Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը սոցիալական ցանցերի օգտատերերին կոչ է արել իրենց էջերում տեղադրել Արցախի Հանրապետության դրոշը՝ «Ճանաչե՛լ Արցախը» կոչով: Թանկյանը նշել է, որ հայերն Արցախում հարձակման են ենթարկվում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից:
«Հայերն Արցախում ենթարկվում են հարձակման: Միացեք ինձ և ցույց տվեք ձեր համերաշխությունը՝ տեղադրելով այս դրոշը: Արտահայտեք ձեր վրդովմունքը Ադրբեջանի սանձազերծած հարձակումների, Թուրքիայի օգնության և Արցախում հայերի էթնիկ զտման ակնհայտ ձգտման կապակցությամբ»,- գրել է Թանկյանը:
Թանկյանն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել կապվել Ներկայացուցիչների պալատի անդամների հետ՝ քննարկելու Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները: Ռոք երաժիշտը տեղադրել է նաև հանգանակության հղումը, որի միջոցով կարելի է գումար փոխանցել Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին: