2 անգամ ավելի օրենք է ընդունվել, Գագիկ Ծառուկյանն էլ զիջել է դիրքերը. ԱԺ մոնիթորինգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը  4-րդ նստաշրջանում 2 անգամ ավելի շատ օրենք է ընդունել, քան 3-րդ նստաշրջանում: Այս մասին «ԱԺ մոնիտորինգ. 7-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» թեմայով ասուլիսի ժամանակ նշեց «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը: Նա նկատեց, որ օրինագծերի ընդունումն իրականացվել է շատ ավելի արագ եւ ավելի շատ օրինագիծ է ընդունվել՝ ի տարբերություն նախորդ ԱԺ գումարումների, երբ օրինագծերի քննարկումը վերածվում էր մեխանիկական գործընթացի: «4-րդ նստաշրջանում խորհրդարանը գործել է արտակարգ պայմաններում, եւ օրենքների թվի կտրուկ աճը պայմանավորված է եղել նաև համավարակի տարածման տեմպերին հակազդելու միտումով»,- նշեց Վասիլյանը:

Հետաքրքիր է, որ նախորդ նստաշրջանում «ԲՀԿ» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լքել էր նիստերից ամենաշատը բացակայած պատգամավորների շարքը, հիմա նորից վերադարձել է այդ դիրքին: Վասիլյանը հայտնեց, որ ԱԺ 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանից ամենաշատ բացակայած պատգամավորը Գագիկ Ծառուկյանն է. «Ընդհանրապես, ԱԺ նիստերից ամենաշատը բացակայածների հնգյակում պատգամավորներից չորսը «ԲՀԿ»-ից են, մեկը՝ «Իմ Քայլից»։ Բայց, իմքայլական պատգամավորը ֆիզարձակուրդում է եղել։ Ասեմ, որ նախորդ նստաշրջանում մենք խնդրի էինք բախվել, քանի որ ամենաշատ բացակայածների տասնյակում հայտնվել էին ամենաշատ գործուղման մեկնած պատգամավորները։ Իսկ այս անգամ գործուղումներ չեն եղել»,- ներկայացրեց նա։

ԱԺ «ԲՀԿ»-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, արձագանքելով Գագիկ Ծառուկյանի բացակայությունների մասին հայտարարությանը, նշեց, որ նա բացակայել է՝ կորոնավիրուսային հիվանդության եւ  իր տարիքի պատճառով. «ԱԺ-ում այդ կարգը կար, որ կարելի էր դիմել ԱԺ նախագահին և չմասնակցել նիստերին։ Այդպիսի ռեժիմ կա։ Այդ բացակայությունները դրանով են պայմանավորված»։

Շարունակելով ներկայացնել տվյալները, Լուսինե Վասիլյանը նշեց. խորհրդարանում ամենաակտիվ, ամենաշատ հարց տված պատգամավորը  «ԲՀԿ»-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն է. «Ընդհանուր առմամբ, 132 պատգամավորներից 20-ը միշտ լուռ են եղել՝ որևէ ելույթ չեն ունեցել և որևէ հարց չեն հնչեցրել»։

4-րդ նստաշրջանի 5 ամիսներից 3-ն անցել են բացառիկ պայմաններում: Խորհրդարանն աշխատել է ֆորսմաժորային իրավիճակում, բայց կտրուկ ավելացել է այդ ընթացքում ընդունված օրենքների թիվը: Եթե 3-րդ նստաշրջանում ընդունվել է 169 օրենք, ապա 4-րդ նստաշրջանում ընդունված օրենքների թիվը հասել է 345-ի, այսինքն՝ 2 անգամից նույնիսկ ավելի: Ըստ մոնիթորինգի ծրագրի ղեկավարի՝ այս միտումով 4-րդ նստաշրջանը նմանվել է նախորդ գումարումների խորհրդարաններին, երբ օրենքների քննարկումներն ավելի շատ մեխանիկական գործընթաց են հիշեցրել:

Ընդ որում, այս նստաշրջանում զգալիորեն աճել են խորհրդարանական մեծամասնության հեղինակած օրինագծերը, եւ հակառակն է տեղի ունեցել խորհրդարանական ընդդիմության պարագայում: Այսպես՝ «Իմ քայլը» խմբակցության կողմից շրջանառության դրված օրինագծերի թիվը նախորդ նստաշրջանի համեմատ ավելացել է 16 տոկոսով, իսկ ընդդիմության օրինագծերի թիվը պակասել 15 տոկոսով: 2,5 անգամ ավելացել է կառավարության կողմից ներկայացված օրինագծերի թիվը, սակայն ընդհանուր առմամբ խորհրդարանի առաջարկած օրինագծերի քանակն ավելի մեծ է:

Ընդհանրապես յոթերորդ գումարման այս խորհրդարանը երկու տարիների ընթացքում բավական ակտիվ է գործել եւ տարբերությունը նաեւ այն է, որ ավելացել են այն նախագծերը, որոնք հեղինակվում են պատգամավորների կողմից:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս