«ԱՅՍ Ի՞ՆՉ ՁԵՎ ԵՔ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒՄ ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ՀԱՐԳԱՐԺԱ՛Ն ԾՆՈՂՆԵՐ». ԳՈՌ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ զրուցել է Գոռ Մարտիրոսյանի հետ, ով հնարության շրջանում  հայտնի դարձավ «Բանակում» հեռուստասերիալից։ Սիրված դերասանի հետ զրուցել ենք ֆիլմերում եւ, առհասարակ, ոլորտում գործունեություն չծավալելու, իրեն խանգարողների եւ այլ հետաքրքրաշարժ հարցերի մասին։

 

-Գո՛ռ, «Բանակում» հայտնի հեռուստասերիալից հետո այդպես էլ ոլորտում ակտիվ գործունեությամբ այլեւս հանդես չեկաք, ինչու՞։

-Այո՛, ինձ սիրեցին «Բանակում» հեռուստասերիալից, եւ ես էլ շատ ուրախացա, որ ինձ սիրող կա, եւ այդպես մինչ օրս ապրում ենք, սիրվում կամ էլ չենք սիրվում։ Ասում եք՝ ինչու չեմ խաղում ֆիլմերում, իսկ ո՞վ է ինձ հրավիրել որեւէ ֆիլմում կամ սերիալում նկարահանվելու համար։ Ինձ ասում են՝ դու հումորային դերասան ես, քեզ չենք տեսնում լուրջ դերերում, ժողովուրդը լուրջ կերպարում խաղալիս կտեսնի եւ կծիծաղի։ Մենք  «Բանակում» հեռուստասերիալում հումորային կերպարն այնքան լուրջ խաղացինք, որ մարդիկ մեր կերպարին հավատացին, իսկ ո՞վ է ասել, որ լուրջ կերպար ես չեմ կարող խաղալ։ Այդ ի՞նչ ռեժիսոր կամ պրոդյուսեր է, որ նման արտահայտություն է անում։ Մենք այսօր ոչ մի տեղ չենք նկարահանվում։ Ես շատ լավ գիտեմ եւ «պրյամո» ասում եմ, որ այսօր նրանք ձգտում են էժան աշխատուժին, որով լցրել են հեռուստատեսությունը, իսկ ես  հինգ հազար դրամով խաղացող դերասան չեմ, եւ  դա իրենց ձեռք չի տալիս. հինգ հազար կտան, իրենց հարազատը, բարեկամը կգա կխաղա։ Եվ հիմա ի՞նչ է ստացվում. դերասաններն անգործ նստեն, իսկ չդերասանները գան հեռուստաեթե՞ր։ Իրենց թվում է՝ դերասանի մասնագիտությունը կապիկություն է, ո՛չ, դա լուրջ կոչում է, որը տրվում է ի վերուստ։ Այսօր լիքը դերասաններ կան, որ ավարտել են Թատերական ինստիտուտը, բայց այնտեղ դերասան չկա, իսկ մենք ձգտում ենք դերասան դառնալ, այդ ճանապարհն անցնել, իսկ մեզ էլ խանգարում են։ Կորիզը կազմում են պորֆեսիոնալներով, իսկ մնացածը լցնում են «զիբիլով»։

-Ովքե՞ր են խանգարողները։

-Անուններ տալ չեմ կարող. այն մարդիկ են, ովքեր դերասան չեն կամ ունեն մասնագիտությունը, բայց կապ չունեն դրա հետ։ Հարգելի՛ս, եթե դու տնտեսագետ ես կամ բժիշկ, դու իրավունք չունես խաղալու, խանգարելու ինձ ու ինձ նմաններին ճանապարհ անցնելու։ Ինչո՞ւ եք մեր կյանքը փչացնում, ինչո՞ւ ամեն մարդ չի զբաղվում իր գործով։ Ի՞նչ անենք այսօր մենք, գործ չունենք, գնանք բանվորություն անենք, որ դուք մեր տեղը խաղա՞ք։ Գալիս են ընդունելության, ասում ենք՝ Մհեր Մկրտչյանին գիտե՞ք, ասում է՝ դեմքը ծանոթ է, Կոմիտասի դիմանկարը ցույց ենք տալիս, ասում են՝ Հովհաննես Թումանյանն է։ Հարց եմ տալիս՝ այս ի՞նչ ձեւ եք դաստիարակում Ձեր երեխաներին, հարգարժա՛ն ծնողներ։ Եվ այդ երեխան վաղը պետք է խաղա կինոյում եւ այն բանիմաց երեխաներին խանգարի։

-Իսկ ո՞վ է պատասխանատու եւ մեղավոր այս ամենի համար։

-Փողը, քանի որ փողից կեղտոտ բան մեկ էլ մարդ արարածն է։

-Հեռուստասերիալից հետո խոսակցություններ էին պտտվում այն մասին, թե կերպարը լավ եւ բնական խաղալու համար Ձեզ առանձնատուն, ավտոմեքենա են նվիրել:

-Չէ, իրականում նման բան չի եղել, առանձնատուն կամ մեքենա չեն նվիրել, այդ ամեն ինչը ես ինքս իմ ուժերով եմ ձեռք բերել եւ  չեմ թաքցնի, որ ես նույնպես լսել եմ իմ մասին նման խոսակցություններ։ Ես ուրախ եմ, որ «կերտել» բառը չօգտագործեցիք, քանի որ հիմա շատ են ասում կերպարը կերտել, եւ, առհասարակ, խորհուրդ կտամ դերասաններին չասել՝ այս կամ այն կերպարը կերտեցի, քանի որ կերտելու ոչինչ չկա։ Այսօր մեկ-երկու դեր խաղալով՝ ասում են՝ կերպար եմ կերտել, դա պարզապես ամոթ է, քանի որ մենք փորձում ենք ընդամենը դերասան դառնալ, ուզում ենք արտիստ դառնալ մեր հայ ազգի համար եւ դրա ճանապարհին ենք։ Մարդ ինչքան համեստ լինի իր գործի մեջ, այնքան լավ, քանի որ մենք այնքան մեծ դերասաններ ունենք մեր կողքին, որ պարզապես ամոթ է իրենց կողքին դերասան կոչվելը։

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

ԷՐԻԿԻ՝ «ՍԻՐՈ ՊԱՆԴԵՄԻԱ» ԱԼԲՈՄԸ ՆՈՐ ՀԻԹ ՈՒՆԻ

Երգիչ Էրիկ Կարապետյանն արտակարգ դրության ընթացքում ունեցած ժամանակը օգտագործել է ոչ թե պարապուրդի մատնվելու, այլ հետաքրքիր գաղափար կյանքի կոչելու համար. նախորդ շաբաթ նա իր լսարանին է ներկայացրել հինգ երգից բաղկացած «Սիրո պանդեմիա» վիզուալ ալբոմը՝ ժամանակակից մարտահրավերների շնչով ու ժամանակակից մարտահրավերների լեզվով:

Այս ալբոմում Էրիկը ներկայացնում է սիրո իր բանաձեւն ու իր տարբերակը, քանի որ սիրո անմնացորդ ուժով է միայն հնարավոր պայքարել մարտահրավերների դեմ։

Էրիկի  նոր ալբոմը միանգամից արժանացել է երկրպագուների ուշադրությանը: Նրա «Սիրո պանդեմիա» ալբոմից առավել սիրվեց եւ տարածում գտավ հանրության շրջանում «Քանի կամ» երգը, որը թողարկումից կարճ ժամանակ անց հատել է 1 միլիոն դիտումների սահմանը։ Էրիկն իր ոգեւորության եւ տպավորություններով կիսվել է Ինստագրամի իր պաշտոնական էջում:

«Ստեղծագործություններից յուրաքանչյուրը կոչված է եւս մեկ անգամ հիշեցնելու, որ, անկախ պայմաններից, սերը մեր ուժն է, հույսը եւ ապագան»,-գրել է նա:

Հավելենք, որ երգերից 3-ի՝ «Քանի օր, քանի գիշեր»-ի, «Իմ ու քո»-ի, «Lovi Lovi»-ի երաժշտությունների հեղինակը հենց Էրիկն է:

 




Լրահոս