ՖՈՏՈ. Իսկ ինչի՞ց ելնելով կարծիքս փոխեմ, որ իմ կոլեգաները բարձր պաշտոնի՞ են. Վահագն Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հումորիստ, դերասան, «32 ատամ» ակումբից հայտնի դարձած Վահագն Գրիգորյանն արդեն տեւական ժամանակ է, ինչ տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ գործունեություն է ծավալում Լոս Անջելեսում։ Վահագնն այնտեղ «Stand up comedy» ժանրի ներկայացումներում հաճախ նմանակում է հայ քաղաքական գործիչների, եւ նրա ամենաստացված նմանակումը՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանինն է:

-Վահա‘գն, արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ բնակություն եք հաստատել ԱՄՆ-ում։ Ի՞նչ գործունեություն եք ծավալում այժմ։

-Հիմա այնպիսի ժամանակ ենք ապրում, որ ինքնուրույն գործունեություն ծավալել էլ չկա….հիմա թիվին ինչ ասում է, դա էլ ծավալում ենք գործի մեջ: Ասում է, որ հիվանդ ենք, ուրեմն հիվանդ ենք, ասում է՝ առողջ ենք, ուրեմն առողջ ենք, ասում է դիմակ դրեք, դնում ենք….սա էլ այսօրվա գործունեությունն է:

– 32-ատամ Թատրոնից հետո, Ձեր ասպարեզում ի՞նչ հաջողություններ եք գրանցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

-Հաջողություն է արդեն, երբ օտար երկրում շարունակում ես ապրել ու գոյատեւել քո սիրած գործով ու մասնագիտությամբ: Հեռուստանախագծեր, stand up, երեկոներ եւ այլն:

-Իսկ հե՞շտ էր արդյոք գործունեություն սկսել օտար երկրում։

-Անկախ ամեն ինչից, անկախ թե որ երկրում ես գտնվում, hեշտ գործ չկա…..գործը հեշտ է դառնում, եթե դու այդ գործի մասնագետն ու նվիրյալն ես եւ եթե պատրաստ ես բոլոր դժվարությունները հաղթահարել սիրով:

-Մեր հարցազրույցներից մեկում ասել էիք, թե մեր երկրում հումորով զբաղվող մարդկանց մասնագիտորեն լուրջ չեն ընդունում։ Հիմա է՞լ եք այդ կարծիքին։

-Իսկ ինչի՞ց ելնելով կարծիքս փոխեմ, որ իմ կոլեգաները բարձր պաշտոնի՞ են….բա մեկնաբանություննե”րը նրանց հասցեին….բա այդ ատելությո՞ւնը:

-Դուք հումորային ասպարեզի հիմնադիրներից եք։ Հետեւո՞ւմ եք արդյոք Հայաստանում ձեր ոլորտի ներկայացուցիչներին, ի՞նչ տպավորություն եք ստանում։

-Ոլորտին հետեւում եմ, իսկ գնահատականներ տալն առհասարակ դժվար է, եւ բացի այդ ես չպետք է դա անեմ: Կարծում եմ, որ դա հանդիսատեսի գործն է, եթե նայում են, ուրեմն սիրում են, ուրեմն մի բան անում են….Հումորը ժամանակի հետ համընթաց է, ինչպիսին ժամանակներն են, այդպիսինն էլ հումորն է:

-Վահա՛գն, իսկ ցանկություն չունե՞ք կրկին վերադառնալ հայրենիք եւ այստեղ շարունակել Ձեր գործունեությունը։

-Սպասենք, այս դիմակները հանենք, տեսնենք, թե տակը ինչ դեմք է մնացել, նոր այդ մասին կմտածենք, եւ կորոշենք (ծիծաղում է), իսկ կա՞ այդպիսի մարդ , որ չի ուզում տուն գնալ…:

-Ո՞ր միջավայրում կցանկանաք, որպեսզի մեծանա Ձեր որդին։

-Որտեղ էլ կլինի, թող լինի մարդ ու մարդկությանը պիտանի, մեզ էլ ինչ կտա կտա…:

-Իսկ, ցանկություն չունե՞ք ընտանիքը համալրել եւս մեկ երեխայի ծնունդով :

-Այո՛, իհարկե ցանկանում եմ յոթ որդով սեղան նստել, բայց առայժմ չենք կարող, այս տունը փոքր է, այդպիսի մեծ սեղան չի տեղավորվի…(կատակում է):

-Հետեւո՞ւմ եք Հայաստանում կատարվող իրադարձություններին։

–Այո հետեւում եմ, առաջին սեզոնը նայել եմ, սպասում եմ երկրորդ սեզոնը դուրս գա….:

-Հեղափոխությունից հետո, ըստ Ձեզ, ինչ է փոխվել մեր երկրում, եւ ինչ կցանկանայիք, որ փոխվեր։

-Եթե կսպասեք մեկ տարի հետո այս հարցին կպատասխանեմ, երբ կգամ Հայաստան եւ լսածս ու տեսածս կհամադրեմ…Այս պահին այսքանը, թիվիով ասացին, որ տաքություն ունեմ, գնամ մի հատ ջերմաչափվեմ….Առողջություն բոլորին ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ մտոք:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս