Պատգամավորությունից հրաժարվելուց հետո Վահագն Գրիգորյանը մնաց օդում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր նիստում դադարեցրած է համարել Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության երեք անդամների լիազորությունները: Նրանցից մեկն էլ Վահագն Գրիգորյանն է, որն օրեր առաջ նաեւ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել եւ հայտարարել, թե ցանկանում է իր գործունեությունը շարունակել ավագանիում, սակայն փաստացի նա նաեւ ավագանի չէ: Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Վահագն Գրիգորյանին, սակայն նա մեզ հետ զրույցում նշեց, թե ինքը չի հրաժարվել ավագանու մանդատից:

«Ցավոք, գոյություն ունի օրենսդրական պահանջ, որ ավագանու մանդատն անհամատեղելի է պատգամավորի մանդատի հետ (մաքսիմում 5 օր), եւ քաղաքապետարանը ստիպված էր կատարել օրենքի պահանջը եւ ուղարկել դիմում ԿԸՀ, քանի որ ես չէի հասցնում այդ 5 օրվա ընթացքում վերջնական վայր դնել իմ` ԱԺ պատգամավորի մանդատը։

Սակայն ես կապի մեջ եմ իմ ավագանի գործընկերների հետ եւ կփորձեմ հասարակական հիմունքներով օժանդակել իրենց աշխատանքներին, ինչքանով որ դա հնարավոր կլինի», – նշեց նա։ Հավելենք նաեւ, որ երեկ լրացել է նաեւ նրա` պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը հետ վերցնելու ժամկետը, եւ նա դա էլ չէր կարող անել: Նշենք, որ Վահագն Գրիգորյանն աշխատում է երեւանյան բանկերից մեկում եւ իր աշխատանքը կշարունակի այդ ոլորտում, ասել է թե` նա մասնավոր ոլորտում աշխատանքը գերադասեց պատգամավորական մանդատից:




Լրահոս