ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել Իսակով-Արշակունյաց պողոտաների հատվածում գույքերի եւ հողատարածքների նախնական ուսումնասիրման աշխատանքներ իրականացնելու առաջարկությունը: Նշենք, որ Երեւանի գլխավոր հատակագծի համաձայն նախատեսվում է կառուցել Իսակով-Արշալունյաց պողոտաների ճանապարհահատվածը, որը միացնելու է Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային. Մոնթե Մելքոնյանի փողոցը շարունակվելու է եւ դուրս է գալու Կոմիտասի այգու մոտ։
Ըստ նախարարության՝ առկա ճանապարհային ցանցը եւ մեքենաների քանակը նվազեցնում են Երեւանում տրանսպորտային միջոցների երթեւեկության անվտանգության մակարդակը: Բացի այս, ներկայումս մեծ են խցանումների քանակը եւ տեւողությունը, իսկ խցանումները հանգեցնում են շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի վատթարացմանը: Մյուս կողմից Երեւանի գլխավոր հատակագծով նախատեսված այս ճանապարհահատվածի կառուցման արդյունքում զգալի կբեռնաթափվի քաղաքի կենտրոնը՝ էապես կրճատելով երթեւեկության տեւողությունը, կնվազեն նաեւ խցանումները:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ գույքի եւ հողատարածքների ձեռքբերողը Հայաստանն է, իսկ օտարման գործառույթներ համակարգողը եւ պատասխանատու լիազոր մարմինը՝ Երեւանի քաղաքապետը:
Ս.Հ.