Նման թեկնածուներով նոր ՍԴ կազմավորելով՝ խորացնելու ենք ճգնաժամը. Արման Բաբաջանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն է:

-Պարո՛ն Բաբաջանյան, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների հարցը կարծես թե իշխանությունների համար եւս օր օրի ավելի անորոշ է դառնում, քանի որ առաջադրված թեկնածուներից առնվազն երկուսը, այսպես ասած, իշխանական պատգամավորների «սրտով» չեն: Ըստ Ձեզ, ՍԴ ճգնաժամը ինչպես կլուծվի, Դուք տեսնո՞ւմ եք առաջիկայում որեւէ լուծում այս հարցում:

-Անկեղծ ասած չգիտեմ՝ թեկնածուներից որ մեկն է իշխանական պատգամավորների սրտով կամ հակառակը, բայց կարող եմ ասել, որ Սահմանադրական դատարանի դատարանակազմության գործընթացն ընթացավ անթույլատրելիորեն անորակ, վատ հունով և դրանում մեղքի ամենամեծ բաժինն ունի առաջին հերթին իշխանությունը։ Որովհետև եթե ժամանակագրորեն դիտարկենք, Սահմանադրական դատարանի դատավորի առաջին թեկնածուին առաջադրեց Կառավարությունը՝ ի դեմս արդեն իսկ իր թեկնածությունից հրաժարված Վահրամ Ավետիսյանի։ Թեկնածու, որը չափազանց խոցելի էր ու անընունելի։ Ավետիսյանի թեկնածությունն առաջադրելով` Կառավարությունը, այսինքն՝ իշխող մեծամասնությունը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընկալման նշաձողը, չափանիշն անթույլատրելիորեն իջեցրեց։ Դա, ըստ էության, ազդակ դարձավ Դատարանների ընդհանուր ժողովի, ապա հանրապետության նախագահի համար, որ կարելի է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրել կամայական մեկին։

Տրամաբանությունը շատ պարզ է․ Դատավորների ընդհանուր ժողովում մտածել են, որ եթե կառավարությունն առաջադրում է դատական համակարգի նախկին ամենախոցելի, ամենասկանդալային ու արատավոր ներկայացուիչներից մեկի՝ Դավիթ Ավետիսյանի որդուն, ապա ի՞նչն է խանգարում, որ իրենք առաջադրեն այդ նույն համակարգի նույնքան արատավորված մյուս ներկայացուցչին՝ Երվանդ Խունդկարյանին։ Հանրապետության նախագահն էլ, ըստ ամենայնի առաջնորդվել է չարյաց փոքրագույնի սկզբունքով՝ առաջադրելով սոսկ ակադեմիական հանրույթում հայտնի մեկի թեկնածությունը, որը, սակայն, նույնպես խոցելի է, քանի որ նա առնվազն համալսարանական  շրջանակներում, գոնե ըստ տարբեր հրապարակումների, ունի կոռումպացված դասախոսի համարում։

Այսինքն՝ բոլոր երեք թեկնածուներն էլ այս կամ այն պատճառով անընունելի են և անթույլատրելի է նրանց ընտրությունը՝ որպես Սահմաանդրական դատարանի դատավոր։ Այդ առումով գործընթացը չափազանց բացասաբար եմ գնահատում և ունեմ լրջագույն մտավախություն, որ նման թեկնածուներով նոր ՍԴ կազմավորելով՝ մենք ոչ միայն չենք հանգուցալուծելու սահմանադրական ճգնաժամը, այլ գուցե ավելի խորացնելու ենք այն, քանի որ այն բովանդակային խնդիրները, որոնք հարուցել էին այդ ճգնաժամը, այս թեկնածություններով ամենևին չեն վերացվում, իսկ գուցե ավելի կխորանան։ Սահմանադրական դատարանը երկրում սահմանադրական արդարադատության ու որ ամենակարևորն է՝ ժողովրդավարության պաշտպանության կարևորագույն, առանցքային ինստիտուտներից մեկն է, որն ունի համակարգաստեղծ նշանակություն և նման, թույլ տվեք ասել՝ փնթի մոտեցումը ուղղակի անթույլատրելի է։

Ես հույս ունեմ, որ Ազգային ժողովում այս թեկնածությունների քննարկման ընթացքում կբարձրաձայնվեն նրանց անընդունելիությունը փաստող բոլոր հիմնավորումներն ու փաստարկները և մենք կկանխենք այս կազմով նոր Սահմանադրական դարարան ձևավորելու գործընթացը։ Այլապես մենք հայտնվելու ենք սահմանադարական ճգնաժամի տեղապտույտում, որովհետև նախկին ճգնաժամին գալու է փոխարինելու արդեն այս նոր դատավորներով պայմանավորված ճգնաժամը։

-Արդյո՞ք Ձեր ղեկավարած կուսակցությունը եւս առաջիկայում պատրաստվում է հանրահավքներ իրականցնել, ի՞նչ օրակարգ ունենք Դուք՝ աշնան հետ կապված: 

-Մենք առաջիկայում, աշնան համար ունենք շատ հագեցած քաղաքական օրակարգ։ Սեպտեմբերի 21–ին տեղի է ունենալու «Հանուն Հանրապետության» նախաձեռնության հիմնադիր համագումարը, որի ընթացքում մենք ավելի համապարփակ կերպով հանրությանը կներկայացնենք մեր գաղափարներն ու ծրագրերը, հայեցակարգերն ու տեսլականները։ Բացի այդ, մենք շարունակելու ենք մեր ակտիվ գործունեությունն ու ներգրավվածությունը քաղաքական կյանքում, դրանով մենք զբաղվում ենք նախաձեռնության հիմնադրմանը հաջորդած արդեն ավելի քան երեք ամսիների ընթացքում։ Այս ժամանակահատվածում մենք կազմակերպել ենք բազմաթիվ միջոցառումներ ոչ միայն նեղ կուսակցական շրջանակներում, այլ նաև հանրային լայն ընգրկմամբ։ Վերջին նման հաջողված միջոցառումը Տավուշի մարզի Այգեպար գյուղում կայացած փորձագիտական քննարկումն էր, որը մենք համարում ենք շատ արդյունավետ և մտադիր ենք այդ ձևաչափի միջոցառումները շարունակել նաև առաջիկայում։ Մենք աշխատում ենք ամեն օր, ի տարբերություն շատերի, որոնք իրենց մասին հիշեցնում են հանրահավքից–հանրահավաք։ Ինչ վերաբերում է մեր կողմից հանրահավաքներ կազմակերպելուն, ապա այս պահին նման միջոցառում չենք նախատեսել, բայց ոչիչն չի բացառվում։ Ինչպես արդեն նշեցի, հանրահավաքն ընդամենը միջոց է, գործիք, որը քաղաքական ուժի համար իր գաղփարներն ու ծրագրերը, ասելիքն ու միտքը հանրությանը ներկայացնելու հնարավարություն է։ Այն պահին, որ պահին կզգանք, որ մենք ունենք հանրահավաքի կարիք, վսհատեցնում եմ, կկազմակերպենք նաև հանրահավաք։ Բայց ի տարբերություն շատերի, մենք չենք ապրում ու աշխատում «հանրահավաքային կուլտով», որը, կարծում եմ անցյալի, արդեն իսկ ժամկետանց մտածողության արտահայտություն կամ կաղապար է։ Տեխնոլորգիական զարգացվածության այսօրվա պայմաններում հանրահավաքը դեռևս կարևոր, բայց ամենևին ոչ միակ միջոցն է հանրության հետ հաղորդակցվելու ու սեփական անելիքները ներկայացնելու համար։

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս