույց կտա ավելի քան 82000 քաղաքացու եւ իրավաբանական անձի նկատմամբ:  Միաժամանակ, ակտերի անվավեր ճանաչմամբ կբեռնաթափվի թե՛ վարչարարություն իրականացնող մարմինը` ոստիկանությունը, թե՛ Վարչական դատարանը: Սա վերաբերում է նաեւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը, որը քաղաքացու կողմից տուգանքը կամովին չվճարելու դեպքում նույնպես ծանրաբեռնվում է լրացուցիչ աշխատանքով:

Ընդ որում, արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար կազմված 82116 որոշումներում առկա են նաեւ այնպիսի դեպքեր, երբ խախտումը կրում է զուտ ձեւական բնույթ, այսինքն՝ չի հանգեցրել որեւէ հետեւանքի, օրինակ՝ անձը գիշերը միայնակ կամ իր ընտանիքի անդամի հետ դիմակ չի կրել, երբ պահանջված սոցիալական հեռավորության վրա ոչ ոք չկա, կամ խախտումը պայմանավորված է որեւէ ծայրահեղ անհրաժեշտ գործողություն կատարելու փաստով:

Մեջբերենք օրենքից մի քանի դրույթներ. արտակարգ դրության ժամանակ զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ եւ թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի արգելքը, ինչպես նաեւ թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների եւ պատրաստուկների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմը խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարհինգհարյուրապատիկի չափով:

  1. Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը առաջացնում է նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում՝ տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով:
  2. Սույն հոդվածի 10-րդ մասի իմաստով մեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու եւ վարակի տարածումը կանխելու նպատակով: Սույն հոդվածի 10-րդ մասի իմաստով ինքնամեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումն իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու եւ վարակի տարածումը կանխելու նպատակով:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓ

«Վարվող քաղաքականության չափ կա, եթե դրանից դուրս է գալիս եւ գնում ոչ ճիշտ ուղղությամբ, այդ դեպքում այն ուժերը, որոնք այդ ուղղությամբ գնալուն դեմ են, քննարկում են անում ընդհանուր օրակարգ ունենալու համար, այսինքն՝ այն, ինչ դուք գիտեք»,- նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Հարցին, թե որքան շանս ունի ԲՀԿ-ն հաջողություն գրանցելու իշխանափոխության հասնելու իր օրակարգով, Մելքումյանն արձագանքեց. «Ինչքան որ կլինի շանսը, կյանքը կթելադրի: Կյանքը արագ փոխվում է, մենք կտեսնենք, թե ինչ է լինում: Մենք չպետք է լռենք, չասենք, որ խնդիրներ կան, որ ժողովրդի վիճակը վատանում է, համավարակի հետ կապված պետք է ավելի արդյունավետ պայքար մղվի: Հո չե՞նք ծափ տալու, ասենք՝ ինչքան ամեն ինչ լավ է: Ժողովուրդն արդեն դուրս է եկել էյֆորիկ վիճակից, իսկ 2018-ի դեկտեմբերի ընտրությունները տեղի են ունեցել էյֆորիկ վիճակում: Նույնը եղել է 1990թ.»:

 

 

ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ՆԱԽԱԳԾԵՐ

«ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները մոտեցել են այն հարցի լուծմանը, որ պետք է ստեղծել եվրասիական տարածաշրջանում գործակալություններ, որոնք կիրականացնեն նախագծեր՝ ուղղված ինտեգրացման գործընթացների խորացմանը»,- Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Մինսկ-Նուր-Սուլթան առցանց տեսակամրջի ժամանակ հայտնել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը: Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահի տեղակալի խոսքով՝ իրենց հիմնական նպատակն է օգնել ազգային կառավարություններին իրականացնել թվային բարեփոխումներ, երկրների հաջող փորձի ընդլայնումը եվրասիական տարածաշրջանում, ինչպես նաեւ մասնավոր հատվածի նախաձեռնությունների իրագործումը: «Օգոստոսի 20-ին դիմել ենք ազգային կառավարություններին՝ խնդրելով տեղեկություն տրամադրել թվային նախագծերի վերաբերյալ, որոնք իրենք հաջող են համարում, որոնք իրագործվել են անդամ երկրներում, եւ որոնք, կառավարությունների կարծիքով, նպատակահարմար է ընդլայնել ողջ ԵԱՏՄ-ի տարածքում: Երկրորդ մեր խնդրանքը, որպեսզի մեզ տրամադրեն նոր նախագծեր, որոնք անհրաժեշտ են համարում իրականացնել, եւ որտեղ բանկը կարող է օգնել ազգային կառավարություններին դրանց իրականացմանը»,-նշել է Տ. Սարգսյանը:

 

 

ԿԱՆԵՎՍԿԻՆ՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Երեկ՝ Երեւանում հնչած կրակոցներից հետո, իրավապահները շտապել են «օրենքով գող» Արտյոմ Կանեւսկիի բնակարան եւ նրան տարել են ոստիկանության Մաշտոցի բաժին: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել այն մասին, որ Հալաբյան փողոցում կրակոցներ են հնչել, 4 անձ՝ հրազենային մարմնական վնասվածներով, տեղափոխվել է «Արմենիա» եւ  «Նաիրի» բժշկական կենտրոններ: Մեր տեղեկություններով` Կանեւսկիից հետաքրքրվել են իր քրոջ որդիների վրա կրակելու հանգամանքներից եւ մի քանի ժամ հետո ազատ արձակել:

Իսկ ո՞վ եւ ինչո՞ւ կրակեց «օրենքով գողի» քրոջ որդիների ուղղությամբ՝ դեռեւս պարզ չէ, քանի որ վիրավորվածները երեկ վիրահատվել են, առայժմ գտնվում են վերակենդանացման բաժնում, վիճակները կայուն է: Մեզ հասած լուրերի համաձայն՝ իրավապահները սպասում են, որ վիրավորները դեպքի մասին պատմեն իրենց, թե ով եւ ինչու պետք է կրակեր իրենց վրա, իսկ կպատմեն արդյոք «օրենքով գողի» հարազատները իրավապահներին իրենց կասկածների մասին՝ ցույց կտա քննությունը:

Հավելենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (Սպանության փորձ) 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով:

 

 

ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍ

Կանխվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրու լոկոմոտիվային դեպոյում գտնվող էլեկտրաքարշից էլեկտրական մալուխ գողանալու փորձը: Ոստիկանության եւ ընկերության անվտանգության ծառայության համատեղ ջանքերով ձերբակալվել է կասկածյալը, ով նշված դեպոյի փականագործն է: Երկաթուղու ԱԾ աշխատակիցները կեսգիշերին մոտ դեպոյի տարածքում կասկածելի ակտիվություն նկատեցին, որի մասին հայտնեցին ոստիկանություն եւ դեպքի վայր օպերատիվ ժամանած ոստիկանների հետ համատեղ շրջապատեցին տարածքը: Դեպքի վայրում հայտնաբերված անձը էլեկտրաքարշից կտրել է 22 մետրանոց բարձր լարման էլեկտրամալուխը եւ ցանկացել դուրս հանել դեպոյի տարածքից: Միջադեպի հետեւանքով ընկերությունը զգալի նյութական վնաս է կրել:




Լրահոս