ՖՈՏՈ. Երկու օր առաջ վարչապետի հետ Տավուշում էի, ինձ շատ գնահատված զգացի. Ռաֆայել Քոթանջյանը 78-ամյակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի ծննդյան օրն է։  Վաստակաշատ դերասանն այս տարի նշում է ծննդյան 78-ամյակը:  «Ժողովուրդ» օրաթերթը դերասանի հետ զրուցել է  առօրյայի, շնորհավորանքների եւ գնահատվելու մասին:

Մեզ հետ զրույցում Ռաֆայել Քոթանջյանը նշում է, որ վաղ առավոտից հեռախոսային զանգերը եւ շնորհավորանքները չեն դադարում. «Ինձ համար շատ հաճելի է, որ մարդիկ իրենց կարեւոր առօրյայի մեջ ինձ համար ժամանակ են գտել,  եւ ջերմագին շնորհավորել են: Ինձ համար դրանից առավել գեղեցիկ բան պատկերացնել չի կարելի»:

Հարցին, թե արդյոք գնահատված իրեն զգում է մեր երկրում, թե ոչ, վաստակաշատ դերասանն ընդգծում է:

«Երկու օր առաջ ես շատ գեղեցիկ երեկոյի մասնակցեցի, որը կազմակերպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ Տավուշի մարզում՝ հատուկ տավուշցիների համար:  Ելույթ էր ունենում սիմֆոնիկ նվագախումբը. մինչ այսօր Տավուշի ամբողջ պատմության մեջ, Տավուշի կյանքում երբեք  ոչ մի սիմֆոնիկ նվագախումբ ելույթ չի ունեցել: Դա շատ պատմական բան էր, եւ շատ հաճելի էր, որ մեր շրջանի ժողովուրդը  անմասն չի մնում ամենավերջին նորույթներին: Տավուշում ելույթ էր ունենում նաեւ հայ աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, մեծ սիմֆոնիկի ամբողջ կազմի հետ միասին:  Ինձ համար դա մի առանձնահատուկ հաճելի զգացողություն էր եւ ես դահլիճում նստած մեծ բավականություն էի ստանում եւ ինձ որպես դիտորդ չէի զգում, այլ մասնակիցն էի այդ ամենի: Ինձ համար այնքան հաճելի էր, այնքան մարդիկ մոտեցան ինձ եւ իրենց գնահատանքի  եւ երախտիքի խոսքը հայտնեցին, այնքան գեղեցիկ խոսքեր լսեցի, որը հավաստիքն էր այս ամեն ինչի, որ անգամ շատ հեռու շրջաններում մարդիկ սիրում են, հարգում են եւ անհամբեր սպասում են, թե երբ պետք է ավարտվի այս կորոնավիրուսը, որպեզի կարողանանք շփման ավելի գեղեցիկ տարբերակներ գտնել, ոչ միայն բարեւել , խոսել, այլ նաեւ մեկս մյուսին ուրախացնել»,-նկատում է նա:

Ռաֆայել Քոթանջյանը մեզ հետ զրույցում նկատում է, որ իր ողջ կյանքի ընացքում ստացել է բազում նվերներ, շքանշաններ, բայց լավագույն նվերը՝ նրա երկու թոռնիկներն են:

«Իմ կյանքի լավագույն նվերը իմ հարսիկի պարգեւած երկու թոռնիկներ են: Ես ստացել եմ բազմաթիվ մրցանակներ, շքանշաններ, իհարկե, դրանք ամեն մեկն իր տեղն ունի, բայց հավատացեք ոչ մի բան չի  կարող փոխարինել  թոռնիկին, երբ վազելով մոտենում,  ասում է պապիկ այսպես ասա, այնպես ասա, դրան ոչ մի բան չի հասնի: Դա կյանքի ամենաերջանիկ պահերից մեկն է, որը կարծում եմ շատ մարդիկ վայելում են, բայց վայելելուց բացի պետք է փոխհատուցել՝ երեխաներին սովորեցնելով, որ իմանան, թե ինչ կաեւոր բան է , երբ  փոխհարաբերությունները  պապիկի եւ թոռնիկի լինում են ամենաբարձր մակարդակի վրա»,-ընդգծում է դերասանը:

Անդրադառնալով  նաեւ կրթական համակարգում հասունացած դժգոհություններին՝ մեր զրուցակցը եւս նշում է, որ դեմ է այդ փոփոխություններին, բայց եւ նշում է, որ ամեն բան պետք է թողնել ժամանակի վրա:

«Ես , անկեղծ ասած , այդ ամենից նույնպես դժգոհ եմ, բայց կարծում եմ ամեն ինչ ունի հնարավորություն կարգավորվելու, ես ժամանակին շատ մեծ տեղ ու վստահություն եմ տալիս, չի կարող մի բան, որ վատը լինի,  երկար տարիներ կարողանա առաջխաղացում ունենալ: Ես վստահ եմ, որ մարդկային ուղեղն այդ հատկությունն ունի, վատը հետ մղելու եւ լավը առաջ տանելու: Ես վստահ եմ, որ իմ սերունդները, իմ թոռնիկների սերունդները հուսախաբ չեն թողնի ինձ այդ առումով:  Ես գիտեմ, որ իրենք շատ բան ունեն անելու եւ վստահ եմ, որ կանեն»,-եզրափակում է ՀՀ վաստակավոր դերասանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս