ՖՈՏՈ. Եղբայրս առաջնագծում կռվում է. Սոնա Շահգելդյանը՝ պատերազմի եւ աջակցություն տրամադրելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված ռազմական գործողությունների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ, ով այս օրերին իրականացնում է մի շարք մարդասիրական նախաձեռնություններ:

֊Սոնա՛,  Դուք այն հայտնի մարդկանց շարքին եք պատկանում, ովքեր միշտ կանգնած են մեր ժողովրդի կողքին, թե՛ ֆիզիկապես եւ թե՛ հոգեպես։ Արցախյան պատերազմի այս օրերին ի՞նչ նախաձեռնություններով եք հանդես եկել:

-Չեմ ուզում ինձ գովել, բայց միշտ կանգնած եմ իմ ժողովրդի կողքին, ինչով որ կարող եմ: Այս օրերին երեխայիս թողել եմ մայրիկիս խնամքին, որպեսզի կարողանամ օգնել իմ ժողովրդին:  Պատերազմի առաջին օրվանից սկսած, գրեթե տուն չեմ գնում, լծված եմ մարդկանց աջակցելու եւ օգնելու գործով: Շնորհակալություն եմ ուզում հայտնել այն մարդկանց ովքեր աջակցում են մեզ, ովքեր այդ ամեն ինչն անում են հոգով եւ սրտով, առանց ձեւականությունների: Մեր հայրենակիցներին օգնել եմ թե՛ գումարի, թե՛ սնունդի տեսքով, իհարկե եղել են նաեւ բարերարներ, ովքեր նույնպես աջակցել են մեզ: Անկեղծ ես շատ խորը մարդ եմ եւ շատ մեծ ցավ եմ ապրում՝ տեսնելով այս ամենը: Կարող է ամիսներով ուշքի չգամ: Կարեւորն այն է, որ ես ինձ շատ սիրված եւ գնահատված եմ զգում: Ամբողջ Հայաստանի մարզերով մարդասիրական նախաձեռնություններով ենք հանդես եկել իմ ընկերների հետ: Ամեն կերպ փորձում ենք ինչ-որ բանով աջակցել նրանց : Ճիշտ է, հիմա ապրում ենք շատ դժվարին օրեր, առանց աշխատանք, բայց մեկ է, երբ մարդ ցանկություն ունի բարի գործ կատարելու, իրեն ոչինչ չի կարող խանգարել: Ինչպես նաեւ սփյուռքի եւ Հայաստանի երգիչ երգչուհիներով Արա Գեւորգյանի գլխավորությամբ ներկայացրինք մի չքնաղ երգ իր տեսահոլովակով, որը նվիրված է մեր քաջ զինվորներին: Հույս ունեմ, որ այս արհավիրքը շուտով կավարտվի: Այլեւս չեմ կարող նայել, թե ինչպես են մեր անմեղ տղաները զոհվում, դա սարսափելի կորուստ է մեզ համար, ամբողջ հայ ազգի համար:

֊Արդյո՞ք համագործակցում եք Պաշտպանության նախարարության հետ։

-Համագործակցում եմ անհատական մարդկանց հետ, անում եմ ինքս ինձ համար, իմ խղճի համար: Հարգում եմ մեր Պաշտպանության նախարարությանը, շատ սիրում եմ եւ այնպես չէ, որ առաջին անգամ եմ նման գործերով հանդես գալիս: Ես մշտապես աջակցում եմ մեր հայրենակիցներին՝  լավ թե վատ օրերին:

֊Իսկ որքանո՞վ եք վստահ, որ ձեր օգնությունը հասնում է իր նպատակին։

-Իմ օգնությունը հաստատ հասնում է իր նպատակին, քանի որ ես անձամբ եմ դա տեղ հասցնում: Իհարկե, շատ եմ լսել, որ օգնությունը չի հասնում: Խորհուրդ եմ տալիս նման բաներ չանել: Մենք բոլորս հայ ենք, բոլորս մի արյուն ենք: Այսօր մեր ազգը մի բռունցք է դարձել, հալալ է մեզ, որ կարող ենք օրհասական օրերին այսպես միավորվել: Կարեւորն այն է, որ մարդ իր խղճի առաջ մաքուր լինի: Հանգիստ խղճով գլուխը դնի բարձին, քնի: Ինձ համար ամենակարեւորը խաղաղությունն է:

֊Սոնա՛, հայ ազգն այն քիչ ազգերից է, ովքեր դժվարին օրերին դառնում են մի բռունցք անկախ քաղաքական կարգավիճակից։ Դուք ի՞նչ տպավորություն ունեք։

-Քաղաքականության մեջ չեմ ուզում մտնել, ես միշտ էլ եղել եմ իմ ժողովրդի հետ, եղել եմ իմ ժողովրդի մի մասնիկը: Ես երգում եմ ինձ սիրող եւ հարգող ժողովրդի համար: Միայն խոսելով չէ՝ կկռվե՛մ, կկանգնե՛մ …, այդ ամեն ինչը պետք է մարդու ներսից լինի: Բոլորն էլ կարող են խոսել: Փողով կարող են շատ բան գնել, բայց այսօր փողով չենք կարող գնել ո՛չ հավատքը, ո՛չ սերը , ո՛չ երջանկությունը, ո՛չ խաղաղությունը: Դեռ Քառօրյա պատերազմից ականատես եմ եղել շատ դեպքերի, ունեցել եմ շատ ընկերներ, ովքեր կռվել են, կռվում են, եղել են կորուստներ, եւ մինչ օրս էլ ապրում եմ այդ ցավը: Հիմա իմ եղբայրները սահմանում կռվում են, բոլորն էլ կարգին, դուխով տղաներ են:

֊Հետեւո՞ւմ եք միջազգային կառույցների, գերտերությունների արձագանքին: Գո՞հ եք արդյոք։

-Պետք է աշխարհը չլռի, պետք է բոլորը ոտքի կանգնեն այս թուրքական տեռորիզմին վերջ դնելու համար: Հավատում եմ, որ մեր միասնականության շնորհիվ մենք կհաղթենք: Մենք բոլորս հայ ենք, Արցախը դա Հայաստանն է, մենք միասնական ենք եւ հզոր ենք մեր սփյուռքով եւ տղաներով:

֊Ադրբեջանը, խախտելով հոկտեմբերի 9-ի հրադադարի պայմանավորվածությունը, կրկին հրթիռակոծում է Արցախը…։

-Ադրբեջանը միշտ էլ անազնիվ է եղել: Մի ազգ, որ կարող է եկեղեցին ռմբակոծել, էլ ինչ ասես: Ուզում են ցեղասպանություն անել, բայց իրենց դա չի հաջողվելու: Մենք պետք է հակառակորդի ցանկացած հարվածի համարժեք պատասխան տանք:

֊Ի՞նչ ելքեր եւ քայլեր եք տեսնում պատերազմը վերջ դնելու համար։

-Միայն Աստված եմ կանչում եւ աղոթում եմ:

֊Հաղթելու ենք, քանի որ...

-Հաղթելու ենք, քանի որ մենք հզոր եւ ուժեղ ազգ ենք:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս