ՖՈՏՈ. Տարբերվելու խնդիր չկա, այդ ոճում դա միակն է. Անուշիկ Ալավերդյանը՝ մանկական բրենդ ստեղծելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը տեւական դադարից հետո նորություն ունի իր երկրպագուների համար: Երգչուհին իր ինսատգրամյան էջում գրառում է կատարել, որ շուտով  կներկայացնի իր նոր սեփական բրենդը:

«Երբ որ սեփական բրենդ ունենալու որոշումը կայացրի, զգացի, որ հարցեր կան, որոնք միայնակ չեմ կարողանում լուծել, կամ որ ավելի ճիշտ է ասել՝ վստահ չէի կայացրածս որոշումներում։ Մի խոսքով, իմ փոքրիկ բրենդն իր մեկնարկի նախաշեմին է։ Շնորհավորեք ինձ ու հաջողություն մաղթեք»,-մասնավորապես գրել էր երգչուհին։

Նոր բիզնեսի մասին երգչուհի Անուշիկ Ալավերդյանն առաջին անգամ զրուցել է «Ժողովուրդ» օրաթերթի հետ:

«Միտքը ծագել է ինքնամեկուսացման շրջանում, Մայան՝ դուստրս, ֆոտոնկարահանումների էր, որտեղ նրան չգիտեմ՝ ինչու, միշտ փորձում եմ հագցնել այնպես, կարծես, թե նա եկած լինի 60-ական թվականներից, քանի որ ես ինքս շատ եմ սիրում վինտաժ ոճը, եւ սիրում եմ, որ իմ աղջիկն էլ  հենց այդ ոճով է հագնվում: Այդպես հագուստի հետ ինձ պետք էր գտնել գլխարկ, որը ես երեւի թե մի քանի օր փնտրեցի եւ այդ ընթացքում ժամանակ չկար անգամ կարելով․ այդպես էլ չգտա իմ ցանկացած գլխարկը: Շատ տխրեցի, քանի որ իսկապես իր ընդհանուր կերպարի համար շատ էր պետք այդպիսի հասարակ գլխարկ: Եվ այդպես այդ ընթացքում միտք առաջացավ, թե ինչու ես չստեղծեմ իմը, քանի որ մեր երկրում, ցավոք, ցանկացած հասարակ բան հագուստի առումով, առանց ավելորդությունների  պարզապես անհնար է գտնել: Եվ ես որոշեցի ստեղծել նման գլխարկների հավաքածու, որը կլինի միմիայն վինտաժ ոճում»,-գաղափարի մասին պատմում է երգչուհին:

Նրա խոսքով՝ ինքը հաճելիորեն զարմացած է մարդկանց արձագանքից, մանավանդ այն դեպքում, երբ դեռ գլխարկների տեսականին համացանցում տեղադրված չէ. «Շատ հաճելիորեն զարմացած եմ, քանի որ սա իմ առաջին աշխատանքային փորձն է լինելու այս ոլորտում: Դեռ գլխարկների տեսականին համացանցում չկա, միայն հայտարարել եմ, որ այդպիսի բան եմ արել ու արդեն  այնքան նամակներ եմ ստացել, որ ցանկություն ունեն ձեռք բերել, գնել,  առանց տեսնելու: Շատ զգացված եմ նման արձագանքի համար»:

Հարցին, թե  մտավախություն չունի՞, որ բիզնեսը կարող է երկրորդ պլան մղել երգարվեստը, Անուշիկը նկատում է, որ երկու ոլորտներն էլ իրարից բավականին տարբեր են եւ չի կարծում, որ մեկը մյուսին կարող են խանգարել:

«Չեմ կարծում, որ այս նոր բիզնեսը կխանգարի երգարվեստում իմ գործունեությանը: Իրականում շատ տարբեր ոլորտներ են․ երգն իմ կյանքն է, իսկ սա նոր զբաղմունք է: Կարող եմ ասել, որ միայն ժամանակի առումով  է զբաղվածությունս ավելի շատացել, բայց այս պահին դեռ հասցնում եմ, որովհետեւ Մայան արդեն գնում է մանկապարտեզ, եւ հիմա ունեմ ավելի շատ ազատ ժամանակ»,-ասում է նա:

Իսկ թե ինչով է տարբերվելու նրա բրենդը, երգչուհին ընդգծում է. «Տարբերվելու խնդիր չկա, քանի որ կարծում եմ, որ դա միակն է լինելու, որովհետեւ բացարձակ վինտաժ ոճի մեջ ենք լինելու, մանավանդ գլխարկների մասով, իսկ գլխարկները լինելու են հաստատ դեռ միակը»:

Մեր զրույցի վերջում անդրադառնալով նաեւ առաջիկա անելիքներին՝ Անուշիկ Ալավերդյանը հավելում է. «Անկեղծ ասած, ծրագրերս թե՛ երգարվեստի, թե՛ բիզնեսի հետ կապված շատ-շատ են, որը փուլ առ փուլ ըստ պլանավորվածի ճիշտ ժամանակին լինելու են, հիմա պարզապես չակերտները չեմ ուզում շատ բացել, բայց ամեն ինչ լինելու է իր ժամանակին»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս