ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի երկրորդ պատերազմը. կորոնավիրուսի թվերն աճում են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախում սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի հենց առաջին օրվանից հանրությունը, կարծես թե, մոռացավ Հայաստանն ու աշխարհը փոթորկած կորոնավիրուսի մասին, մինչդեռ վարակը շարունակում է իրական վտանգ ներկայացնել հանրության եւ, առավել եւս, բժշկական ոլորտի համար: Ու ոչ մի վայրկյան չպետք է մոռանանք մեզ նետված այդ մարտահրավերի, աներեւույթ թշնամու եւ պատերազմի այդ առաջնագծի մասին:

Հայտնի է, որ թշնամու անմարդկային գործողությունների հետեւանքով ունենք շատ վիրավորներ: Վերջին օրերին Հայաստանի եւ Արցախի բժիշկների թիվ մեկ պարտականությունն ու խնդիրը, կարծես թե, դարձավ հենց վիրավոր զինծառայողներին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելը: Իսկ ՀՀ քաղաքացիները պետք է, լավ գիտակցելով իրավիճակը, ոչ թե մոռանան վարակի մասին, այլ ամեն ինչ անեն, որպեսզի բժշկական համակարգը չծանրաբեռնվի: Ինչո՞ւ ենք մոռացել կորոնավիրուսի դեմ պայքարելու տարրական կանոնների մասին եւ անգամ դիմակ չենք կրում: Այս օրերին փողոցներում, հասարակական վայրերում, անգամ հանրային տրանսպորտում եւ դպրոցներում մարդկանց մեծամասնությունը դիմակ չի կրում, այնինչ դա ամենատարրական ու միաժամանակ ամենաարդյունավետ միջոցն է կորոնավիրուսի արհավիրքի դեմ պայքարելու համար:

Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով նոր վարակակիրների թվերը շարունակ աճում են. հոկտեմբերի 1-ին Հայաստանում հաստատվել էր կորոնավիրուսի 491 դեպք, հոկտեմբերի 2-ին՝ 532 դեպք, հոկտեմբերի 3-ին՝ 543 դեպք, հոկտեմբերի 4-ին՝ 571 դեպք, իսկ այսօր էլ՝ 406 դեպք: Այս թվերը պետք է ազդակ լինեն հանրության համար, որպեսզի պահպանեն տարրական կանոնները եւ գոնե փակ վայրերում բացառապես դիմակով լինեն:

Ավելի մանրամասն՝ «ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս