«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ՇԱՏ ՎԵՐԱՑԱԿԱՆ ԵՆ». ԱՂԱՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանի լարվածության հենց առաջին իսկ վայրկյանից դերասան Աղասի Մանուկյանն ու Բեն Ավետիսյանն վերջինիս ընկերոջ՝ Գարիկ Սաֆարյանի հետ ձեռնամուխ էին եղել արցախցիների համար հավաքագրելու առաջին անհրաժեշտության պարագաներ՝ դեղորայք, հագուստ, սնունդ եւ այլ անհրաժեշտ այլ իրեր:

 

ArmLur.am-ը Աղաս Մանուկյանի հետ զրուցել է նախաձեռնության, հավաքագրման եւ մարտական տրամադրվածության մասին: «Առաջնագիծ մեկնելու համար դեռեւս կամավորագրվել էի հուլիսից՝ Տավուշյան դեպքերի ժամանակ: Երկու օր առաջ գնացի Դավիթաշենի զինկոմիսարիատ, որպեսզի մեկնեմ առաջնագիծ, սակայն ինձ պատասխանեցին, որ առաջնագիծ տանում են նոր զորացրված եւ զինավարժություններ անցած մարդկանց, այս պահին մեր կարիքը չկա, իսկ հարկ եղած ժամանակ մեզ կզանգահարեն: Եվ քանի որ այս պահին սահման մեկնել չկարողացա, որոշեցի իմ ընիկերների հետ միասին նախաձեռնել հավաքագրում՝ առաջին անհրաժեշտության պարագաների տեսքով: Մեզ անհրաժեշտ էր հավաքագրված պարագաները հասցնել Ստեփանակերտ»,- պատմում է Աղասը: Մեր զրուցակցի խոսքով՝ նրանց հաջողվել է երեկ գիշեր բոլոր հավաքագրած օգնությունը հասցնել Ստեփանակերտ, ինչպես նաեւ շփվել վիրավոր զինծառայողների հետ: «Անկեղծ, սկզբից մտածում էինք, որ Գորիսից չեն թողնի անցնենք, բայց, բարեբախտաբար, թողեցին մեզ: Գնացինք Ստեփանակերտի հոսպիտալ, մեր կողմից հավաքագրված բոլոր պարագաները հանձնեցինք մեր բժիշկներին, ապա փորձեցինք մոտենալ եւ հանդիպել մեր վիրավոր զինվորներին: Փառք Աստծու, բոլորը լավ էին, մարտական ոգով, առանց ընկճվելու, այնքան պինդ, որ չէին համբերում, թե երբ պետք է ապաքինվեն ու էլի գնան առաջնագիծ: Այնուհետեւ մեզ ասացին, որ մեր ներկայությունն այնտեղ կարող է վտանգավոր բնույթ կրել, եւ ավելի լավ է, որ մենք Ստեփանակերտից դուրս գանք, քանի որ Ստեփանակերտում մարդիկ բնակելի շենքերից տահանված են, եւ բոլորը գտնվում են ապաստարաններում, թաքստոցներում»,-ասում է դերասանը:

Ըստ Աղասի Մանուկյանի՝ Ադրբեջանը դեռ այսքան լայնածավալ ռազմական գործողությունների չէր դիմել, անգամ Ապրիլյան պատերազմի կամ Տավուշյան դեպքերի ժամանակ. «Երբ Ստեփանակերտից վերադառնում էինք Գորիս, երեւի թե ճանապարհին ավելի քան հարյուր ավտոբուսներ Արցախ էին տեղափոխում կամավորականների, եւ նայելով այդ ամենը՝ հասկանում ենք ողջ պահի լրջությունն ու պատասխանատվությունը: Հիմա մենք մտածում ենք, Աստված ոչ անի՝ մեր կարիքը լինի, բայց եթե լինի էլ, մենք դրա համար ենք եկել, եւ եթե կարիքը լինի, մենք բոլորս ենք գնալու, քանի որ դրված է հայրենիքի պաշտպանության հարցը»: Անդրադառնալով միջազգային արձագանքներին՝ Աղաս Մանուկյանը հավելում է, որ դրանք կա՛մ շատ վերացական են, կա՛մ շատ թույլ: «Տպավորություն է, թե արձագանքում են միայն արձագանքելու համար: Տեղեկություններ եղան Ռուսաստանի Դաշնությունից՝ 20 հազար կամավոր է ուզում հայրենիք վերադառնալ, բայց այնտեղից չեն թողնում, դրան ինչպե՞ս կարող եմ լավ վերաբերվել: Երբ պատերազմական իրավիճակում գտնվող երկրի ժողովուրդն ուզում է հասնել իր հայրենիքի սահմանների պահպանմանը, ինչ-որ վիրուսի հետ կապված՝ թույլ չեն տալիս, դա արդեն աբսուրդ է».-մեզ հետ զրույցում եզրափակում է դերասանը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԱՅԼ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ

Ինչպես արդեն հայտնել էինք, Արցախին եւ Պաշտպանության բանակին աջակցելու նպատակով շոու բիզնեսի ներկայացուցիչները քաղաքացիների հետ հավաքում եւ համակարգում են Հայաստանի տարբեր անկյուններից եկող չոր սնունդը, դեղորայքն ու առաջին անհրաժեշտության ապրանքները: Ակցիան սկսել են Գարիկ Պապոյանն ու Ռաֆայել Երանոսյանը, որոնց անմիջապես միացել են Արամ MP3-ն, Գրիգոր Դանիելյանը, Գրիգ Գեւորգյանը, Սոնա Ռուբենյանը, Լուիզա Ներսիսյանը, Բոննին, Զիրոյանն ու էլի շատ հայտնիներ: Վերջիններս նախաձեռնության շրջանակներում արդեն հավաքագրել են անհրաժեշտ քանակի դեղորայք եւ ծխախոտ: Իսկ այսօր էլ հավաքում են միայն  տաք հագուստներ, վերմակներ, քնապարկեր եւ չոր սնունդ Մատենադարանի հարեւանությամբ գտնվող Կամերային թատրոնի մոտ:

Երեկ նաեւ նախաձեռնության անդամները  հայտարարություն էին տարածել այն մասին, որ իրենց անունից զանգահարում են քաղաքացիների եւ գումար են հավաքում:

«Մենք ուրիշ նախաձեռնությունների հետ որեւէ կապ չունենք, խնդրում ենք, ապատեղեկատվություն թող չտարածեն: Ես իմ էջում ինչ տեղադրում եմ, միայն դա է, ինչպես նաեւ տեղադրել եմ դրամահավաքի հետ կապված հրապարակում, մնացած ուրիշ ոչ մի բանի մասին ինֆորմացիա եւ կապ չունեմ»,- այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց երգիչ Արամ MP3-ին:

Ի դեպ, նշենք, որ  նախաձեռնությունը համաձայնեցված է Պաշտպանության նախարարության հետ, իսկ ապրանքների տեսակավորման հարցում նրանց օգնել են տասնյակ քաղաքացիներ. ամենն ուղարկվել է Պաշտպանության  բանակի պահեստներ:

 

 

ՈՐՊԵՍ ԿԱՄԱՎՈՐ ՄԵԿՆԵԼ Է

Ռադիոհաղորդավար Գոռ Գրիգորյանը` Եգոր Գլումովը, որպես կամավոր սահման է մեկնելու: Այս մասին հայտնել է ռադիոհաղորդավար Հակոբ Պապիկյանը` դիջեյ Ժակը: «Մեր ավագ ընկեր, գործընկեր, ախպեր Գոռ Գրիգորյանը՝ որպես կամավորական, մեկնեց Արցախ: Ապրիլյանին էլ այնտեղ էր։ Բոլորս էլ, ըստ մեր ունակությունների ու բանակի անհրաժեշտության, պիտի կռվենք հանուն հայրենիքի: Ընդհանրապես, Գոռի ՕԳԳ-ն Հայաստանի ու ամբողջ մարդկության համար անասելի բարձր է»,-գրել է նա:

ArmLur.am-ի հետ զրույցում ռադիոհաղորդավար Եգոր Գլումովը հայտնեց, որ իր նման հարյուր հազարավոր մարդիկ են այսօր կամավորագրում եւ ցանկություն ունեն լինեն սահմանին: Հիշեցնենք, որ Գոռը դեռեւս Ապրիլյան պատերազմի ժամանակ կամավորագրվել էր եւ ռազմաճակատ մեկնել: Նա 90-ականներին ծառայել է սահմանապահ զորքերում, նաեւ Պաշտպանության նախարարությունում: Գոռի հայրը նույնպես ժամանակին մասնակցել է Արցախյան պատերազմին:

 

 

ՀՈՐԴՈՐԵԼ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ

Հայտնի հեռուստաստղ Քիմ Քարդաշյանն իր միլիոնավոր հետեւորդներին տեղեկացրել է՝ Արցախում հայերը հարձակման են ենթարկվել Ադրբեջանի կողմից, դրանք բախումներ չեն, ու հորդորել է կոչ անել Բաքվին դադարեցնելու ուժի կիրառումը, զգուշացնել Թուրքիային դադարեցնելու զենք եւ մարտիկներ մատակարարելը: «Կո՛չ արեք Բաքվին դադարեցնել ուժի կիրառումը, դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին, որն օգտագործվում է հայերի դեմ, եւ զգուշացրե՛ք Թուրքիային դադարեցնել զենք եւ մարտիկներ ուղարկել Բաքու»,-գրել է Քարդաշյանը: Նա շեշտել է՝ պետք են միջազգային դիտորդներ, որ ուսումնասիրեն եւ միջազգային քաղաքական եւ դիվանագիտական միջոցառումների կոչ անեն` կանխելու անհարկի սրացումն ու ողբերգությունը: Քարդաշյանը հղում է տեղադրել եւ խնդրել, որ դրանով Ադրբեջանի հարձակումը կանխելու համար Սպիտակ տանը եւ Կոնգրեսին կոչ անեն: «Արցախում հայերը հարձակման են ենթարկվել: Մենք աղոթում ենք խիզախ տղամարդկանց եւ կանանց համար, ովքեր վտանգում են իրենց կյանքը՝ պաշտպանելու Արցախը եւ Հայաստանը»,-շեշտել է Քարդաշյանը:

 

 

ԱՌԱՆՑ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Ֆուտբոլի Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներն ամբողջական կազմով մեկնել են սերբական «Ցրվենա Զվեզդայի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի հանդիպմանը: Դավիդ Կամպանյայի գլխավորած թիմն արդեն ժամանել է մրցավայր: «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները Կիպրոսի մուտքի վիզա ստանալու հարցում որեւէ դժվարություն չեն ունեցել: Վնասվածքի պատճառով թիմի հետ չի մեկնել Ալեքսանդր Դամչեւսկին, բացակայում է նաեւ էստոնացի կիսապաշտպան Իլյա Անտոնովը: Սեպտեմբերի 29-ին հայտնի էր դարձել, որ հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի պատճառով ՈւԵՖԱ-ն որոշել էր փոխել հանդիպման անցկացման վայրը: Ավանի ֆուտբոլի ակադեմիայի փոխարեն խաղը հոկտեմբերի 1-ին կանցկացվի Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտվել էր Կիպրոսի «Օմոնիային» եւ պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում: Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում հայկական ակումբը լրացուցիչ ժամանակում 4:3 հաշվով հաղթել էր Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլային», իսկ նախորդ փուլում դարձյալ լրացուցիչ ժամանակում ուժեղ էր գտնվել Սլովենիայի չեմպիոն «Ցելյեից»՝ 1:0: «Ցրվենա Զվեզդան» նույնպես մեկնարկել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից՝ 5:0 հաշվով տնային հաղթանակ տանելով Ջիբրալթարը ներկայացնող «Եվրոպայի» նկատմամբ: Երկրորդ փուլում Սերբիայի չեմպիոնը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով ուժեղ էր գտնվել ալբանական «Տիրանայից», իսկ երրորդ փուլում հետխաղյա 11 մետրանոցներով պարտվել էր Կիպրոսի «Օմոնիային» եւ պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում:

 

 

ԾԱՆՐ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ

«Վերջին ուսուցիչը» սերիալից հայտնի դերասան Վահագն Սամվելյանը Արցախում ծանր վիրավորում է ստացել եւ այժմ գտնվում է արհեստական կոմայի մեջ: Վիրահատությունը լավ է անցել, կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում: Վահագը արհեստական կոմայի մեջ է, ժամանակի ընթացքում դուրս կգա էդ վիճակից ու ամեն ինչ լավ կլինի: Վահագի կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում:

 




Լրահոս