Չեմ կարծում, որ տեւական խաղաղություն կարելի է կառուցել այս ճանապարհով. Եվրախորհրդարանի պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մարտական ակտիվ գործողությունները ղարաբաղյան ճակատի ամբողջ գծով դադարեցվել են:  Պաշտպանության բանակից հայտնել էին, որ ժամը 06:00-ից սկսած պահպանվում է հարաբերական անդորր: Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը շարունակում է տեղակայվել Արցախում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9 ին Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև հայտարարություն է ստորագրվել, որով հայտարարվել է հրադադար եւ ռազմական բոլոր գործողությունների դադարեցում 2020 թվականի նոյեմբերի 10-ից։

Ըստ հայտարարության, Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց կողմից զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղում՝ շփման գծում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջացքների երկայնքով տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժեր։

Արցախում 44 օր տեւած պատերազմի, Ադրբեջանի ձգտումների պատճառների եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Եվրախորհրդարանի պատգամավոր, ազգությամբ լեհ Կոսմա Զլոտովսկիի հետ:

-Պարո՛ն Զլոտովսկի, Ձեր կարծիքով, ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում պատերազմը հենց այս շրջանում սկսվեց:

-Միգուցե, ադրբեջանցիները մտածում էին՝ նրանք շատ հարուստ եւ բավական ուժեղ են՝ լուծելու համար իրենց դարավոր հակամարտությունը:  Սակայն ոչ ադրբեջանցիները, ոչ էլ հայերը չեն ընդունում այլ ազգի ներկայությունն այդ տարածքում: Փաստերն ինքնին խոսուն են եւ վկայում են, որ հայերն այնտեղ ապրել են ավելի քան 17 դար, բայց տարածքը պաշտոնապես պատկանում է Ադրբեջանին: Եվ ինչու է այդ տարածքը Ադրբեջանի կազմում: Պատասխանը, որը դուք պետք է որոնեք 1813 թ.-ին այն բանից հետո, երբ Ռուսաստանը Ադրբեջանը միացրեց Լեռնային Ղարաբաղին, բայց առանց մնացած Հայաստանի: 1828 թվականից հետո, երբ Հայաստանը միացավ Ռուսական կայսրությանը, սահմանները չփոխվեցին: Դա այն պատճառով է, որ Ռուսաստանը ցանկանում էր ունենալ սառեցված հակամարտություն, որը կարող էր ապասառեցվել ամեն անգամ, երբ Ռուսաստանն օգտակար էր համարում:

-Իսկ ի՞նչ դեր ունեցավ Թուրքիան այստեղ, իսկ վարձկանները: Որքա՞ն ազդեցություն ունեցավ Սիրիայից վարձկանների տեղափոխումը Կովկաս:

-Թուրքիան սատարում է ազերիներին, եւ դա ամենեւին էլ տարօրինակ բան չէ: Նրանք իրենց զգում են որպես մեկ ազգ:  Ամենեւին զարմանալի չէր նաեւ Սիրիայից վարձկանների տեղափոխումը: Թուրքիան դրանով կարող է իսլամական ամբողջ աշխարհին ցույց տալ, որ իրենք իսլամի պաշտպաններ են: Բայց մյուս կողմից, հայերը կարող էին ասել, որ իրենց վրա հարձակվում էին ոչ միայն հարեւան պետությունները, այլ հիմնականում իսլամական ռազմիկները: Իմ կարծիքով, Սիրիայից եկած վարձկանները ռազմական նշանակություն չունեն, բայց նրանց ներգրավվածությունը կարող է օգտագործվել երկու կողմերի քարոզչության մեջ: Այնուամենայնիվ, սխալ է վերլուծել այս հակամարտությունը բացառապես կրոնի պրիզմայով:

-Իսկ Դուք ինչպե՞ս էիք տեսնում այս հակամարտության լուծումը:

-Նախկինում ես նշել եմ երկու փաստ. հայերը ապրում են Լեռնային Ղարաբաղում առնվազն 3-րդ դարից մինչ այժմ: Սահմանները արհեստական ​​են, բայց կանգնած են ռուսների կողմից` նրանց շահերից ելնելով, ոչ թե տարածաշրջանի ազգերի: Այսպիսով, հակամարտության միակ լուծումը կարող էր անցկացվել երկու ժողովուրդների կողմից առանց ուրիշների՝ հատկապես ռուսների միջամտության: Ցավոք, երեկ հայտարարված զինադադարը ցույց է տալիս, որ Ռուսաստանը դեռ ղեկավարում է հակամարտությունը: Չեմ կարծում, որ տեւական խաղաղություն կարելի է կառուցել այս ճանապարհով:

-Այսինքն, ԵՄ-ն եւ Մինսկի խումբը դերակատարում չունեի՞ն:

-Ակնհայտ է, որ ոչ Մինսկի խումբը, ոչ Եվրամիությունը չէին կարող լուծել այս հակամարտությունը: Այն կարող էր լուծվել միայն երկու կողմերի կողմից եւ նրանց միջև:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս