«Ալագյազ» զորավարժարանում մեկնարկել է «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության կրակային փուլը Հարավային ռազմական օկրուգի և ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների ներգրավմամբ:
Գործնական վարժանքներին մասնակցում են հրաձգային, հրետանային, տանկային, ավիացիոն և հակաօդային պաշտպանության ուժեր և միջոցներ զորքերի միացյալ խմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի գլխավորությամբ։
Զորավարժությունների ընթացքում խաղարկվում են պաշտպանության և հակահարձակման էլեմենտներ, կատարելագործվում է ստորաբաժանումների ղեկավարումը համատեղ խնդիրների կատարման ժամանակ, հստակեցվում է փոխգործակցությունը ռազմական անվտանգության ապահովման առումով:
Ընդհանուր առմամբ, Հայաստանում «Կովկաս -2020» զորավարժություններում ներգրավված է ավելի քան 1․5 հազար մարդ և շուրջ 300 միավոր ռազմական տեխնիկա։