Այս ամենն արդեն հասել է մեր կոկորդին, եւ պետք է մեկընդմիշտ վերջացնենք այս հարցը․ Համլետ Գեւորգյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին օդային եւ հրթիռային ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվել են խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, զոհվել են տասնյակ զինծառայողներ։

Հակառակորդի կողմից ծավալվող ռազմական գործողությունների շուրջ ArmLur.am-ը խոսել է երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Համլետ Գեւորգյանի հետ։

-Համլետ, երեկ վաղ առավոտից Ադրբեջանը սկսել է պատերազմական գործողություններ արցախա-ադրեջանական սահմանի ողջ երկյանքով, ինչպես նաեւ բնակելի տարածքներում, որի արդյունքում ունենք քաղաքացիական զոհեր։ Ի՞նչ գնահատական կտաք Ադրբեջանի գործողություններին։

-Ուսումնասիրելով մի շարք տեղեկություններ՝ հասկացա, որ մեզ համար ոչ մի հարձակում անակնկալ չէր, բայց բոլոր դեպքերում հակառակորդը ցանկացել է հանկարծակիի բերել։ Փորձել է սկսել ամենավայրագ ձեւով ՝ խաղաղ բնակիչներից, անգամ ունենք երեխայի զոհ, բազմաթիվ վիրավորներ։ Իհարկե, այս ագրեսիվ հարձակման վրա չեմ զարմանում, ինչպես միշտ Ադրբեջանի կողմից հայի հողը՝ հայից խլելու տենչանքը կա եւ ոչինչ չի փոխվել, իսկ մնացածը թող աշխարհը տեսնի ու գնահատի։

-Ձեր կարծիքով ի՞նչու հենց այս ժամանակահատվածում Ադրբեջանը սկսեց իր նենգ եւ սադրիչ պատերազմական գործողությունները։

-Ակնհայտ է, որ Ադրբեջանն ունի մեծ աջակցություն, շատ վատ սերմնացան Թուրքիայի կողմից։ Աշխարհի բոլոր դեմոկրատ երկրները դեմ են այն ամենին, ինչ այսօր կատարվում է, դեմ են Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմական գործողություններին։ Ես հետեւում եմ միջազգային տարբեր վերլուծաբանների, եւ տեսնում եմ, որ ոչ մեկը Ադրբեջանին չի խրախուսում Արցախի վրա հարձակման համար։

-Համլե՛տ, Հայաստանում եւ Արցախում հայտարարվեց զորահավաք, արդյո՞ք պատրաստ եք մեկնել սահման հայրենիքի պաշտպանության համար։

-Այո, իհարկե, եւ մինչեւ սահման մեկնելը, ովքեր թիկունքում սպասել են հայրենիքի կորցրած տարածքները հետ վերադարձնելու հույսով, իսկ մենք էլ այստեղ երգելով միշտ մեր ծառայությունը հայրենիքին մատուցել ենք՝ կանգնելով մեր զինվորի, սպայի, գեներալի կողքին։ Ով ինչ հարցում կարողանում է, աջակցում եւ օգնում է մեր բանակին։ Եվ տեսնում եմ, որ գնալով մոբիլիզացվում են ուժերը, ամեն բան գնում է շատ կիրթ ձեւով, եւ դա զարմանալի չէ, քանի որ մենք միշտ զգոն ենք եղել հակառակորդի գնդակների, դիվերսիոն հարձակումների հանդեպ, եւ հիմա էլ ամեն ինչ տանում է դեպի հաղթանակը։

-Իսկ գո՞հ եք արդյոք միջազգային կառույցների արձագանքից։

-Իմ կարծիքով՝ մեր դիվանագիտական կորպուսը շատ գրագետ, ճիշտ ժամանակին իր արձագանքը տալիս է։ Ընդհանուր առմամբ ես տեսնում եմ, որ այն երկրները, որոնք ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի շրջանակում են, բավականին ակտիվորեն արձագանքում եւ դատապարտում են Արցախի նկատմամբ ռազմական գործողությունները։ Մենք միշտ թշնամուն թույլ ենք տվել հետ նահանջել, եւ տեսնում եմ, որ Արցախի եւ Հայաստանի ղեկավարներն,ինչպիսի բացառիկ համբերություն են դրսեւորում։ Կարծում եմ՝ այդքան շուտ թշնամին չի հանձնվի, եւ մեզ ստիպելու են մեծ գործողությունների գնալ։

Ես ուրախ եմ, որ մեր ժողովուրդ անկախ ամեն ինչից , անկախ քաղաքական կարգավիճակից հայրենիքի պաշտպանության հարցում դառնում են մի բռունցք, եւ դա մեր արյան մեջ է։ Թշնամին չի կարող մեզ մեր պատմական հողերից զրկել եւ այդ փաստը մարսի։ Մենք չենք մոռանում եւ ոչ մեկ չի կարող մեզ մեր հողերից զրկել։ Դա պարզապես չի լինելու։ Այսօր համայն աշխարհի հայությունը կանգնած է մեր հայրենիքի կողքին։ Մենք այն ազգն ենք, որ երբեք չենք թալանել, ոչ մեկի հողը չենք զավթել, իսկ ով ուզում է խաղաղ ապրել մեր հողերի վրա, խնդրեմ կարող է խաղաղ ապրել։ Մեր ուժը հենց խաղաղության մեջ է։

-Ի՞նչ պատասխան է սպասվում թշնամուն, արդյոք տասնամյակներ ի վեր երակարաձգված պատերազմում կհաղթենք։

-Այս ամեն ինչն արդեն հասել է մեր կոկորդին, եւ պետք է մեկընդմիշտ վերջացնենք այս հարցը։ Ամբողջ աշխարհը տեսնում է, թե բարբարոսությունն ու ագրեսիան որ կողմից է գալիս։ Հաղթելու ենք։

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս