Որ դեպքում կարող են ընդհատել հղիությունը. պատգամավորների նոր նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբանը և Շաքե Իսայանը նոր նախագիծ են ներկայացրել, որով առաջարկվում են արգելել հղիության արհեստական ընդհատումները, անգամ, եթե այն լինի մինչև 12 շաբաթական, երեխան ունենա հետագա կյանքի հետ անհամատեղելի որևէ արատ կամ հղիությունը լինի բռնաբարության արդյունքում: Միակ պարագան, երբ կնոջը, ըստ հեղինակների, կթույլատրվի աբորտ անել, դա կնոջ հիվանդ լինելու հանգամանքն է՝ «եթե հիվանդությունն իրական վտանգ է ներկայացնում կնոջ կյանքի համար, և այդ վտանգը կարող է վերացվել հղիությունն ընդհատելով»:

Իսկ եթե նման օրենք ունենալու պարագայում կինը, այդուհանդերձ, ընդհատի հղիությունը, ապա հեղինակները նախատեսել են պատիժ. «Չծնված երեխային կյանքից ապօրինի զրկելու համար նախատեսել քրեական պատասխանատվություն՝ միաժամանակ պատասխանատվությունից ազատելով երեխայի մորը և բարեխիղճ բուժաշխատողներին»:

Նշենք, որ ՀՀ գործող օրենսդրությունը նախատեսել է մի շարք հանգամանքներ, որոնց առկայությունը թույլ է տալիս ընդհատել հղիությունը՝ չծնված երեխային զրկելով կյանքից։ Օրինակ, երբ հղիությունը մինչև 12 շաբաթական է, կինը (չծնված երեխայի մայրը) հիվանդ է, չծնված երեխայի մոտ առկա է արատ; առկա են հանգամանքներ, որոնք ավելի հավանական են դարձնում երեխայի մոտ արատների զարգացումը (ընտանիքում զարգացման արատներով երեխաների կամ սեռի հետ փոխկապակցված ժառանգական հիվանդությունների առկայություն): Առկա են առողջական վիճակի հետ չկապված հանգամանքներ (հղիության ընթացքում ամուսնու մահը կամ ամուսնալուծությունը, կնոջ կամ ամուսնու՝ պատիժն ազատազրկման վայրում կրելը, հղիությունը` բռնաբարության արդյունքում)։




Լրահոս