ԲՈԼՈՐ ՈՒԺԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԳԱԼԻՍ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ:

 

-Աշնան գալուստին զուգահեռ որոշակի կոնսոլիդացիոն գործընթացներ են տեղի ունենում ընդդիմադիր դաշտում, մասնավորապես՝ կա՛մ արդեն միավորվել են, կա՛մ միավորման փորձեր են անում ԲՀԿ, «Հայրենիք» եւ  «Դաշնակցություն» կուսակցությունները: Որքանո՞վ եք հնարավոր համարում այս ուժերի հաջողությունը ապագա քաղաքական զարգացումներում:

-Այդ զարգացումներն իրականում կեղծ, արհեստական օրակարգեր պարունակող գործընթացներ են: Ասեմ այսպես՝ դրանք սոսկ ցուցափեղկային, վիտրաժային միավորումներ են, որոնք միտված են առավելապես տեղեկատվական դաշտում աշխուժություն կամ աղմուկ ստեղծելուն: Այդ միավորումները զուրկ են քաղաքական ու սոցիալական բազայից, որովհետեւ, գուցե բացառությամբ ԲՀԿ-ի, ձեր նշած մյուս ուժերը հանրային աջակցության նշույլ անգամ չունեն. ՀՅԴ-ն խայտառակ ցածր տոկոսներ է ստացել վերջին խորհրդարանական ընտրություններում, իսկ Արթուր Վանեցյանի կամ նրա ստեղծած «Հայրենիքի» վարկանիշի մասին խոսակցությունն անգամ ծիծաղելի է: Այլ հարց է, որ այս ուժերը, գումարած նրանց ակնհայտ կամ ստվերային աջակցություն ցուցաբերող նախկինները՝ քոչարյանասարգսյանական շրջանակները, տիրապետում են հսկայական ֆինանսական ու, ամենակարեւորը, մեդիառեսուրսների եւ դրանց միջոցով կարողանում են քաղաքական գործունեության իմիտացիա ստեղծել: Այսինքն՝ իրականում նրանց արածը ոչ թե քաղաքականություն է, այլ քարոզչություն, նրանք միավորվում կամ ինչ-որ քայլեր են կատարում ոչ թե քաղաքական պայքարի, այլ քարոզչական պատերազմի տրամաբանությամբ, որովհետեւ չունեն քաղաքական պայքարի համար անհրաժեշտ թիվ մեկ պայմանը՝ սոցիալական հենարանը, փոխարենը ունեն քարոզչության համար անհրաժեշտ գործոնը՝ անսպառ լսարան, որը կարողանում են մեծացնել արդեն ֆինանսական ներարկումներով: Հետեւաբար, վերադառնալով Ձեր հարցի վերջին մասին՝ նշեմ, որ այդ եւ նմանօրինակ այլ միավորումների հաջողության որեւէ հնարավորություն չեմ տեսում: Նրանք առավելագույնը ունակ են փչելու տեղեկատվական-քարոզչական փուչիկներ, որոնք կարող են պայթել ցանկացած պահի, երբ քարոզչությանը հակադրվի իրական քաղաքականությունը:

-Քաղաքական շրջանակներում, սոցիալական ցանցերում կա տեսակետ, որ, ի հակադրություն կամ ի հակակշիռ այս միավորման, պետք է միավորվեն նաեւ հեղափոխությանը աջակցող, պաշտպանող բոլոր ուժերը: Դուք նման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:

-Ընդհանրապես, ես միանշանակորեն կողմ եմ բոլոր տեսակի միավորումներին, կոնսոլիդացիոն գործընթացներին, հատկապես երբ դրանց հիմքում ընկած են գաղափարական ընդհանրություններն ու արժեքային նպատակները: Մյուս կողմից, սակայն, ես նաեւ դեմ եմ արհեստական սիմետրիկ պատասխան քայլերին, քանի որ դրանք կարող են նսեմացնել այն շարժման արժեքը, այն հեղափոխության արժեքը, որը տեղի է ունեցել, եւ որի շնորհիվ Հայաստանում հնարավոր են դարձել այս փոփոխությունները: Հետեւաբար մենք՝ հեղափոխությանն աջակցող ուժերս, այս պսեւդոքաղաքական միավորումներին ուղղակի սիմետրիկ պատասխանելով, կբարձրացնենք նրանց գոյություն չունեցող արժեքն ու նշանակությունը՝ միեւնույն հարթության վրա դնելով հեղափոխության պաշտպանությունն ու դրա դեմ ուղղված կիսաքրեական, օպորտունիստական շարժումները: Հետեւաբար, գոնե այս պահին նման միավորման անհրաժեշտություն չեմ տեսնում: Եվ, ճիշտ հակառակը, տեսնում եմ հեղափոխությանն աջակից բոլոր ուժերի միավորման անհրաժեշտություն շատ ավելի կարեւոր ու երկարաժամկետ հեռանկարում: Խորապես համոզված եմ, որ հեղափոխությանը հավատարիմ ու դրան աջակցող բոլոր ուժերն ու անհատները պետք է միավորվեն մեկ նպատակի շուրջ՝ իշխանություններին ստիպել, պարտադրել ավելի արագ ու բովանդակային տեմպ հաղորդել նույն հեղափոխությունից բխող արմատական բարեփոխումների ընթացքին: Դա կլինի շատ ավելի զորեղ ու բովանդակային պատասխան բոլոր հակահեղափոխական ու հակաժողովրդական, հակապետական ուժերին ու միավորներին, քան նրանց քայլերին ուղղակի սիմետրիկ պատասխանելը:

-2018թ. հեղափոխությունից հետո գրեթե մշտապես քաղաքական օրակարգ թելադրողը եղել ու թերեւս դեռ շարունակում է լինել իշխանությունը: Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ ընդդիմադիր այս շարժումները, միավորումները կարող են դառնալ քաղաքական օրակարգ թելադրող:

-Ոչ, հնարավոր չեմ համարում, որ այս արհեստական միավորումները կարող են թելադրող դառնալ: Մյուս կողմից, սակայն, ժամանակի ընթացքում ու նաեւ պայմանավորված վատ աշխատանքով՝ իշխանությունը կարող է կորցնել քաղաքական օրակարգ թելադրողի իր դոմինանտ դերը, դրա հետեւանքով կարող է առաջանալ վակուում, որի նախանշաններն արդեն իսկ երեւում են: Այդ վակուումը կարող է լցվել կա՛մ ռեւանշիստական ուժերի օրակարգով, ինչը վտանգավոր է ոչ այնքան իշխանության, որքան պետության համար, կա՛մ առողջ ուժերի ներկայությամբ, որոնք, ինչպես վերը նշեցի, պաշտպանում են հեղափոխությունը ու պատրաստ են միավորվել բարեփոխումների օրակարգը իշխանություններին պարտադրելու նպատակի շուրջ: Ուզում եմ հավատալ, որ իրականություն կդառնա երկրորդ սցենարը, եւ քաղաքական դաշտում կգերակայի բարեփոխումների օրակարգը, այսինքն՝ վաղվա, ապագայի տեսլականը կհաղթի երեկվա, անցյալի ուրվականներին:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 42-ամյա բնակչին:

Արմավիրի մարզի 42-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, վարելով իր կողմից շահագործվող ավտոմեքենան, 2020թ. մայիսի 10-ին Երասխահուն-Վարդանաշեն ճանապարհի 3-րդ կմ-ի հատվածում թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների պահանջներին հակասող գործողություն՝ վարել է տեսանելիությանը համապատասխանող թույլատրելի արագությունը գերազանցող արագությամբ, դուրս է եկել հանդիպակաց ուղղության երթեւեկելի ուղեմաս եւ բախվել Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի 27-ամյա բնակչի կողմից վարած  ավտոմեքենային:

Իր գործողություններով պայմանավորելով տվյալ վթարի առաջացումը եւ ինքն իրեն զրկելով վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից՝ 27-ամյա վարորդին եւ 65-ամյա ուղեւորին՝ վարորդի մորը, անզգուշությամբ պատճառել է մահ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 42-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

 

ԳՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ

Ձկնագողերը փորձել են գողանալ «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի կողմից օրերս Կարճաղբյուր եւ Մասրիկ գետեր բաց թողնված շուրջ 280.000 իշխանի գեղարքունի տեսակի մանրաձկան զգալի քանակ Կարճաղբյուր գետում տեղադրված հատուկ ցանցերի միջոցով:

«Սեւան» ազգային պարկում նոր կազմավորված պահնորդական հատուկ ջոկատը հերթական շրջայցի ժամանակ Կարճաղբյուրի ստորին հատվածներում գտել է գետի ողջ լայնությամբ ձգված մանր ցանցավանդակ, որի միջոցով ձկնագողերը փորձել են հավաքել պետության կողմից ֆինանսավորվող ծրագրի միջոցով բուծված եւ Սեւանա լճում ոչնչացման եզրին գտնվող իշխանի գեղարքունի տեսակի միջինում 7 գրամ քաշով մանրաձուկն ու օգտագործել շահադիտական նպատակներով:

«Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ը սնվում է պետական բյուջեից: Ցանցավանդակը գտնվել եւ հեռացվել է: Մանրաձուկը, որը կուտակվել էր ցանցավանդակում, կրկին բաց է թողնվել լիճ:

 

 

ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի կալանավորման միջնորդության քննությունը հետաձգվել է. նիստը վերսկսելուց կարճ ժամանակ անց, Ա. Հովսեփյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, եւ նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Մեղադրյալի պաշտպան Գոռ Գեւորգյանի խոսքով տեղի ունեցածը հավանաբար նրա սթրեսային վիճակից է. «Նա երրորդ կարգի հաշմանդամություն ունի, շաքարի թիվը շատ բարձր է, երեւի այդ չքնած, սթրեսային վիճակից ընկավ ցնցումների մեջ, դողում էր, ծայրահեղ վատացավ, շտապօգնությունը եկավ, ճնշումը չափեց, շատ բարձր էր, թթվածին միացրին, ներարկումներ արեցին, նոր պատգարակով տեղափոխեցին հիվանդանոց»,-նշել է պաշտպանը:

Գոռ Գեւորգյանի խոսքով՝ վիճակը բարելավվելու դեպքում դատարանին կտեղեկացնեն, որպեսզի նիստ նշանակվի, եւ շարունակվի միջնորդության քննությունը:

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն երեկ մեղադրանք առաջադրեց Հովսեփյանին եւ կալանավորման միջնորդություն ներկայացրեց դատարան: Այն մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանին: Աշոտ Հովսեփյանը ձերբակալվել էր օգոստոսի 1-ի կեսգիշերն անց, ուստի նրա ձերբակալման 72 ժամն այս գիշեր լրացել է. փաստացի, նա ազատ է արձակվել արգելանքից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը ընկած հատվածում հանրապետությունում թունավորման դեպքեր գրանցվեցին: Դրանց մի մասը Արմավիրում էր, մյուս մասը՝ Երեւանում: Առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Արմավիրի եւ Երեւանի դեպքերն իրար հետ փոխկապակցված չեն. Արմավիրի բնակիչների թունավորման նախնական պատճառը օղու մեջ մեթիլ սպիրտի մեծ քանակությունն էր, որը հաստատվեց նաեւ փորձաքննությամբ, իսկ Երեւանի բնակիչների թունավորման պատճառը՝ բժշկական սպիրտը: Երեկ 1 դեպք էլ արձանագրվել է Կոտայքի մարզում. դեռեւս չի նշվել, թե դա կոնկրետ որ դեպքի հետ է փոխկապակցված:

Վերջին տվյալներով՝ Արմավիրի մարզում հաստատվել է թունավորման 25 դեպք, որից 9-ը՝ մահվան ելքով: Աշոտ Հովսեփյանը ցուցմունք տալիս նշել է, որ ինքը ցորենի սպիրտը ձեռք է բերել մարզի մեկ այլ բնակչից, դրան խառնել է մաքուր ջուր, լիմոն, բայց ոչ մի քիմիական հավելում: Այն անձը, որից Հովսեփյանը գնել է սպիրտը, իր հերթին մեկ ուրիշից է այն գնած եղել: Ինչպես Քննչական կոմիտեն է նախօրեին հայտնել, քրեական գործով ձերբակալվել է եւս երկու անձ:

 

 




Լրահոս