Լուսանկարը՝ համացանցից
Թերեւս այս գրության իմաստը դժվար կլինի հասկանալ, բայց, այնուամենայնիվ, այն գտել է իր ուրույն տեղը։
ԱՎԱՆԴՆԵՐ
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե որ ավանդները չեն երաշխավորվում:
Սիրան Գրիգորյան (62 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Գրիգորյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ չեն երաշխավորվում այն ավանդները, որոնք`
պատկանում են բանկի ղեկավարին եւ (կամ) նրա ընտանիքի անդամներին,
պատկանում են տվյալ բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձին եւ (կամ) նրա ընտանիքի անդամներին,
ճանաչվել են հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց,
սեփականատերը հրաժարվել է իր մասի նկատմամբ սեփականության իրավունքից,
ներդրվել են ներդրման պահին բանկի սահմանած տոկոսադրույքը առնվազն 1.5 անգամ գերազանցող տոկոսադրույքով:
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երաշխավորված ավանդի հատուցման դեպքում ավանդատուն ավճարունակ բանկի նկատմամբ իր պահանջի իրավունքը պահպանում է բանկային ավանդի եւ հատուցված երաշխավորված ավանդի տարբերության չափով։ Բանկային ավանդի եւ հատուցված երաշխավորված ավանդի տարբերությունն ավանդատուին վերադարձվում է «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Կնքել եմ վարկային պայմանագիր եւ գույք եմ գրավադրել։ Խնդրում եմ ասել՝ վճարումները պատշաճ չկատարելու պարագայում ինչ հետեւանքներ կարող են լինել:
Դավիթ Հակոբյան (34 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ վարկի մարման եւ տոկոսների վճարման պարտականությունը չկատարելու կամ ժամանակին չկատարելու դեպքում վարկը դասակարգվում է` դառնալով ժամկետանց, որի դիմաց հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տույժեր: Պայմանագրում տույժերի վերաբերյալ դրույթներ նախատեսված չլինելու դեպքում տոկոսները հաշվարկվում են կետանցի (ուշացման) օրվանից մինչեւ պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:
Եթե վարկային պայմանագրի շրջանակներում առկա է գրավադրված գույք, ապա ֆինանսական կազմակերպությունը կարող է իրացնել գրավի առարկան եւ իրացման արդյունքում ստացված գումարը ուղղել վարկային պարտավորությունների կատարմանը:
Եթե իրացման արդյունքում ավելացել է գումար, ապա ֆինանսական կազմակերպությունը պետք է վերադարձնի Ձեզ այդ գումարը, իսկ եթե ստացված գումարը բավարար չէ վարկային պարտավորություններն ամբողջությամբ մարելու համար, ապա Դուք պատասխանատու եք վարկային պայմանագրից բխող պարտավորությունների համար Ձեզ պատկանող մնացած գույքով:
Ֆինանսական համակարգի հաշտարար
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ միայն գրավատուն հանձնված գույքի գրավի դեպքում է, որ գույքի իրացումից հետո գրավատունն իրավունք չունի որեւէ պահանջ ներկայացնել պարտապանի նկատմամբ, եթե անգամ գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարն անբավարար է պահանջը լրիվ բավարարելու համար։