Եվրոպական Միությունը պետք է ճանաչի Արցախի անկախությունը. Եվրախորհրդարանի անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետք է դադարեցնել Բաքվի ագրեսիան: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Եվրախորհրդարանի անդամ Յարոմիր Շտետինան՝ անդրադառնալով Արցախում սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմին:

«Այն, ինչ կատարվում է այժմ Արցախում, այն համարվում է բռնապետ Ալիևի քաղաքականությունը փոքրիկ Արցախի հանդեպ: Որպեսզի այս ամենը կանգ առնի, պետք է միջազգային հանրությունը ճանաչի Արցախին որպես անկախ պետություն: Երբ խոսում եմ միջազգային հանրության մասին, առաջին հերթին նկատի ունեմ Եվրոպական Միությանը: Ինչպես գիտեք, Եվրոպական Միությունը դեռ չի ճանաչել Արցախը եւ հիմա այն, ինչ կատարվում է, նաև դրա  հետևանքն է: Եվ պետք է այդ հարցը բարձրաձայնել դիվանագիտական ճանապարհներով, ուժեր ներդնել, որպեսզի ԵՄ-ն ճանաչի Արցախը որպես անկախ պետություն», – նկատեց Եվրախորհրդարանի անդամը:

Շտետինայի խոսքով, ճանաչման գործընթացը պետք է սկսվի հենց Հայաստանից եւ չնայած դեռ այն չի եղել, սակայն Եվրախորհրդարանի անդամը նկատեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն այդ մասին խոսում է: «Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը փոխվում է եւ կարծում եմ, որ ժամանակն է, որ Հայաստանը ճանաչի Արցախը: Եվ կարծում եմ՝ ճիշտ է, որ հենց Հայաստանն առաջինը ճանաչի Արցախի անկախությունը», – հավելեց նա:

Եվրախորհրդարանի անդամը ընդգծում է՝ ոչ թե պետք է ճնշումներ գործադրվեն Եվրոպական Միության վրա, այլ պետք է հավաքվեն հեղինակություն ունեցող տարբեր մարդիկ եւ այդկերպ փորձեն ազդել միջազգային հանրության վրա: «Պետք է բացահայտ դա պահանջել Եվրոպական Միության կողմից, որպեսզի նրանք ճանաչեն Արցախի անկախությունը: Այստեղ կարևոր է մտավորականների, լրագրողների, գրողների դերը: Եվ այստեղ ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ ժողովրդավար հասարակության դերն է: Ժողովրդավար անձինք, ինստիտուտները պետք է դրան նպաստեն, քանի որ՝ եթե դա չարվի, նրանք կկրեն Արցախում տեղի ունենալիք երևույթների պատասխանատվությունը: Եվ ցանկացած պարագայում հայերը հիմա նոր սպառնալիքի վտանգի առջև են», – հավելեց նա:

Նաիրա Հովհաննիսյան

 




Լրահոս